Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը չեն շտապում հայտարարել 2003 թվականի ընտրություններում նախագահ Քոչարյանին սատարելու մասին


Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների մեծ մասը այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած բրիֆինգների ընթացքում ձեռնպահ մնաց 2003 թվականի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրման նկատմամբ իրենց դիրքորոշումները հրապարակելուց:

Անդրադառնալով ընդդիմադիր երեք կուսակցությունների հայտարարությանը, որով պահանջվում է նախագահի հրաժարականը, «Հայաստան» պատգամավորական խմբի նախագահ Մյասնիկ Մալխասյանը տեղեկացրեց, որ նախագահ Քոչարյանի իմփիչմենթի հարցով իր գլխավորած պատգամավորական խումբը որեւէ քննարկում չի անցկացրել: «Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի», - ասաց նա:

Ըստ «Օրինաց երկրի» ներկայացուցչի, իշխանափոխության համար չկան իրավական եւ քաղաքական հիմքեր: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, ինչպես ասաց խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը, վաղաժամ է համարում հաջորդ նախագահական ընտրություններում նախագահին սատարելու մասին խոսելը: «Բավական մեծ ժամանակ կա, եւ մեր վերջնական դիրքորոշումը հստակեցնելու համար մենք ժամանակ ունենք», - ասաց նա:

Նույն փաստարկները բերեցին նաեւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի նախագահ Կարեն Կարապետյանն ու «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջինս ավելացրեց, որ այդ մասին ավելի առարկայական խոսակցություն հնարավոր կլինի ծավալել, երբ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հրապարակի իր նախընտրական ծրագիրը:

Նախագահ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու նախաձեռնությամբ հանդես եկած կուսակցությունների ներկայացուցիչներից «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանը ասաց, որ իրենք պատրաստվում են ներկայացնել Քոչարյանի պաշտոնաթողության հիմքերը:

Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին հայտարարել էր սեպտեմբերի 8-ին, ասելով, որ այդ որոշումն ընդունել է «Ազգային միաբանություն», ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) եւ «Հանրապետություն» կուսակացությունների հայտարարությունից հետո, որով ընդդիմադիր այդ կուսակցությունները պահանջում են նախագահի պաշտոնանկությունը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG