Մատչելիության հղումներ

Արեւմտյան մամուլը Հռոմի պապի հայաստանյան այցի մասին






Արեւմտյան լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել Հռոմի պապի այցը Հայաստան: Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Վաշինգտոն Պոստ» եւ «Նյու Յորք Թայմզ» թերթերը, բրիտանական «Գարդիան»-ը եւ «Թայմզ»-ը Երեւանից հաղորդագրություններ են զետեղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած Հովհաննես Պողոսի զգացմունքային հարգանքի տուրքի մասին:

Հովհաննես Պողոս Երկրորդը արդեն ստորագրել է մի փաստաթուղթ, որում Թուրքիայում 1.5 միլիոն հայերի ոչնչացումը որակված է որպես ցեղասպանություն: Չորեքշաբթի օրը, սակայն, նա նուրբ դիվանագիտական ու լեզվաբանական քայլի դիմեց. ողբալով 1915 թվականի սպանդը, ինչը հայերն անվանում են թուրքերի կողմից իրականացված ցեղասպանություն, նա խուսափեց Միացյալ Նահանգների առանցքային մահմեդական դաշնակիցներին՝ թուրքերին վիրավորելուց, հաղորդում է «Նյու Յորք Թայմզ»-ը: «Սակայն իր անգլերեն խոսքում նա օգտագործեց ոչ թե ցեղասպանություն բառի անգլերեն համարժեքը, այլ հայերեն ասաց «Մեծ Եղեռն», ինչը հայերեն նշանակում է ցեղասպանություն, այնպես ինչպես եբրայերեն «Շոահ» նշանակում է Հոլոքոսթ, սակայն բառացիորեն թարգմանվում է «Մեծ աղետ»:

Ըստ «Նյու Յորք Թայմզ»-ի, թուրք պաշտոնյաները մասնակիորեն բավարարված էին, քանի որ Պապը չի օգտագործել նաեւ «թուրք» բառը: «Պատմական փաստերի մեծամասնության վկայությամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիան բնաջնջման եւ զանգվածային տեղահանման ընթացքում սպանել է ավելի քան մեկ միլիոն հայերի՝ նպատակ ունենալով վերացնել հայ բնակչությունն այն վայրերից, որոնք այժմ Թուրքիա են կոչվում», - եզրակացնում է թերթը:

Հովհաննես Պողոս Երկրորդը այսօր իր հարգանքի տխուր տուրքը մատուցեց 1.5 միլիոն հայերին, որոնք զոհվել էին 1915-1923 թվականներին թուրքական տիրապետության տակ, Երեւանից հաղորդում է «Վաշինգտոն Պոստ»-ը: Տարածաշրջանի եւ Հայաստանի մասին պատմական տեղեկատվության մեջ թերթը նշում է, որ Հայաստանի տնտեսությունը փլուզվել է Խորհրդային Միության փլուզման հետ միասին: «Հայաստանի քաղաքականությունն անկայուն է, ինչը ցայտուն կերպով երեւաց 1999 թվականի հոկտեմբերին, երբ զինված ահաբեկիչները ներխուժեցին Խորհրդարան եւ սպանեցին վարչապետին եւ եւս վեց մարդու»:

Հայաստանը հակամարտության մեջ է իր մահմեդական հարեւաններից մեկի՝ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ: «Սակայն, առնվազն որոշ չափով դա մոռացվել էր այսօր, երբ աշխարհի ամենահին քրիստոնեական ժողովուրդներից մեկը տոնում է Հռոմի պապի այցը», - գրում է «Վաշինգտոն Պոստ»-ը, նշելով, որ Հովհաննես Պողոս Երկրորդը Հայաստան էր եկել տոնելու քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը:
Բրիտանական «Գարդիան» թերթը նույնպես իր ընթերցողներին բացատրում է միջազգային լրատվական դաշտում նորահայտ «ցեղասապնություն» բառի հայերեն հոմանիշ «Մեծ Եղեռն» արտահայտությունը: «Ավելի քան 75 տարի հայերը օգտագործել են ցեղասպանություն նշանակող «Մեծ Եղեռն» արտահայտությունը: «Ցեղասպանություն» բառը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ արձագանքելով Հոլոքոսթին: Որոշ բառարաններում նշված է, որ «եղեռն» տարիներ ի վեր նշանակել է «ցեղասպանություն»: Թուրքիան կտրականապես հերքում է, թե Օսմանյան կառավարությունը ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Հռոմի պապը խուսափեց «ցեղասպանություն» բառը օգտագործելուց, փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը: «Անկախ բառի մեկնաբանություններից, ակնհայտ է, որ Պապը այցելել է 1915-1923 թվականներին սպանվածների հուշահամալիրը», - գրում է «Գարդիան»-ը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG