Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ինչպես «Ազգ» թերթում է ձեւակերպված, հանդիսավոր այս օրերին էլ «ողբալի մի արարք գալիս է ստվեր գցելու բոլորի տրամադրության» վրա: «Արդարության բախտը բերեց», - հռչակում է «Առավոտ» թերթը, մասնավորեցնելով՝ «Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը սպանված Պողոս Պողոսյանը դաշնակցական էր։ Քոչարյանի հենարան ՀՅԴ-ն, հավանաբար, թույլ չի տա, որ հանցագործությունը կոծկվի (ինչպես դատախազությունը պատրաստվում էր դա անել), Քոչարյանն էլ՝ իր հերթին, չի կարող հաշվի չնստել այդ կուսակցության հետ»։ Միաժամանակ, «Առավոտ»-ում ենթադրություն կա, որ նախագահի երեկվա որոշ քայլերից հետո «Պապլավոկում եղածներն այսօրվանից ակտիվորեն, առանց վախենալու ու, ամենակարեւորը, հրապարակայնորեն կմեկնաբանեն տեղի ունեցածը՝ օրինապահ ու ազնիվ քաղաքացի երեւալու համար»:

«Այդ ամենը չպետք է ուղղել նախագահի դեմ կամ դարձնել նրա դեմ արշավի ու շահարկումների առիթ»,- թղթակցին ասել է այդ օրը հիշյալ սրճարանում եղածներից Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Նա կիսվել է, որ թարմ հետքերով «իր համար պարզ է դարձել, որ կատարվել է սպանություն, եւ իբրեւ մեղավորներ բոլորը մատնանշել են նախագահի թիկնապահներին»:

«Կատարվածը լուրջ քննարկման առարկա պետք է լինի, մեղավորները պետք է պատժվեն: Հակառակ դեպքում ես այս երկրում որեւէ բանի այլեւս չեմ հավատա», - շեշտել է Զավեն Սարգսյանը:

«Սպանությունը, եթե իսկապես կապ ունի հանրապետության նախագահի անվտանգության աշխատակիցների հետ, ուղղակի հարված կարող է հասցնել Հայաստանի հեղինակությանը», - նշում է «Ազգ» թերթը, առայժմ ավելի հարցականի տակ թողնելով, թե ով է մեղավոր:

«Երկիր» թերթի մեկնաբանի ընդգծմամբ, նախագահ Քոչարյանի բացառիկ արձագանքը անուղղակի ապացույց է, որ «Պողոս Պողոսյանին դաժան ծեծի, «մշակման» արդյունքում սպանել են ՀՀ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները»: Մեկնաբանի դիտարկմամբ, «դաժան, դիտավորյալ, պատվիրված եւ այլեւայլ սպանություններով գերհագեցած մեր փոքրիկ հանրապետությունում, մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն դեպքերը, երբ ՀՀ նախագահը սպանությունից հետո խորհրդակցության է հրավիրել իրավապահ մարմինների ղեկավարներին... Ավելին, չի եղել թեկուզ մեկ դեպք, երբ նախագահն այդպիսի խորհրդակցություն հրավիրի դժբախտ պատահարից կամ որեւէ մեկի հանկարծամահությունից հետո»: «Երկիր»-ում արտացոլված է նաեւ, որ իրավապահները նախ, կարծես, կատարվածը կոծկելու ուղին են բռնել, եւ միայն բարձրացած աղմուկի ու վերինների ուղղորդումից հետո են ավելի լուրջ քննություն սկսել:

Այս ամենով հանդերձ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի ղեկավար Ջոն Բալյանը, որը ամերիկյան ահաբեկչությունների օրն ու դրան հաջորդող օրերին Վաշինգտոնում էր, համոզվել է, որ Հայաստանն ամենաապահով երկիրն է ու տուրիզմով զբաղվողների ուշադրությունն է հրավիրել սրան: Միացյալ Նահանգներում տեղի ունեցածը եւ հաջորդող ընթացքը հայաստանյան իրականության մեջ կարծես ավելի արձագանքվում են ներքաղաքական հակամարտության դաշտում:

Այսօր էլ «Հայոց Աշխարհ» թերթն է հեգնանքով անդրադառնում «Հայկական ժամանակ»-ի գնահատականներին, թե Հայաստանի իշխանությունների սահմանափակ արտաքին քաղաքականության պատճառով մեր երկիրը դուրս է մնացել հակաահաբեկչական դաշինքից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Իսկ «Հայկական ժամանակ»-ում հիմա էլ մեկնաբանություն կա, թե «Հայաստանի իշխանությունների գործելակերպը անցել է ցինիզմի բոլոր սահմանները, եւ նրանք կարող են իրենց թույլ տալ Հայաստանի պարտվողականությունը բացահայտ վկայող փաստաթուղթը ներկայացնել որպես հերթական «դիվանագիտական հաղթանակ»»: Խոսքը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի սեպտեմբերի 19-ի որոշման մասին է: «Մենք լիովին բավարարված ենք այս որոշմամբ», - ասել էր արտգործնախարար Օսկանյանը: Մինչդեռ, «Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, դրանով «եւս մեկ անգամ ամրագրված է այն դրույթը, ըստ որի տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայող է ազգերի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ»:

«Հանրապետություն» կուսակցության վաղվա հանրահավաքին ընդառաջ, «Ժամանակ» թերթը առանձնացրել է. «Հանրահավաքի հրավերում «Հանրապետություն» կուսակցությունն ընդգծում է, որ իշխանությունների մեղքով վտանգվում է երկրի զարգացումը: Սակայն, այս տրամաբանությամբ մոտենալու դեպքում անցած ամբողջ տասը տարիներին երկրի զարգացումը այս կամ այն պատճառով վտանգված է եղել, ներառյալ այն ժամանակահատվածը, երբ այդ կուսակցության այսօրվա լիդերները զբաղեցրել են ամենապատասխանատու պաշտոններ»:

Եվ՝ «խիստ տարակուսելի է, որ «Հանրապետություն»-ը կարողանա հանրահավաքում ժողովրդին հրամցնել այնպիսի երաշխիքներ, որոնցով ապացուցի երկրի զարգացումը «վտանգներից զերծ պահելու իր հավակնությունների արդարացիությունը»: «Հանրահավաքի հրավերի մեջ իշխանությունները համարվում են ապօրինի: Խոսքը բնականաբար հանրապետության նախագահին է վերաբերում: Այս կապակցությամբ իրավական բնույթի վեճեր ժամանակին այնքան են հնչել, որ տարիներ հետո դրանց կրկին անդրադառնալը արդեն զավեշտալի է եւ նմանվում է հին «մեռելը» գերեզմանից հանելուն», - համեմատել է «Ժամանակ»-ի մեկնաբանը:

«Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Վաղարշակ Հարությունյանի հավաստմամբ, իշխանությունները հրահանգել են ոչ մի դեպքում իրենց ավտոբուսներ չտրամադրել», - փոխանցում է «Հայկական ժամանակ» թերթը: - Այսինքն՝ «փորձում են այնպես անել, որպեսզի կուսակցությունը հնարավորություն չունենա վաղվա հանրահավաքին մասնակցելու նպատակով մարդկանց մայրաքաղաք տեղափոխել»: Լրատվությունն ամփոփված է «թշնամու ճամբարում խուճապ է սկսվում» պատկերավորմամբ:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG