Մատչելիության հղումներ

Հայաստանի օդային տարածքը կարող է օգտագործվել ահաբեկչության դեմ պատերազմում


«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք Ամերիկան դիմել է Հայաստանին՝ ահաբեկչության դեմ պայքարին կոնկրետ մասնակցություն բերելու խնդրանքով, Հայաստանի նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն այսօր պատասխանել է, որ ինքը տեղեկություն չունի նման խնդրանքի մասին: Խոսնակը նաեւ հիշեցրել է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի համեստ հնարավորություններն ի սպաս դնել հակաահաբեկչական ճակատ ձեւավորելու համար: Նախագահի խոսնակը չի մասնավորեցրել, թե դա կոնկրետ ինչպես է դրսեւորվելու:


Մինչդեռ մեկնաբանները փաստում են, որ Հայաստանը չի կարող կողմնակի դիտորդի դեր ստանձնել, քանի որ Հայաստանը ԱՊՀ-ի Հավաքական անվտանգության պայմանագրի ոչ միայն անդամ է, այլեւ դրա խորհրդի նախագահը, իսկ այդ կազմակերպության անդամ երկրների մեծ մասը արդեն հայտարարել է, որ բացելու է իր օդային տարածքը ամերիկյան գոնե սահմանափակ ներկայության համար:

Ղըրղզստանի նախագահ Ասկար Ակաեւն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի խնդրանքը ստանալուց հետո խորհրդակցել է պայմանագրի անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի ու Տաջիկստանի հետ եւ որոշել է բացել իր երկրի օդային տարածքը ամերիկյան ինքնաթիռների համար: «Մենք այդ երկրների հետ ընդհանուր օդային տարածք ունենք», - նշել է Ակաեւը:

Անկախ դիտորդների կարծիքով, հակաահաբեկչական գործողություններին Հայաստանի մասնակցության ամենահավանական ձեւը երկրի օդային տարածքը բացելը կարող է դառնալ: Նման եզրակացությունը բխում է նրանից, որ հակաահաբեկչական ընդհանուր գործողություններին Հայաստանի մասնակցության մյուս ձեւերը՝ ռազմական գործողություններ, ռազմական օդակայանների եւ հետախուզական տվյալների տրամադրում, խիստ սահմանափակ են ու անհավանական:


Փորձագետները գտնում են, որ Հայաստանի օդային տարածքը կարող է կարեւոր դառնալ, քանի որ հակաահաբեկչական գործողությունների զգալի մասը ծրագրվում է իրականացվել հարեւան Թուրքիայի տարածքից, ուր ամերիկյան Ինջիրլիկի ռազմակայանում տեղակայված են տասնյակ ամերիկյան ու բրիտանական արդիական ինքնաթիռներ: Ամերիկացիները հնարավորություն ունեն օգտագործելու նաեւ Հայաստանի սահմաններին ավելի մոտ գտնվող Դիարբեքիր եւ Մալաթիա նահանգների ռազմական օդակայանները:

Մասնագետները չեն բացառում Հայաստանի օդային տարածքի օգտագործումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը թույլ չի տվել ամերիկացիներին օգտագործել իր տարածքը, ուստի Հայաստանի վրայով ճանապարհը կարող է դառնալ ամենակարճ օդային ճանապարհը Թուրքիայից դեպի Աֆղանստան:






Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG