Մատչելիության հղումներ

Արգենտինահայ գործարարը ստանձնելու է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը





Այսօր Հայաստանի կառավարության եւ «Աէռոպուերտոս Արխենտինա» ընկերության միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն ու Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանը: Ըստ նախնական պայմանավորվածության, օդանավակայանի կառավարումը 50 տարի ժամկետով տրվում է Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը:

Օդանավակայանի կառավարումը վերցնելը, ըստ էության, նշանակում է, որ այն չի սեփականաշնորհվում եւ բաժնետոմսերը չեն վաճառվում: Էդուարդո Էռնեկյանի խոսքերով, ընկերությունն իր վրա է վերցնում «Զվարթնոց» օդանավակայանի կառավարման պատասխանատվությունը:

Հաջորդ քայլով արդեն համաձայնագիր կստորագրվի: Այդ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել Հայաստանի նախագահի Հարավային Ամերիկա կատարելիք այցի ընթացքում: Նախնական տվյալներով, Ռոբերտ Քոչարյանը Հարավային Ամերիկայի մի քանի երկրներ կայցելի կամ այս տարեվերջին, կամ եկող տարվա սկզբին:

«Աէռոպուերտոս Արխենտինա 2000» ընկերության խորհրդի նախագահ Էդուարդո Էռնեկյանին եւ խորհրդի անդամներին այսօր ընդունել է Հայասատանի նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ վերջին տարիների սեփականաշնորհման փորձը վկայում է Հայաստանի տնտեսության նկատմամբ արտասահմանյան ներդրողների հետաքրքրության աստիճանական աճի մասին:«Պետությունը ամենաարդյունավետ սեփականատերը չէ։ Գործադիր իշխանությունը պետք է ոչ թե կառավարի բիզնեսը, այլ՝ պայմաններ ստեղծի նորմալ տնտեսավարման համար», - ասել է Հայաստանի նախագահը:

Էդուարդո Էռնեկյանը Արգենտինայում 33 օդանավակայանի սեփականատեր է: Արգենտինահայ միլիարդատեր բարերարը «Հայաստան» համահայկական հիմադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է:

«Նախ եւ առաջ սա ներդրումների ծրագիր է, որի ընդհանուր գումարը մոտ 50 միլիոն դոլար է», - հուշագրի ստորագրումից հետո լրագրողներին ասաց Էռնեկյանը: - «Պետք է սկսենք շինարարական աշխատանքներից: Պետք է այնպես անել, որ օդանավակայանը համապատասխանի միջազգային չափանիշներին: Թռիչքային ուղին համապատասխանեցվելու է միջազգային անվտանգության նորմերին, ծառայությունների մակարդակը հասցվելու է ամենաբարձր մակարդակի, որպեսզի դրանց պատճառով ուղեւորները անհարմարություններ չզգան»:

Նա նաեւ ասաց, որ օդանավակայանը ավելի ժամանակակից դարձնելու, ծառայությունների աշխատանքը ավելի արդյունավետ, դինամիկ դարձնելու համար ամբողջ անձնակազմը վերաորակավորում է անցնելու:

Ըստ որոշ աղբյուրներից ստացված տեղեկությունների, օդանավակայանի կառավարումը ստանձնելը առաջին փուլն է. հաջողության դեպքում հնարավոր է, որ Էդուարդո Էռնեկյանը մասնակցի նաեւ «Հայկական ավիաուղիների» սեփականաշնորմանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG