Մատչելիության հղումներ

ՀԺԿ-ից դուրս եկած պատգամավորները ստեղծում են նոր կուսակցություն





«Այսօր անհրաժեշտություն է ուղղակի պարկեշտ, նորմալ, մաքուր կենսագրություն ունեցող մարդկանց համախմբումը՝ իրականությունը իրական ներկայացնելու եւ ժողովրդի ու իշխանությունների միջեւ կամուրջ դառնալու համար», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հիմնադիր ժողովում վարչության նախագահ ընտրված Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Ասլանյանը:

ԺԴԿ հիմնադիրներն այն հռչակում են որպես ազգային, պետական շահերն արտահայտող, ճշմարտության եւ արդարության կուսակցություն: Քաղաքական դաշտում այն լինելու է պետականամետ եւ կենտրոնամետ:

«Պիտի ժողովրդին էլ ասենք, որ չի կարելի իշխանությունների հետ խոսել հայհոյանքի լեզվով: Եվ իշխանություններն էլ պարտավոր են որոշումներ կայացնելուց առաջ լսել ժողովրդի կարծիքը», -ասաց նորաստեղծ կուսակցության վարչության նորընտիր նախագահը:

Վարչության փոխնախագահներ են ընտրվել ԱԺ պատգամավոր, նախկին ՀԺԿ-ական Միսաք Մկրտչյանը, «Միասնություն» խմբակցության քարտուղար, նախկին ՀԺԿ-֊ական Գագիկ Ոսկանյանը, ԱԺ պատգամավոր, նախկին ՀԺԿ-ական Մանվել Բադեյանը, Աշոտ Մարկոսյանը եւ Հայաստանի կառավարությանն առընթեր փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը:

Կուսակցության հիմնադիրների մեջ վեց պատգամավոր կա՝ բոլորն էլ «Միասնություն» խմբակցությունից, որոնք այս ամառ իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի հողի վրա դուրս եկան Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունից (ՀԺԿ): Հիմնադիրներին այսօր չէին միացել ՀԺԿ֊-ից դուրս եկած մյուս պատգամավորները՝ Աշոտ Գալոյանը, Վլադիմիր Բադալյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Ռոբերտ Ենգոյանը, ինչպես նաեւ Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը:

«Արմեն Խաչատրյանը ինքն է որոշում կայացնողը. առայժմ ինքը ցանկություն չի հայտնել անդամակցել կուսակցությանը: Եթե հետագայում ինքը ցանկություն հայտնի կուսակցության մեջ ընդունվելու, մենք կընդունենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գագիկ Ասլանյանը:

Գագիկ Ասլանյանը բացառեց, որ իր կուսակցության վեց պատգամավորներով եւ եւս առնվազն չորս համախոհ ունենալով դուրս կգան «Միասնություն» խմբակցությունից եւ նոր խումբ ստեղծեն: «Շարունակելու ենք «Միասնության» հետ: Ես դաշինքի ստեղծման օրից մինչեւ օրս էլ եղել եւ մնում եմ «Միասնություն»-ում»:

Ժողովրդադեմոկրատական կուսակցության հիմնադիր ժողովն այսօր ընտրեց նաեւ հետագայում մարզերի անդամներով համալրվելիք՝ 23 անդամանոց վարչության նախնական կազմ, քննարկեց կուսակցության կանոնադրությունը, որը վերջնականապես ի մի բերելուց հետո կներկայացվի արդարադատության նախարարություն՝ գրանցման:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG