Մատչելիության հղումներ




Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը երեքշաբթի օրը եռօրյա այցով ժամանեց Հայաստան: «Համայն կաթոլիկ եկեղեցին կիսում է ձեր եւ բոլոր հայերի անհուն ուրախությունը՝ այս մեծապես սիրեցյալ երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ», - Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:

Օդանավակայանում Հոնվհաննես Պողոս Երկրորդին դիմավորելու էին եկել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Մեզ համար մեծ պատիվ է եւ ուրախություն հայոց հողում հյուրընկալել Հոհաննես Պողոս Երկրորդ Սրբազան քահանայապետին: Հռոմի Պապի այցելությունն իրադարձություն է յուրաքանչյուր երկրի կյանքում, բայց այն մեզ համար ունի առանձնահատուկ արժեք ու նշանակություն: Սուրբ Աթոռի ողջ պատմության մեջ սա հռոմեա-կաթոլիկական եկեղեցու առաջնորդի առաջին այցն է Հայաստան», - օդանավակայանում իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանի նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը նշեց նաեւ, որ Հովհաննես Պողոս Երկրորդը կանգնած է եղել ակունքներում այն մեծ գործընթացների, որ տեղի ունեցան Արեւելյան Եվրոպայում՝ նշանավորելով մարդու եւ ժողովուրդների ազատության նոր դարաշրջան։«Ձեր գործունեության համամարդկային ընդգրկումը, աշխարհում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված Ձեր ջանքերը ոգեւորիչ են նաեւ մեզ համար»,- նշեց նախագահ Քոչարյանը։

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը իր ողջույնի խոսքում, մասնավորապես, ասաց. - «Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն հնարավոր եղավ, քանի որ այլեւս անցյալ են խորհրդային աստվածամերժության անհույս ժամանակները: Հայոց պետությունն այսօր անկախ է, եւ Հայոց եկեղեցին՝ ազատ»:

«Երկար ժամանակ ի վեր սպասեցի շնորհի ու ցնծության այս պահին», - ասաց Հովաննես Պողոս Երկրորդը: - «Գնահատանքս ու բարեկամությունս եմ հայտնում ոչ միայն ձեր հայրենակիցներին, որոնք ապրում են մայր երկրում, այլ նաեւ աշխարհացրիվ միլիոնավոր հայերին, որոնք հավատարիմ են մնում իրենց ժառանգությանն ու ինքնությանը, եւ այսօր իրենց հայրենիքին նայում են վերանորոգ պարծանքով ու գոհունակությամբ»:

Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի հրավերով էր նախատեսված Հռոմի պապի այցելությունը Հայաստան, որը չկայացավ Գարեգին Ա կաթողիկոսի հիվանդության պատճառով:

«Սուրբ Գրիգոր Լուսավորչի վկայության եւ գործունեության շնորհիվ, առաջին անգամը լինելով՝ քրիստոնեությունը դարձավ մի ամբողջ ազգի հավատքը... Դուք նախանձախնդրորեն պահում եք ձեր բազմաթիվ մարտիրոսների հիշատակը, եւ իրոք՝ մարտիրոսությունը եղել է Հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի բնորոշ հատկանիշը», - իր խոսքում ասաց Հովհաննես Պողոս Երկրորդը: - «Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, եւ սա ցույց է տալիս ձեր վճռականությունը՝ հաստատակամորեն աշխատելու եւ քաջությամբ իրագործելու պետության հաստատությունների ժողովրդավար բարեկարգությունները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիների մարդկային եւ քաղաքացիական իրավունքների հանդեպ հարգանքը երաշխավորելու համար»:

81-ամյա քահանայապետը, չնայած վատառողջությանը, չի հրաժարվում ծրագրված այցերից: Հայաստան նա ժամանել է հիմնականում մահմեդական Ղազախստանից, ուր խոսել է իսլամի նկատմամբ կաթոլիկ եկեղեցու հարգանքի մասին:

Վկաների խոսքերով, սակայն, Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում Գարեգին Ա կաթողիկոսի հետ համատեղ աղորթի ժամանակ, նա շատ հոգնած տեսք է ունեցել եւ չի կարողացել ավարտին հասցնել իր խոսքը: Ըստ «Ռոյթեր» գործակալության, ավելի ուշ, հայոց կաթողիկոսների շիրմաքարերին այցելելիս, Հովհաննես Պողոս Երկրորդն իրեն արդեն լավ է զգացել:

Չորեքշաբթի օրը քրիստոնեական երկու առաջնորդները էկումենիկ արարողություն կմատուցեն Երեւանի նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ծրագրված է նաեւ Հովհաննես Պողոս Երկրորդի այցելությունը Ծիծեռնակաբերդ՝ Մեծ եղեռնի հուշահամալիր, ուր Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը իր հարգանքի տուրքը կմատուցի 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Գայանե Դանիելյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG