Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ընկերությունները մասնակցելու են Հայաստանի բաշխիշ ցանցերի մասնավորեցման միջազգային մրցույթին


Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովը շաբաթ օրը Երեւանում հայտարարեց, որ ռուսաստանյան ընկերությունները միանշանակորեն մասնակցելու են Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնավորեցման մրցույթին: Մասնավորապես, «Իտերա» ընկերությունը մրցույթին մասնակցելու է իսպանական «Յունիոն ֆենոզա» ընկերության հետ համատեղ: Արդեն ստորագրվել է համապատասխան համաձայնագիրը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի շրջանակներում այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի էներգետիկ ոլորտների բարձրագույն պատասխանատուների՝ շուրջ մեկուկես ժամ տեւած բանակցությունների ավարտից հետո Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը ասաց, որ որոշվել է ստեղծել երկու երկրների էներգետիկ ոլորտների ղեկավարների կոորդինացիոն խորհուրդ։

Կարեն Գալուտյանը ասաց նաեւ, որ ռուսաստանյան կողմի հետ վերջնականապես լուծվել են Մեծամորի ԱԷԿ-ի վառելիքի ձեռքբերման հարցը ու այժմ խնդիրը Ռուսաստանից Հայաստան դրա տեղափոխման կազմակերպումն է։

Նորաստեղծ խորհուրդը տարին մեկ անգամ պետք է քննարկի այդ բնագավառի խնդիրների ողջ համալիրը, որն ընդգրկում է Էլեկտրաէներգետիկան, ատոմակայանի խնդիրները, գազամատակարարումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումն ու շահագործումը եւ այլ հարցեր։

Ռուսաստանի Դաշնության Էներգետիկայի նախարար Իգոր Յուսուֆովը ընդգծեց, որ Էներգետիկ բնագավառում Հայաստանի հետ համագործակցությանը Ռուսաստանը ռազմավարական նշանակություն է տալիս, ուստի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը հիմնավոր քննարկումներ են պահանջում։

Մասնավորապես, մանրամասնելով գազամատակարման բնագավառում Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվելիք հնարավոր արտոնությունների խնդիրը, Կարեն Գալուստյանը շեշտեց, թե այստեղ շատ կարեւոր է, որպեսզի արտոնությունները երկու կողմերի համար լինեն հավասարարժեք, իսկ դրանց ճիշտ հաշվեկշիռը գտնելը ժամանակ է պահանջում:

Վերջերս մամուլը շատ էր գրում այն մասին, թե ռուսական կողմը պատրաստվում է իջեցնել Հայաստան մատակարարվող գազի սակագինը: Մինչդեռ իրականում, հնարավոր է, որ ճիշտ հակառակը լինի։ Բանն այն է, որ Հայաստանի գազամատակար «Իտերա» խումբը պլանավորում է հոկտեմբերի մեկից մինչեւ վրացական սահման մատակարարվող 1000 խորանարդ մետր գազի սակագինը 50 դոլարից բարձրացնել մինչեւ 56 դոլարի, ինչը, բնականաբար, կանդրադառնա նաեւ Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազի սակագնի վրա։ Մեկնաբանելով գազի սակագնի հնարավոր բարձրացումը, «Իտերա»-ի նախագահ Իգոր Մակարովը շեշտեց, թե դրա պատճառը ռուսաստանյան կառավարության կողմից բնական գազի վաճառքից գանձվող ակցիզային հարկի բարձրացումն է, եւ «Գազպրոմ»-ի կամ իր ընկերության հետ կապ չունի։



Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG