Մատչելիության հղումներ

Հայաստանը դատապարտում է Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ահաբեկչությունը





Նյու Յորքում եւ Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչությունը Հայաստանի պետական ու քաղաքական գործիչները որակում են որպես հարձակում ոչ միայն ԱՄՆ֊-ի, այլեւ ամբողջ աշխարհի խաղաղասեր ու դեմոկրատական ժողովուրդների դեմ: Արտգործնախարարության նախնական տվյալներով, զոհերի մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան: Արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատող ԱՄՆ-ի դեսպանատուն մարդիկ ծաղիկներ են բերում:

«Խորը կսկիծով մեր սրտագին ցավակցություններն ենք հայտնում Միացյալ Նահանգների ժողովրդին ու կառավարությանը: Ցավում ենք, որ ամերիկյան ժողովուրդը նման ողբերգություն է ապրում, - այսօր ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նախարարի հայտարարությունը տեղի ունեցածը հարձակում է համարում ոչ միայն ԱՄՆ֊-ի, այլեւ ամբողջ աշխարհի խաղաղասեր ու դեմոկրատական ժողովուրդների դեմ:

«Մենք համոզված ենք, որ այս սարսափելի գործողության ուժն ու ծավալը կստիպի բոլոր քաղաքակիրթ ազգերին համախմբվելու եւ համաձայնության գալու ընդդեմ քաղաքական ու սոցիալական նկրտումներից բխող բռնության արտահայտությունների», - ասաց Վարդան Օսկանյանը, համոզմունք հայտնելով, որ Նյու Յորքը՝ այն քաղաքը, որը դարասկզբին ապաստան է տվել բռնությունից փախածներին, շուտով ինքը կձերբազատվի վախի զգացումից:

Երեկ ԱՄՆ֊ի նախագահ Ջորջ Բուշին ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով նաեւ, որ Հայաստանը միանում է աշխարհին՝ դատապարտելով այս անմարդկային եւ ողբերգական բռնությունը:

ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցության) նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ վճռականորեն դատապարտելով տեղի ունեցած ահաբեկչությունը եւ խորին ցավակցություն հայտնելով ամերիկյան ժողովրդին եւ զոհվածների հարազատներին, ասաց. - «Ահաբեկչությունը պետք է արմատախիլ արվի: Ահաբեկիչները պետք է ոչնչացվեն: Համոզված եմ, որ ամերիկյան իշխանությունները համարժեք հակահարված կտան այս ահաբեկչությանը»:

Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը մարտահրավեր է, որը միջազգային հանրությանը համախմբվելու եւ ահաբեկչության դեմ միասնաբար պայքարելու մտքին կհանգեցնի:

«1915 թիվն էլ այն հանցագործություններից մեկն էր՝ մոտավորապես նույն աղբյուրից դուրս եկած, որ չդատապարտվեց: Եվ չդատապարտվելով, եկանք-հասանք այս օրին», - ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ավելացնելով, որ տեղի ունեցածը նաեւ զգաստության ազդանշան է 21-րդ դարի համար, որպեսզի աշխարհը նոր կառուցվածք որդեգրի:

«Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարելու կարիք առանձնապես չի զգացվել», - ասաց այդ խորհրդի անդամ Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապի մեջ է խորհրդի անդամների հետ: Իսկ Հայաստանի Ազգային անվտանգության նախարարության խոսնակ Արմենակ Մանուկյանը առանց մասնավորեցնելու տեղեկացրեց, որ ԱԱՆ-ն ձեռնարկել է նման դեպքերի համար անհրաժեշտ բոլոր միջոցները»:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունն աշխատում է Վաշինգտոնում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում: Դեսպանատուն են դիմել Հայաստանի փրկարար ծառայությունները՝ օգնելու պատրաստակամությամբ:

Կեսօրից Հայաստանի կազմակերպություններն ու անհատները՝ ահաբեկչության զոհերի հիշատակին ծաղիկներ էին բերում Երեւանում ամերիկյան դեսպանատուն, մոմեր վառում եւ ցավակցական ու ոգեպնդող գրություններ փոխանցում:

Դեսպանությունը հեռախոսով կապվել է «Ամերիքըն Էյրլայնզ» եւ «Յունայթիդ Էյրլայնզ» ընկերություննրի հետ, որոնց պատկանող երկուական ինքնաթիռ օգտագործվել է ահաբեկչությունն իրականցնելու համար: Երկրորդ ընկերության նախնական տվյալներով, տուժածների իրենց ցանկում Հայաստանի քաղաքացիներ չկան: «Ամերիքըն Էյլայնզը» դեռեւս ճշտում է իր տվյալները:

Հայատանի արտգործնախարարը դժվարացավ կանխատեսել, թե սրանից հետո ինչ զարգացումներ կլինեն աշխարհում՝ համաձայնելով, որ որոշակի ազդեցություն անպայման կլինի:

«Մեզ մնում է», - ասաց Հայաստանի նման փոքր եւ կոպլիմենտար արտաքին քաղաքանություն վարող երկրի արտգործնախարարը, - «մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ ավելի ակտիվացնել, կապի մեջ լինել, տեղյակ լինել, թե ինչպիսի իրադարձություններ կարող են տեղի ունենալ եւ պատրաստ լինել ամեն տեսակի զարգացումների»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին, արտգործնախար Օսկանյանը չի կարծում, թե այցը կհետաձգվի:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վահե Գաբրիելյանն այսօր ավելի վաղ, պատասխանելով Ռուսաստանի նախագահի այցին վերաբերող «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նույնպես ասել է, թե «ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսված գրաֆիկի»:


Ռուզան Խաչատրյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG