Մատչելիության հղումներ

logo-print



Ավարտելով իր եռօրյա այցը Հայաստան, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը այսօր կոչ արեց անհանգիստ Կովկասում էթնիկ հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ հորդորեց հայ ժողովրդին, չնայած դժվարություններին, չկորցնել հավատը ապագայի նկատմամբ:

«Աղոթում եմ Աստծուն, որ Հայաստանի ղեկավարները եւ տարածաշրջանի մյուս ժողովուրդների ղեկավարները ունենան այն իմաստնությունն ու հաստատակամությունը, որ անհրաժեշտ է դեպի խաղաղությունը խիզախորեն առաջ շարժվելու համար, քանզի առանց խաղաղության անհնար է զարգացում եւ բարգավաճում», - «Զվարթնոց» օդանավակայանում իր հրաժեշտի խոսքում ասաց Հռոմի պապը, նաեւ հայ ժողովրդին դիմելով հույսը չկորցնելու կոչով:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտի արարողության ժամանակ ասաց. «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ Հայաստանում Քրիստոնեության 1700-ամյակի եւ Հայաստանի անկախության 10-րդ տարեդարձի տոնակատարությունները Ձեր ներկայությամբ պատվելու համար։ Մենք զգացված ենք մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ ցուցաբերած Ձեր ջերմ զգացմունքներից։ Կարող եք վստահ լինել, որ այդ զգացումները փոխադարձ են»։

Այսօր ավելի վաղ Սուրբ Էջմիածնի բաց խորանին մատուցած հռոմեական ծիսակարգով պատարագի ժամանակ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը ասաց. - «Իմացեք, որ դուք բոլորդ տեղ ունեք իմ սրտում եւ իմ աղոթքներում: Շատ սիրելի եղբայրներ ու քույրեր, երբ տուն վերադառնաք այս սրբավայրից, հիշեցեք, որ Հռոմի Եպիսկոպոսը եկել է մեծարելու հայ ժողովրդի հավատքը, որի մեկ մասնիկ եք՝ ինձ հատուկ կերպով սիրելի: Նա եկել է հռչակելու ձեր հավատարմությունը եւ ձեր քաջությունը եւ գովաբանելու Աստծուն, որը պարգեւեց ձեզ տեսնել ազատության օրը»:

Մի քանի հազար հայ կաթոլիկները ականատեսը եղան Սուրբ Էջմիածնում առաջին անգամ հռոմեական ծիսակարգով մատուցված պատարագի եւ՝ ունկդիրը Հռոմի Եպիսկոպոսի, որը առանձնահատուկ կերպով հիշատակեց երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառին, ում օժանդակությամբ 10 տարի առաջ Հայաստանում վերահաստատվեց Կաթողիկե առաջնորդական թեմը:

Հովհաննես Պողոս Երկրորդը նախ հայերեն ողջունեց եւ օրհնեց բոլորին: Նա իր խոսքում շեշտեց, որ Կաթոլիկ եկեղեցին Հայաստանում մրցակից չէ Հայ Առաքելական եկեղեցուն եւ երկու եկեղեցիների հարաբերությունները դրոշմված են եղբայրական սիրով:

Դիմելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, Հռոմի պապը, որ տարբեր առիթներով հանդես է գալիս եկեղեցիների քրիստոնեական միության քարոզով, ասաց. - «Իմ սիրտն անհամբեր է, թե երբ միասին կմատուցենք աստվածային զոհը, որը մեզ բոլորիս դարձնում է միայն մեկ», - ավելացնելով. - «Ձերդ սրբություն, այս խորանի վրա, որ ձերն է, խնդրում եմ Տիրոջից ներել միության դեմ գործած մեր անցյալ թերությունները եւ առաջնորդել մեզ դեպի այն սերը, որը գերազանցում է որեւէ պատվար»:

Հռոմի պապը այսպիսով ներողություն խնդրեց պատմության ընթացքում Կաթոլիկ եկեղեցու գործած սխալների համար, շեշտելով, որ դարերի ընթացքում Հայ եկեղեցին միշտ բաց է եղել երկխոսության ու համագործակցության համար եւ երբեք քրիստոնեական միասնության դեմ գործունեություն չի ծավալել:

Հավատացյալ բազմությանը դիմեց նաեւ Հայաստանի կաթոլիկների հոգեւոր առաջնորդը՝ Ներսես արքեպիսկոպոս Տեր-Նեսիսյանը, ասելով. - «Ու մենք՝ Հայ Կաթողիկե եկեղեցու խոնարհ որդիներս, մի սուրբ ցանկություն ենք հայտնելու այս պահին՝ ապրել հավետ Հայ Առաքելական եկեղեցու մեր սիրելի եղբայրների հետ... որպես միեւնույն ազգի արժանաժառանգ որդիներ եւ Քրիստոսի սուրբ եկեղեցու հարազատ աշակերտներ»:

Հռոմի պապը այսօր այցելեց նաեւ Խոր Վիրապ: Այստեղ նա մոմ վառեց այն փոսում, ուր 13 տարի տառապել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Այդ կրակը Հովհաննես Պողոս երկրորդը իր հետ տարավ Վատիկան:


Աննա Կարապետյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG