Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի հայացքով, «hայրենի խորհրդարանականները վերջապես «թասիբի ընկան» եւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում անցան խոսքից գործի... Եթե մինչ այս հաշտարարի տեսք ընդունելով նրանք նստում ու լռում էին, ունկնդրելով եվրոպական այդ հեղինակավոր բեմից Հայաստանի եւ Արցախի հասցեին հնչող անվերջ հերյուրանքները, ապա այժմ անցան ակտիվ հակահարձակման եւ մի շարք հարցերում ակնհայտորեն նեղեցին ադրբեջանցի իրենց գործընկերներին: Այս առումով մեկնաբանը խթանում է. «Նրանք չպետք է բավարարվեին մամուլից ամենքիս հայտնի Ադրբեջան - բեն Լադեն կապերի վերաբերյալ ԱՄՆ հատուկ ծառայությունների բացահայտումները վկայակոչելով: Անհրաժեշտ էր ուսումնասիրել եւ ԵԽ ԽՎ բարձր ամբիոնից եվրոպական հանրությանը մատուցել 1993-94 թթ. ձմեռային դաժան կամպանիայի ժամանակ Հեյդար Ալիեւի անմիջական նախաձեռնությամբ ղարաբաղյան ճակատում հայտնված մոտ 2 հազար աֆղան մոջահեդների գազանությունների ողջ պատմությունը»:

Տեղին կլիներ նաեւ հետեւողականորեն ներկայացնել Հայաստանին, Ղարաբաղին առնչվող Թուրքիայի այն քայլերը, որոնք «հակասում են եվրոպական համայնքի որդեգրած սկզբունքներին ու գործելակերպին»: Մինչ «Հայոց Աշխարհ»-ում հույս է հայտվում, թե «Հայաստանի պատվիրակության նկատելի ակտիվացումը... համակարգված ու ծրագրավորված քայլերի մի ամբողջ շղթայի առաջին օղակն է», «Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ՝ «Հայաստանի պատվիրակությունը հետեւողականորեն շարունակում է բոլոր հնարավոր ճանապարհներով փչացնել Հայաստանի հարաբերությունները այս կամ այն երկրի հետ»: Հիմա, մասնավորապես, «պատվիրակությունը հրաժարվել է սատարել Վրաստանին՝ ԵԽ առաջ վերջինիս ստանձնած պարտավորությունների կատարումը հաստատելու հարցում՝ պատճառաբանելով, որ Վրաստանում չի կիրառվում այնտեղ ապրող հայերի ինքնորոշման իրավունքը: Սա նշանակում է, որ հայ-վրացական հարաբերություններն այլեւս բարիդրացիական համարել չի կարելի՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ հետեւանքներն այս դեպքում անկանխատեսելի կարող են լինել», - նշում է «Հայկական ժամանակ»-ը:

«Իշխանությունները վտանգավոր խաղ են սկսել», - «Առավոտ»-ի թղթակցին ասել է Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը՝ վերջերս Դիլիջանում բնակչության հետ իրենց հանդիպման շուրջ տպավորություններից ընդհանրացնելով. - «Ոստիկանական միջամտությունը եւ մարդկանց ահաբեկելը մեզ համար ակնհայտ է։ Հանդիպումից հետո մեզ «ուղեկցում» էին արդեն բացահայտ։ Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ մի ահավոր վախ է մտել այս իշխանությունների մեջ, արդեն իրենց շվաքից են վախենում եւ, իհարկե, փորձ են անում ահաբեկել բնակչությանը, արգելել քաղաքական ուժերի հետ հանդիպումները»։ Այսպես «դիմադրությունը շատ ավելի է մեծանալու», - զգուշացնում է Դեմկուսի նախագահը, - «սա բերելու է նրան, ինչից ուզում են մեզ բոլորիս զերծ պահել՝ ապակայունացման, առճակատման։ Իսկ եթե այդպես է, ապա պետք է մտածել, որ դա էլ հենց իրենց նպատակն է. ապակայունացնել եւ փորձել բոլոր ընդդիմախոսների հետ իրենց հաշիվները մաքրել»։

«Արամ Սարգսյանը խոսում է այսօրվա իշխանությունների մասին այնպես, կարծես ինքը ժամանակին այդ նույն իշխանությունների հետ չի աշխատել, չի պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը եւ չի եղել նրա խորհրդականը»։ Թղթակցի այս տարակուսանքին ի պատասխան, Արամ Սարգսյանը ասում է, որ իրենք Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանեցին, քանզի գտնում էին, որ ղարաբաղյան հարցը նրանից լավ ոչ ոք չի կարող լուծել:

Իշխանական ընթացիկ կյանքի մոտիվներով «Առավոտ»-ի խմբագիրը այսօր գրում է. «Կամ կյանքն է լավացել, կամ մարդիկ են վախկոտ դարձել: Համենայնդեպս, եթե առաջներում որեւէ նախարար սեփական հյուրանոց կառուցեր, եւ նախագահն էլ իր չինովնիկի հյուրանոցը գար «օծելու», ժողովրդական ընդվզման ալիք կբարձրանար... Այսօր նման օբյեկտները ոչ մեկի աչքը չեն ծակում: Մարդիկ, երեւի, վստահ են, որ ամեն ինչ օրինական է: Կամ տեսնում են գլխավոր թիկնապահ Գրիշայի, պանծալի չեկիստ Կարլոսի եւ ոստիկանապետ Հայկի շքեղ առանձնատները եւ մտածում՝ ի՞նչ է եղել որ, կարող է այդ մարդիկ աշխատանքից հետո մի տեղ՝ քարի հանքում, քար են կրում, փող են աշխատում եւ իրենց հալալ քրտինքով պալատներ կառուցում: Եվ մարդիկ, ասես իներցիայով, շարունակում են խոսել Վանոյի մասին»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը կասկածում է, որ ներկայիս արմատական ընդդիմությունը կկրկնի «27-ից հետո թույլ տված սխալը: Այսինքն, կմնա Սահմանադրության շրջանակում, օրենքներով ու Սահմանադրությամբ իրենց չպատկանող իշխանական լծակները զոռով չի փորձի սեփականել... Բանն այն է, որ իշխանությունները քանիցս ապացուցել են, որ իրավական լծակներից օգտվել կարողանում են եւ Սահմանադրության վազքուղիներում իրենց բավականաչափ վստահ են զգում», - փաստարկել է մեկնաբանը, ընդգծելով՝ - «Քանի որ «Հանրապետության» լիդերները հանրությանը հանրահավաքային բում են խոստանում, այսօր առավել, քան երբեւէ կարեւոր է, որ իշխանությունն ինքն ընդառաջ չգնա հավանական սադրանքներին... Մանավանդ՝ հայրենի իրավապահների ավանդական ոչ պրոֆեսիոնալ պահվածքի եւ արջի ծառայությունների խորապատկերում, որ, թվում է, հատուկ՝ օրինականության քաջարի պահապաններն իշխանություններին վարկաբեկելու նպատակով են մատուցում»:

Անդրադառնալով «Առագաստ» սրճարանում օրերս կատարվածին, «Իրավունք»-ի խմբագրականը առանձնացրել է. «Դժվար է պատկերացնել, որ նախագահի թիկնազորն ինքնագլուխ այդպիսի արարք գործեր: Չէ՞ որ դա երկրի ամենալուրջ ուժային կառույցն է, որտեղ ընդգրկված են սառնասիրտ եւ մարտարվեստներին կատարելապես տիրապետող պինդ տղերք, ովքեր հրահանգված են, թե որ իրավիճակներում կոնկրետ ինչպես պետք է գործեն: Տրամաբանական է ենթադրել, որ նրանք հրահանգ ունեին նախագահին թթու խոսք ասողին ծեծելով բնաջնջել, եւ եթե դեպքը տեղի չունենար «Առագաստ» սրճարանում, որտեղ քիչ չեն նաեւ արտասահմանցիներ, ում բերանը փակել հնարավոր չէ, իսկ սպանվածը չլիներ դաշնակցական, ապա ամեն ինչ բարեհաջող կձեւակերպվեր որպես դժբախտ պատահար... Քանի որ նախագահի հասցեին ոչ այնքան բերեհունչ է արտահայտվում բնակչության 99 տոկոսը, ապա մի գեղեցիկ օր կարող է այնպես ստացվել, որ նախագահական թիկնազորի տեղական բաժանմունքներ բացվեն յուրաքանչյուր համայնքում», - բազմակետ է դնում «Իրավունք»-ը:

«Հարվածներ են եղել գլխին», - բժշկական տեղեկանքից փոխանցում-փաստում է «Երկիր» թերթը, արդեն միանշանակ օգտագործելով «սպանված» տերմինը: Ներկայացվում է նաեւ, թե ով էր Պողոս Պողոսյանը: «Ֆինանսական միջոցները գրեթե ամբողջությամբ հատկացրել է բարեգործությանը: Արցախյան պատերազմում զոհվածների մոտ 15 ընտանիքի ապրուստ է հոգացել... Ծանր շրջանում Ղարաբաղ է ուղարկել զգալի օգնություն.. Այս տարի որոշել էր վերանորոգել անմխիթար վիճակում գտվնող Ջավախքի դպրոցները, եւ այլն»:

Մինչ նախագահը ընդդիմությանն է մեղադրում չարության մթնոլորտ ձեւավորելու մեջ, այս սպանությունը ցույց է տալիս, թե « ո՞ւմ է իրականում պատկանում երկրում սարսափի եւ թունավոր մթնոլորտի հեղինակային իրավունքը», - ձեւակերպել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Այդ օրը Պապլավոկում ներկա մոտ 200 մտավորական ու քաղաքական էլիտայից եւ ոչ մեկը քաղաքացիական արիություն չունեցավ պատմելու իրողությունը»: Սա արդեն «Իշխանավորների դեմ խաղ չկա» դրույթի բացարձակ հաղթանակն է:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG