Մատչելիության հղումներ

Երեւանի կենտրոնական հրապարակներից մեկը այսուհետ կրելու է Շարլ Ազնավուրի անունը





Երեկ ուշ երեկոյան Երեւան ժամանեց Շարլ Ազնավուրը՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության անկախության տասնամյակի եւ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին:

Այսօր Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ «Մոսկվա» կինոթատրոնին եւ «Երեւան» հյուրանոցին հարող հրապարակում, որը տասնամյակներ ի վեր մշակույթի գործիչների հավաքատեղի է եղել եւ որն այսուհետ կրելու է Շարլ Ազնավուրի անունը, մեծ հանդիսություն տեղի ունեցավ աշխարհահռչակ հայազգի երգչի պատվին:

Իր ձեռքով բացելով «Շարլ Ազնավուրի հրապարակ» մակագրությամբ հուշաքարը, 77-ամյա երգիչը, դիմելով հավաքվածներին ասաց. «Շատ հուզված ու զգացված եմ այս պատվի կապակցությամբ, որին ինձ արժանացնում եք: Ամբողջ կյանքումս երբեք չէի մտածել եւ չէի երազել, որ այսպիսի պատվի պիտի արժանանայի»:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ըստ քաղաքի գլխավոր հատակագծի, հրապարակից մի փողոց է բացվելու դեպի Հյուսիսային պողոտա, եւ Շարլ Ազնավուրի հրապարակը կդառնա «Աստղի հրապարակ», քանի որ այստեղ կհատվեն 6 փողոց:

Այցելության ընթացքում աշխարհահռչակ երգիչը կլինի նաեւ 1988 թվականի աղետալի երկրաշարժից տուժած Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, ուր կստուգի իր հիմնած «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքները: Գյումրիում նա կմանակցի նաեւ իր արձանի բացման արարողությանը:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG