Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հաջորդ քայլը Մինսկի խմբինն է, ասում է լորդ Ռասսել Ջոնսթոնը


Շարունակվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնի տարածաշրջանային այցը: Այսօր նրան ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽ խոսնակը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, մահապատժի վերացմանը:

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը վերահաստատել է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու հայկական կողմի վճռականությունը:

Զրուցակիցները քննարկել են ԵԽ անդամակցության շեմին Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Այդ կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ «Հայաստանն ամենայն լրջությամբ է վերաբերվում իր ստանձնած պարտավորություններին եւ վճռական է դրանք կատարել»:

ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ասաց, թե չնայած նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի գործադրած ջանքերին, իրադարձությունները հասել են մի կետի, որից հետո առաջընթացը դժվարացել է: Նրա կարծիքով, հաջորդ քայլը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է, եւ այստեղ Եվրախորհուրդը կարող է աջակցել: Ռասսել Ջոնսթոնն ասաց, թե խոսվում է փոխզիջումների մասին, սակայն չի ընդգծվում, թե հասարակություններն ինչպես պետք է ներգրավվեն այդ գործընթացում:

Եվրախորհրդի նախագահն անդրադարձավ նաեւ մահապատժի հարցին: Նա անընդունելի համարեց, թե մահապատիժը Հայաստանում կարող է վերացվել՝ կիրառվելով ընդամենը մեկ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի դեպքում, ասելով. «Եթե սկզբունքներ են որդեգրվում, ապա շեղումներ չպիտի լինեն»: Ռասսել Ջոնսթոնը նշեց, որ նախագահ Քոչարյանը նույնպես կողմ է մահապատժի վերացմանը:

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից երկու շաբաթ առաջ Եվրախորհրդի ղեկավարների համատեղ հայտարարության մասին լորդ Ռասսել Ջոնսթոնը կրկին ասաց, որ իրենք սխալվել են, ավելացնելով, որ այդ մասին կասի նաեւ Բաքվում: ԵԽ խոսնակը ասաց, որ այդ հարցում իր համար ավելի ընդունելի է ԱՄՆ-ի պաշտոնական տեսակետը, այսինքն՝ տեղական մարմինների ընտրությունների անցկացումը չի կարող խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG