Մատչելիության հղումներ

Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում աղոթում է Մեծ Եղեռնի զոհերի համար, քրիստոնեական եկեղեցիների միավորման կոչ է անում





Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին եւ երկու եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականների ուղեկցությամբ այցելեց 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իր խոնարհումը բերելու եւ հարգանքի տուրքը մատուցելու անմեղ նահատակների հիշատակին:

Սրբազան քահանայապետը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա Հռոմի Պապի եւ Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կայացավ Մեծ եղեռնի զոհերի հոգեհանգստյան արարողություն:

Հովհաննես Պողոս Երկրորդը աղոթք հղեց առ Աստված, ասելով. «Լսիր, ով Տեր, ողբը՝ որ բարձրանում է այս վայրից, Մեծ Եղեռնի վիհերից՝ կոչը մեռյալների, անմեղ արյան աղաղակը»: Անգլերեն լեզվով կարդացած աղոթքում Հռոմի պապը «Մեծ Եղեռն»-ը արտասանեց հայերեն՝ խուսափելով «ցեղասպանություն» բառի անգլերեն համարժեքը օգտագործելուց:

Անցած տարվա նոյեմբերին Վատիկանում Հովհաննես Պողոս Երկրորդի պապի եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ստորագրած համատեղ հայտարարության մեջ օգտագործվել էր «ցեղասպանություն» բառը, ինչի դեմ բողոքել էր Թուրքիան: «Ֆրանս Պրես» գործակալությունը, վկայակոչելով Սուրբ Աթոռին մոտ կանգնած աղբյուրներ, հաղորդել է, թե Թուրքիան հորդորել է Հռոմի պապին չօգտագործել «ցեղասպանություն» բառը Հայաստան այցելության ընթացքում:

Իր աղոթքում Հովհաննես Պողոս Երկրորդը նշեց, թե «արձագանքում է իր նախորդներից մեկի՝ Բենեդիկտոս 15-րդ Պապի աղաչանքին, երբ 1915-ին ձայն բարձրացրեց ի պաշտպանություն «ծանրորեն վշտահար ու բնաջնջման սեմին հասած հայ ժողովրդի»:

«Հայ ժողովրդին հասցված զարհուրելի բռնությունից խորապես խռովված, մենք մեզ սարսափահար հարց ենք տալիս՝ թե ինչպե՞ս աշխարհը տակավին կարողանում է ճանաչել այսքան անմարդկային խոտորումներ», - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Հռոմի պապը:

Արարողությանը ներկա էր նաեւ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը, որը «Ավե Մարիա»-այի հանպատրաստից կատարմամբ ցնցեց ունկնդիրներին:

Երեքշաբթի երեկոյան Հռոմեական կաթոլիկ եկեղեցու քահանայապետը Էջմիածնի վեհարանում առանձնազրույց է ունեցել Հայող կաթողիկոսի հետ: Վեհարանում Հովհաննես Պողոս Երկրորդը ընդունել է մեծանուն երգիչ Շարլ Ազնավուրին: Ինչպես լրագրողներին այսօր ասաց երգիչը, նա իր հարգանքի ու երախտիքի տուրքը մատուցեց Պապին եւ շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Չորեքշաբթի օրը Հովհաննես Պողոս Երկրորդ պապը եւ Գարեգին Բ կաթողիկոսը էկումենիկ արարողություն մատուցեցին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ Երեւանում օրերս օծված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում:

Արարողության ժամանակ Հռոմի պապը, նշելով Հայ Առաքելական եւ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցիների դարավոր սերտ կապը, միավորման կոչ արեց: Հովհաննես Պողոս Երկրորդը բարձր գնահատեց այլ եկեղեցիների հետ երկխոսություն ծավալելու Հայ Առաքելական եկեղեցու պատրաստամակությունը:

Արարողության գագաթնակետ դարձավ Գրիգոր Լուսավորչի մասունքների երկրպագությունը: Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի մասունքները Վատիկանի կողմից Գարեգին Բ կաթողիկոսին էին հանձնվել անցյալ տարի եւ այժմ հանգչում են Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մայր եկեղեցում:

«Քրիստոնեական սուրբ հավատի համար բազմիցս հալածված հայ ժողովուրդը երախտագետ է Ձերդ սրբությանը Հայոց Մեծ Եղեռնը ճանաչելու եւ դատաապարտելու Ձեր դիրքորոշման եւ կոչի համար», - իր խոսքում ասաց Հայոց Վեհափառ հայրապետը: - «Մենք հավատում ենք, որ երրորդ հազարամյակում իր միասնականությամբ առավել զորավոր է լինելու Քրիստոսի Մեկ, Ընդհանրական, Առաքելական եւ Սուրբ եկեղեցին՝ հանուն իր աստվածահաստատ փրկագործական առաքելության:

Գայանե Դանիելյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG