Մատչելիության հղումներ




Այսօր ավարտվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Երկօրյա բանակցությունների արդյունքում ստորագրվեց 6 փաստաթուղթ, այդ թվում՝ մինչեւ 2010 թվականը տնտեսական համագործակցության պայմանագիրը, որը, ըստ էության, երկու երկրների տնտեսությունների ինտեգրացման ծրագիր է: Ռուսաստանի պարտքը Հայաստանի որոշ ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների միջոցով փակելու մասին վերջնական որոշում չի ընդունվել: Նախագահները հույս հայտնեցին, որ հարցը կլուծվի մինչեւ տարեվերջ:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ստորագրել են նաեւ Հայ-ռուսական համատեղ կոմյունիկե, որում, մասնավորապես, ասված է. «ողբերգական իրադարձությունները ԱՄՆ-ում նոր ուժգնությամբ ցուցադրեցին միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համընդհանուր ակտիվացման, XXI դարի այդ չարիքին դիմակայելու համաշխարհային հանրության ջանքերի միավորման անհրաժեշտությունը»:

«ԱՄՆ-ի ողբերգական իրադարձությունները մեզ ստիպեցին նորովի գնահատել գոյություն ունեցող հավաքական ավտանգության համակարգը»,- Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսում հայտարարեց Վլադիմիր Պուտինը, ավելացնելով, որ նոր դարի հիմնական սպառնալիքը դարձել է ահաբեկչությունը, որին հակազդելու համար պետք է ավելի ամրապնդել ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը»:


Անդրադառնալով միջազգային իրավիճակին, Վլադիմիր Պուտինը տեսակետ հայտնեց, որ այդ իրավիճակը ԱՄՆ-ում կատարված ահաբեկչության հետեւանքով չէ, որ փոխվել է: «Միջազգային իրավիճակը վաղուց է փոխվել, պարզապես, ցավոք դա չէին նկատում: ԱՄՆ-ում կատարված ահաբեկչությունը հաստատեց այդ փոփոխությունները: Ժամանակակից աշխարհի հիմնական սպառնալիքը՝ ահաբեկչությունն է: Մենք չենք կարող չարձագանքել դրան», - ասաց Ռուսաստանի նախագահը, ավելացնելով, որ անվտանգության համակարգի նոր պարամետրերը քննարկվելու ու մշակվելու են ամենամոտ ապագայում՝ Շանհայում ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման ընթացքում, ինչպես նաեւ այս տարի Միացյալ Նահանգներ կատարելիք իր այցի ժամանակ: Նույն հարցը քննարկի նաեւ այս ամիս Բրյուսելում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ կայանալիք հանդիպումների ժամանակ:

«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ահաբեկչության ահավոր էվոլյուցիա», - ասաց Ռուսաստանի նախագահը՝ ԱՄՆ-ում ահաբեկիչների գործողությունը իրենց մասշտաբներով ու դաժանությամբ համեմատելով նացիստների գործողությունների հետ:

Ռուսաստանի նախագահը տեսակետ հայտնեց, որ միջազգային հանրության համար հիմնական դասը հետեւյալն էր. հարկավոր է մշակել անվտանգության այնպիսի համակարգ, որը հավասար պաշտպանվածություն կապահովի բոլորի համար: Նման մոտեցումը Վլադիմիր Պուտինը անհրաժեշտություն համարեց.

Հարցին՝ «հնարավո՞ր է, արդյոք, որ միջազգային ահաբեկչության դեմ ռազմական գործողություններ իրականացվեն, մասնավորապես Ռուսաստանի եւ Հայաստանի մասնակցությամբ» Վլադիմիր Պուտինի պատասխանեց, որ դա հնարավոր է միայն ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի գործունեության շրջանակներում: - «Մենք չպետք է նմանվենք հանցագործների, որոնք հարվածներ են հասցնում թիկունքից: Մենք պետք է կշռադատենք մեր որոշումները եւ դրանք ընդունենք հավաստի փաստերի հիման վրա»: Միեւնույն ժամանակ, նա համոզմունք հայտնեց, որ չարիքը պետք է պատժվի:

Հայտնելով, որ Երեւանում մանրամասն քննարկվել են նաեւ Կովկասի խնդիրները, Վլադիմիր Պուտինն ասաց, որ «կովկասյան քառյակը» լավ մոդել է տարածաշրջանային անվտանգության համակարգ ձեւավորելու եւ Կովկասում համագործակցելու համար:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին, Վլադիմիր Պուտինը մեկ անգամ էլ ընդգծեց, որ Ռուսաստանը դրական դեր է խաղում կարգավորման այն քաղաքականության մեջ, որ վարում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Նրա խոսքերով, այդ խնդիրը պետք է լուծեն Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներն ու ղեկավարները: «Ռուսաստանը կպաշտպանի ցանկացած որոշում, որն ընդունելի կլինի երկու երկրների համար, եւ պատրաստ է հանդես գալ որպես երաշխավոր: Դա ձեր խնդիրն է, եւ դուք պետք է լուծեք... Մենք չենք ցանկանում, որ փոխզիջման հասնելու դեպքում որեւէ մի կողմն ասի, թե զիջումների է գնացել Ռուսաստանի ճնշման տակ: Իսկ համաձայնության գալու դեպքում՝ խիստ կհետեւենք, որ չխախտվի ձեռք բերված համաձայնությունը» - ասաց Ռուսաստանի նախագահը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս կապակցությամբ ասաց, որ Ռուսաստանը առանցքային միջնորդ է, առանց որի ակտիվ մասնակցության ղարաբաղյան հակամարտությունը պարզապես հնարավոր չէ կարգավորել:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հանդիպում է ունեցել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրել մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG