Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքն արդեն օգտագործվել է հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է Հայաստանի նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը, Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի օդային տարածքը հակաահաբեկչական գործողությունների նպատակով օգտագործելու խնդրանք եղել է, եւ Հայաստանը տվել է իր համաձայնությունը: Նախագահի խոսնակը ասաց նաեւ, որ Հայաստանի օդային տարածքն այսօր արդեն օգտագործվել է, չմասնավորեցնելով՝ ինքնաթիռները Հայաստանից են թռել, թե անցել են Հայաստանի օդային տարածքով:

Այսօր ավելի վաղ նշված հարցը, թերեւս, հիմնականն էր խորհրդարանական ճեպազրույցներում: Խորհրդարանի մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, կարեւոր է, թե Հայաստանի օդային տարածքը հատկապես ինչ հակաահաբեկչական գործողության համար է բացվում: «Եթե դա պիտի նոր ահաբեկչություն բերի, եթե խոսքը վերաբերում է խաղաղ բնակչությանը, բնականաբար, ես այն կարծիքին եմ, որ դա անհանդուրժելի երեւույթ է», - ասաց Գալուստ Սահակյանը:

«Ժողովրդական պատգամավոր» խմբի քարտուղար Հրանուշ Հակոբյանի կարծիքով, «պետք է քննարկել եւ տեսնել դրա նպատակահարմարությունը» Հայաստանի շահերի եւ անվտանգության տեսակետից:

«Ագրոարդյունաբերողների ժողովրդական միություն» պատգամավորական խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանի անվտանգությանը դա չի սպառնում: «Հայաստանը դրանով անմիջականորեն չի ներքաշվում, Հայաստանի հնարավորությունները չափազանց համեստ են: Սա ավելի շատ բարոյական, քաղաքական աջակցության ձեւ է եւ ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չի նշանակում», - ասաց նա: - «Քանի որ նման քայլը լիովին տեղավորվում է ահաբեկչության դեմ պայքարին հնարավորինս աջակցելու՝ Հայաստանի ղեկավարության հայտարարությունների շրջանակում, ես ողջունում եմ այդ քայլը»:

«Մեր կուսակցությունը մտավախություն ունի Ամերիկայի գերցանկություններին հագուրդ տալու առումով: Մենք կարծում ենք, որ մահակ թափ տալու այս քաղաքականությունը վտանգավոր է», - ասաց կոմունիստ Գագիկ Թադեւոսյանը, հնչեցնելով, սակայն, նաեւ Կոմկուսի դիրքորոշումը, որ մենք պարտավոր ենք լինել ահաբեկչության դեմ միացյալ պայքարի ճակատում:

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը ճիշտ է համարում օդային ճանապարհ տրամադրելու մասին Հայաստանի որոշումը՝ - «Եթե չտրամադրեր, կնշանակեր, որ մենք նույնպես հետեւում ենք երկակի ստանդարտների»:


Խորհրդարանական ճեպազրույցներում արծարծված հարցերի մյուս խումբը վերաբերում էր «Առագաստ» սրճարանում օրերս տեղի ունեցածին:

Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը Երեւանի «Առագաստ» սրճարանում հայտնաբերվել էր Պողոս Պողոսյանի դիակը: Հայաստանյան մամուլում շրջանառվող վարկածի համաձայն, նրան դաժան ծեծի են ենթարկել Հանրապետության նախագահի թիկնապահները: Նախագահ Քոչարյանը երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ՀՀ Նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին՝ մինչեւ նախաքննության ավարտը կասեցնել անվտանգության ծառայության այն աշխատակիցների ծառայությունը, որոնք գտնվել են «Առագաստ» սրճարանում:

«Շատ ռեալ, կոնկրետ փաստեր կան, որ կատարվածը սպանություն է», - ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը՝ առանց մասնավորեցնելու:

Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով «Առագաստ»-ում տեղի ունեցածին եւ ընդհանրապես հայաստանյան տոնախմբությունների այս օրերի անցուդարձին, ասաց. - «Իշխանական մակարդակով տոնում են քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը, իսկ իշխանամերձ շրջանակները, իրենց ամենօրյա գործողություններով խախտում են տասը պատվիրանները»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG