Մատչելիության հղումներ

«Արարատցեմենտ»-ի նոր սեփականատերը շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունն է


Ռազմավարական խոշոր օբյեկտների մասնավորեցման պետական հանձնաժողովը այսօր պաշտոնապես հրապարակեց «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման միջազգային մրցույթի հաղթողի անունը։ Դա շվեյցարական հանրահայտ «Հոլսիմ» ընկերությունն է։

Ըստ էության, «Հոլսիմ»-ը մրցույթի եզրափակիչ փուլում հայտ ներկայացրած միակ ընկերությունն էր: Մյուս հավակնորդի՝ մալայզիական «ԷՍ-Քեյ-Աջիկավո» ընկերության առաջարկների փաթեթը անցյալ շաբաթ հանձնաժողովը խոտանել էր, քանի որ, ըստ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի, այդ ընկերությունը մրցույթի մասնակցության համար սահմանված 158, 5 միլիոն դրամի կանխավճարը չէր մուծել։ Իսկ ձեռնարկության կոլեկտիվը, որ ղեկավարում է նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, այս անգամ հայտ չէր ներկայացրել։

«Արարատցեմենտ»-ի նոր սեփականատերը տպավորիչ գործարար առաջարկ է արել։ Բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի դիմաց «Հոլսիմ»-ը պատրաստ է վճարել է 6 միլիոն դոլար, թեեւ, կառավարությունը իբրեւ նախնական գին պահանջել էր 4 միլիոն դոլար։ Ներդրողը եւս 4 միլիոն կվճարի ձեռնարկության զբաղեցրած հողատարածքի դիմաց։ Միեւնույն ժամանակ, 6 տարվա ընթացքում շվեյցարական ընկերությունը ցեմենտի արտադրության զարգացման մեջ կներդնի 12 միլիոն դոլար, որի կեսը՝ առաջին երեք տարվա ընթացքում։ Եվս 7 միլիոն 800 հազար դոլար նախատեսվում է ծախսել ձեռնարկության սոցիալական կարիքների համար։

Ավելի քան 30 միլիոն դոլար ներդրումների արդյունքում ներկայիս 1200 աշխատատեղից կմնա 600 աշխատատեղ, իսկ սոցիալական կարիքներին ուղղվող գումարներով կփոխհատուցվեն ազատված աշխատողները։

Պետական գույքի կառավարման նախարարի առաջին տեղակալ Աշոտ Մարկոսյանը համարում է, որ այս գործարքը մեր խոշոր օբյեկտների մասնավորեցման պատմության մեջ լավագույններից մեկն է։ «Հոլսիմ»-ը ցեմենտի արտադրության համաշխարհային առաջատարներից է, որ մասնաճյուղեր ունի աշխարհի 70 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում։ Փոխնախարարի համոզմամբ, այս ընկերության մուտքը Հայաստան կարող է լուծել մեզ համար անլուծելի դարձած արտաքին շուկաների խնդիրը:

Իշխանությունների նկատմամբ հստակ արտահայտված ընդդիմադիր կեցվածք ունեցող Արամ Սարգսյանին չհաջողվեց տիրանալ իր իսկ ղեկավարած ձեռնարկությանը, թեեւ, որոշ մեկնաբաններ այն կարծիքին են, թե նոր սեփականատերը, այնուամենայնիվ, չի կարող հաշվի չնստել նախկին վարչապետի հետ։ Ավելի վաղ՝ երբ հրապարակվեցին մասնավորեցման մրցույթի նախնական արդյունքները, «Հոլսիմ»-ի ներկայացուցիչը ասել էր, որ Արամ Սարգսյանը կմնա իր պաշտոնում:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG