Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պաշտպանում է ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունները





«Հայաստանը չի կարող չաջակցել հակաահաբեկչական գործողություններին: Սա միանշանակ է: Մենք հո չենք կարող հայտարարել, որ մենք ահաբեկիչներին սատար ենք կանգնում կամ մենք նեյտրալ ենք», - պատասխանելով հարցին, թե այդյո՞ք Հայաստանը աջակցում է ԱՄՆ-ի ակնկալվող ռազմական գործողություններին, այսօր ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Երեքշաբթի օրը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Լեմոնի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ժողովրդի վճռականությունը կհանգեցնի ցանկալի արդյունքի:

«Այո, դեսպանի հետ մենք մանրամասն խոսել ենք տարբեր հարցերի մասին, եւ կարծում եմ, որ այսօր մենք անպայման պետք է աջակցենք: Կոնկրետություններ չեն քննարկվել», - այսօր ասաց Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայում, ուր եկել էր դիմավորելու իր կիպրացի գործընկեր Սոկրատես Հասիկոսին:

Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել եռօրյա պաշտոնական այցով: Օդանավակայանում Սոկրատես Հասիկոսը, անդրադառնալով սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը, ասաց, որ ամբողջ մարդկությունն այսօր ընդհանուր թշնամու դեմ է ուղղված, եւ «այդ թշնամին միջազգային ահաբեկչությունն է: Բոլոր պետությունները, անկախ կրոնից եւ գույնից, պետք է պայքարեն այդ նոր վտանգի դեմ»:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերով, Կիպրոսի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը գտնվում է սաղմնային վիճակում: Սոկրատես Հասիկոսի առաջին անգամ է պաշտոնական այցով ժամանում Հայաստան: Քննարկելու է ռազմական համագործակցության ոլորտին վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սերժ Սարգսյանն ասաց, որ հնարավոր է նաեւ փաստաթղթերի ստորագրում:

Այսօր Կիպրոսի պաշտպանության նախարարին ընդունել է Հայաստանի վարչապետ Արդրանիկ Մարգարյանը: Նախատեսված են նաեւ Հասիկոսի հանդիպումները Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի եւ արտգործնախարարի հետ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG