Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանն ու Իրանը լավ հեռանկարներ են տեսնում առեւտրական հարաբերությունները ընդլայնելու համար


Չորեքշաբթի օրն ավարտելով իր երկօրյա այցը Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրի նախարար Մոհամմադ Շարիաթ-Մադարին հայտարարեց, որ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ հարեւան երկու երկրների միջեւ առեւտրական կապերն ընդլայնելու ուղղությամբ: Նախարարն ասել է նաեւ, որ հայ պաշտոնյաների հետ վերջնական շտկումներ են կատարվել մի շարք կարեւոր փաստաթղթերում, որոնք ստորագրվելու են նախագահ Քոչարյանի առաջիկայում Իրան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում:

Այսօր իրանցի պաշտոնյային ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի նախագահը առանձնահատուկ նշանակություն է տվել տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը՝ նշելով, որ այն ամուր հիմք է քաղաքական կապերի համար:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «հանդիպման մասնակիցները Հայաստանի - Իրան հարաբերությունները դիտել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովման համար կարեւոր գործոն»:

Շարիաթ-Մադարին լրագրողներին ասաց, որ իր այցի ընթացքում կողմերը մշակել են հայկական ընկերությունների կողմից մոտ 40 ապրանքատեսակների Իրան արտահանման համար նպաստավոր պայմաններ նախատեսող պայմանագրի հիմնական դրույթները: Պայմանագրով այդ ապրանքատեսակների համար սահմանվելու են տարեկան քվոտաներ:

Իրանի առեւտրի նախարարն ասաց նաեւ, որ երկու երկրների փորձագետները շարունակում են աշխատել էներգետիկ ոլորտին վերաբերող երկու խոշոր ծրագրերի՝ Իրանից Հայաստան 140 կիլոմետրանող գազատարի եւ սահմանային Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման վրա:

Գազատարի շինարարության սկիզբը մի քանի անգամ հետաձգվել է: Հայաստանի եւ Իրանի պաշտոնատարները, սակայն, վստահեցնում են, որ նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Շինարարությունն իրականացվելու է հայկական, իրանական, ռուսաստանյան եւ ֆրանսիական ընկերություններից կազմված կոնսորցիումը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG