Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղում Միացյալ Նահանգների նախագահին


Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, իսկ Հայաստանի խորհրդարանը այսօր ընդհատել է իր արտահերթ նիստը՝ ի նշան համերաշխության ահաբեկչական գործողությունների թատերաբեմ դարձած Միացյալ Նահանգների հետ:

Նախագահ Քոչարյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ահաբեկչության չարիքը ցույց տվեց իր այլանդակ դեմքը եւ պետք է կասեցվի միասնական վճռականությամբ: Հայաստանը միանում է աշխարհին՝ դատապարտելով այս առավել անմարդկային եւ ողբերգական բռնությունը: Հայաստանի ժողովրդի ու անձամբ իմ անունից արտահայտում եմ մեր սրտագին ցավակցությունը Ամերիկայի ժողովրդին եւ զոհվածների ընտանիքներին: Մենք կիսում ենք ձեր վիշտը եւ մաղթում ենք ձեզ ուժ ու տոկունություն»:

Ընդհատելով ԱԺ արտահերթ նիստը, պատգամավորներն իրենց ցավակցույթունը հայտնեցին Նյու Յորքում եւ Վաշինգտոնում աղետաբեր հարձակումների զոհերի ընտանիքներին: ԱԺ հայտարարությամբ, որը հրապարակեց խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, պատգամավորներն իրենց համերաշխությունը հայտնեցին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին եւ ամերիկյան ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG