Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վերջին շրջանում ՀՀ ԱԳՆ-ն Եվրամիության կողմից Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ արված որեւէ պաշտոնական հայտարարություն չի ստացել». սա ԱԳՆ խոսնակ Ջյունիկ Աղաջանյանի պատասխանն է «Հայկական ժամանակ»-ին: Թերթը, սակայն, «Գիտեն՝ չեն հայտնում» ընդգծման ներքո պնդում է՝ «ԵՄ-ն նման հայտարարություն արել է... եւ դրանում բառացիորեն ասված է հետեւյալը. «ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հայտարարում, որ երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը»:

«ԵՄ-ն դիրքորոշում է հայտնել դիվանագիտությանը խորթ բառապաշարով եւ կոպտությամբ, ինչն ուղղակի արհամարհանք է Հայաստանի Հանրապետության հանդեպ», - ավելացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Մեր տեղեկություններով, ՀՀ ԱԳՆ-ն այս կապակցությամբ նամակ է հղել ԵՄ-ին»:

«Ազգ» թերթում վերլուծվում են Եվրախորհրդի հետ Հայաստանի կնճիռները: Այստեղ եւս արձանագրվում է հայկական դիվանագիտության պարտություն. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռասել Ջոնսթոնը «բառացիորեն կրկնում է այն, ինչ միջազգային ասպարեզում փորձում է ներկայացնել Ադրբեջանը»: Ինչ վերաբերում է սրա արմատներին, «Ազգ»-ի մեկնաբանը նշում է. «Ադրբեջանը, որը մյուս բոլոր շրջանակներում քարոզչական առումով զիջում էր Հայաստանին, չէր կարող հաշվի չառնել Թուրքիայի հզոր գործոնը Եվրախորհրդում, որը վաղուց կառույցի անդամ է եւ այնտեղ ավելի քան 50 ներկայացուցիչ ունի: Մյուս կողմից չմոռանանք, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը Իլհամ Ալիեւն է, որը հավակնում է երկրում իշխանության ժառանգորդը դառնալու: ԼՂ հարցի կարգավորմանն իր ներդրումը ցուցադրելու համար ԵԽ-ին տարածաշրջան ներքաշելը նրան դիվիդենտներ հավաքելու հիանալի հնարավորություն է տալիս»:

Ընդհանուր առմամբ, սակայն, մեկնաբանի ընդգծմամբ, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համար եվրոպական որեւէ կազմակերպության հավակնությունները տարածաշրջանում լծակներ ունենալու համար պարզապես անընդունելի են:

«Առավոտ» թերթում այսօր առաջին պլան է մղված, թե ներկա իշխանությունները Հայաստանի անկախության տասներորդ տարեդարձը նշանավորեցին՝ կալանավորելով անկախության ջահակիրներից մեկին: ՀՀՇ ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը մասնավորապես, սա գնահատում է հայոց պետականության խայտառակություն: Արդյո՞ք Ազատ Արշակյանին «դատարան կտանեի՞ն ձեռնաշղթաներով, եթե նա էլ, շատ քաղաքական գործիչների պես, ժամանակին «կողմնորոշվեր» դեպի Քոչարյանը եւ հրաժարվեր իր սկզբունքներից։ Երբե՛ք», - շեշտադրում է «Առավոտ»-ի խմբագրականը։ - «Օրենքը հենց օրենք է այնքանով, որ այն գործի՝ անկախ քաղաքական հայացքներից։ Իսկ մեզ մոտ այդպես չէ»։

Մյուս կողմից, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանն էլ ներկայացնում է այսպես. «Քաղաքական սադրանքն այն կլիներ, եթե ինչ-որ այլ տեղ հայտնաբերված զենքը կապեին Ազատ Արշակյանի ու նրա կազմակերպության հետ, կամ զենքն ու զինամթերքը ծածուկ բերեին լցնեին նրանց գրասենյակ: Բայց չէ՞ որ զենքն իրոք հայտնաբերվել է հենց այն կազմակերպությանը պատկանող տարածքում, որի հիմնադիր անդամներից է Ազատ Արշակյանը: Չէ՞ որ հիշյալ կազմակերպության անդամները խոստովանում են, որ այդ զենքից իրենք տեղյակ են: Չէ՞ որ հենց Ազատ Արշակյանն է իր վրա վերցրել պատասխանատվությունը... Եթե որեւէ գործիչ կատարում է արարք, որի պարագայում օրենքը նախատեսում է կալանք, ապա նա պիտի կալանվի, օրենքի նախատեսած պատժաչափը կրի: Անկախ նրանից փառապանծ կենսագրություն ունի, թե ոչ, ինչ պաշտոն է զբաղեցրել կան զբաղեցնում», - եզրափակված է «Հայոց Աշխարհ»-ում:

Հենց այստեղ էլ այսօր դարձյալ սրվում է բուռն դժգոհությունը իրավապահ մարմինների եւ դատական իշխանությունների ապաշնորհությունից: «Պատժել մթության մեջ հայրենի իշխանությունը միշտ էլ կարողացել է, իսկ այ դատել լույսի ներքո՝ ոչ», - ընդգծել է մեկնաբանը: - «Իրավապահ մարմինների եւ դատական իշխանության անխելահասության անվերջանալի դրսեւորումների ինքնաբերաբար ծնվող բացատրությունը չափազանց տխուր է: Պարզապես նրանց ձեռքերը այլ բանով են զբաղված»: Իսկ կոռուպցիան եւ պրոֆեսիոնալիզմը համատեղելի չեն: «Հայոց Աշխարհ»-ը առանձնակի կարեւորում է եւ իրավապահների աշխատանքի առավելագույն թափանցիկությունը. «Հասարակությունը պիտի համոզված լինի, որ պատժիչ միջամտության պատճառը իսկապես անցյալում գործած մեղքերն են. այլ ոչ թե ներկայիս քաղաքական վայրիվերումները»:

Նույն մոտիվներով, «Երկիր» թերթի մեկնաբանն էլ պահանջ է բարձրացնում, որ վերահսկողական «յուրաքանչյուր ուսումնասիրությունից հետո դրա արդյունքներն անմիջապես հրապարակվեն: Դա բխում է հենց իրենց՝ վերահսկողների՝ զանազան մութ, խորհրդավոր ու կասկածելի գործարքներն ուսումնասիրողների շահերից, նրանց իսկ անձնական անվտանգությունն ապահովելու հրամայականից»: Գագիկ Պողոսյանի սպանության հետքերով թերթում արձանագրվում է. « Իրավապահ մարմիններն առ այսօր ոչ միայն մաֆիայի դեմ արդյունավետ պայքար չեն ծավալել, այլեւ մատնացույց չեն արել դրա ճանապարհը, երաշխիք չեն տվել, որ այդ պայքարը լինելու է վաղը: Գործադիր իշխանության հակակոռուպցիոն ծրագիրը դեռ մնում է թղթի վրա եւ անավարտ, իսկ մաֆիան շարունակում է հերթական զոհին խլել մեզանից»:

Մեկնաբանությունների կապակցությամբ, թե Ռուսաստանի նախագահի այցը ուժեղացրեց Ռոբերտ Քոչարյանի դիրքերը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. «Մի՞թե Պուտինի այցելությունից հետո Քոչարյանի պաշտոնանկության հասարակական պահանջը վերացավ: Եվ առհասարակ, եթե մենք ասում ենք, որ իշխանությունները հովանավորում են ահաբեկիչներին, մենք դա ասում ենք անկախ նրանից, թե մեր իշխանություններին ով է աջակցում»:

«Հայոց Աշխարհ»-ի մատուցմամբ, «Վլադիմիր Պո ւտինի այցը Հայաստան աննախադեպ խուճապ եւ անասելի իրարանցում է առաջացրել արմատականների ճամբարում»: Ու թեեւ հիմա «Ազգային միաբանություն» - ՀԺԿ - «Հանրապետություն» եռյակի առաջնորդները խիստ զայրացած են, բայց՝ վտանգավոր չեն:

Այս ընթացքով մամուլը հասնում է անկախության տասներորդ տարեդարձին: Ինչպես «Ժամանակ» թերթի հարցմամբ է խտացված, տասներորդ տարվա ավարտին էլ դեռ մի կողմից, որպես անկախության բովանդակություն, սոցիալապես ապահով, անվտանգ ու բարեկեցիկ կյանքի հասարակական պահանջն է, մյուս կողմից՝ առանց դժգոհելու հանուն բարձր գաղափարի էլի ու էլի ծանրություններ կրելու հորդորը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG