Մատչելիության հղումներ




Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Ակնկալվում է, որ այցի առանցքը երկու երկրների միջեւ տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումն է լինելու: «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի նախագահին դիմավորեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահները օդանավակայանից մեկնեցին Սեւան՝ առանց լրագրողների հետ զրույց ունենալու:

Այցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կստորագրեն մի շարք երկկողմ համաձայնագրեր, այդ թվում՝ տնտեսության ոլորտում ռազմավարական համագործակցության մասին, որն, ըստ էության, առաջիկա տասը տարիներին այդ երկրի հետ Հայաստանի տնտեսական առնչությունների ներդաշնակեցման ծրագիր է:

Սա Ռուսաստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, որի ընթացքում, բացի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերից, քննարկվելու են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:

Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում պետք է լուծվի Ռուսաստանին Հայաստանի ունեցած 114 միլիոն դոլար պարտքի մարման խնդիրը:
Պարտքի դիմաց Ռուսաստանին առաջարկվում է հայաստանյան մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները: Ցուցակում են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, Հրազդանի ՊՇԷԿ-ը, «Մարս» գործարանը, Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը եւ այլն:

Նախագահների առաջին՝ «առանց փողկապների», հանդիպումը տեղի կունենա Սեւանա լճի թերակզում գնտվող Հայաստանի նախագահի ամառանոցում, ուր Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը մեկնեցին անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից: Ռուսաստանի նախագահի վաղվա բավական լարված ծրագրում տեղ է գտել նաեւ այցելությունը Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Այցի ընթացքում Պուտինին ուղեկցում են Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, փոխվարչապետ Իլյա Կլեբանովը, արտգործնախարար Իգոր Իվանովը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Իսկ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, որը Երեւան էր ժամանել երեկ, այսօր արդեն երկու համաձայնագիր է ստորագրել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:

Ստորագրված փաստաթղթերից մեկով կանոնակարգվում են Ռուսաստանի ռազմական խորհրդատուների, մասնագետների գործողումները Հայաստան. խոսքը նրանց իրավական կարգավիճակի, ֆինանսավորման մասին է: Երկրորդ փաստաթղթով նախատեսվում են նոր հողահատկացումներ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանին:

Համաձայնագրերի ստորագրումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության ոլորտում միջպետական եւ միջկառավարական արդեն 40-ից ավելի համաձայնագիր է ստորագրված: Նրա խոսքերով, «համագործակցության համար իրավական պատշաճ դաշտ ունենք եւ մտադիր ենք է'լ ավելի զարգացնել մեր համագործակցությունը»:

Երկու նախարարները շեշտեցին, որ ստորագրված փաստաթղթերը երկուստեք շահավետ են: Սերժ Սարգսյանն ավելացրեց, որ համաձայնագրերից մեկով ռուսաստանյան ռազմակայանին հատկացված տարածքներից մեկը տրամադրվել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկին, որն արդեն մարտական հերթապահության է անցել:

Սերգեյ Իվանովը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 26-ին Մոսկվայում հանդիպելու են ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբի պետերը՝ քննարկելու հակաահաբեկչական գործողություններում ռազմական մասի կոորդինացման հնարավորությունները:

Անդրադառնալով հայ-ռուսական համատեղ զորախմբի ստեղծմանը, Սերժ Սարգսյանն ասաց, որ համապատասխան արձանագրություններն արդեն ստորագրված են: Հայաստանի պաշտպանության նախարարը նման մոտեցումը համարեց Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հիմնական բաղկացուցիչներից մեկը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG