Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ես երբեք չէի կասկածում, որ Ռոբերտ Քոչարյանին ոչ մի իշխանություն էլ պետք չէ... Իր միակ նպատակը երկիրը ծաղկեցնելն է, ուստի նա մեծ դժկամությամբ է քաշում Հայաստանի նախագահ լինելու ծանր լուծը», - հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն արձագանքելով, հեգնում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Կանխատեսելի է, 2008 թվականին նույնպես կգտնվեն թունավորված եւ չար գործիչներ, որոնց պատճառով Քոչարյանը պարզապես ստիպված կլինի մնալ իր աթոռին՝ կրծքով փակելով նրանց ճանապարհը: Ինչ արած, այդ մարդու բախտը չի բերել»:

«Առավոտ»-ի մեկ այլ մեկնաբանի հայացքով էլ, այս օրերի «բառային փոխհրաձգությունը նախագահի անհավասարակշռությունը եւ թույլ ինքնատիրապետումը բացահայտեց»: Նույն բառային փոխհրաձգության մոտիվներով «Առավոտ»-ը խմբագրականն էլ բնութավորել է. «Հո չի՞ կարող նախագահական իր նստավայրի պատուհաններից նույն հայհոյանքներով պատասխանել միտինգավորներին։ Նման դեպքերում ընդդիմությանը հանդուրժող, բայց նրանց վիրավորանքների հանդեպ անպաշտպան նախագահին չի մնում ոչինչ, բացի իր ընդդիմախոսների դեմ օրենքի ուժի կիրառումից։ Այսինքն՝ գործել բացարձակապես քաղաքակիրթ եւ նրանց հետ հաշիվները մաքրել միայն դատարանի միջոցով»։

Ծաղրանք է պարունակում նաեւ «Ազգային միաբանության» եւ ժողկուսակցության արձագանքը, թե զղջացել են իրենց համատեղ հայտարարության համար, ինչի պատճառով, իբր, Ռոբերտ Քոչարյանը հակվեց իր թեկնածությունը նորից առաջադրելու: «Փաստորեն ժողովրդին թշնամություն արինք», - նրանց ներկայացուցիչներից մեկի խոսքն է փոխանցում «Հայկական ժամանակ»-ը:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը այսօր առավել լուրջ փորձում է արձանագրել նախագահական ընտրարշավի այս ելակետում Ռոբերտ Քոչարյանի «պլյուսներն ու մինուսները»: Դրական նժարին դրվում է հետեւյալը. «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ նկատված որոշակի դրական տեղաշարժերի եւ դրանց հիման վրա երկրի զարգացման համար ստեղծված հուսադրող նախադրյալների առկայությունը, քաղաքական դաշտում ներկայացված հիմնական ուժերի ճնշող մեծամասնության աջակցությունը, արտաքին քաղաքականության մեջ եւ առաջին հերթին ղարաբաղյան հիմնահարցի առկա ձեռքբերումները, միաբեւեռ բնույթ ունեցող իշխանական համակարգի ամրությունը, կայունությունը եւ ներքին միասնականությունը... իշխանության համակարգի հանդեպ լոյալ տրամադրված ունեւոր խավի՝ բիզնեսի ներկայացուցիչների աջակցությունը»: Ռոբերտ Քոչարյանի բացասական հաշվեկշռում նշվում են. «Ընդհանուր գործին նվիրված արդյունավետ աշխատող քաղաքական թիմի բացակայությունը, իշխանական համակարգում բավական խոցելի կենսագրություն ունեցող գործիչների ստվար շերտի առկայությունը, նախագահի շրջապատում քաղաքական խարիզմա, մեծ հեղինակություն եւ մանավանդ լայն ժողովրդականություն ունեցող անհատների պակասը, երկրի սոցիալ-տնտեսական կացության շարքային քաղաքացիների համար շոշափելի փոփոխությունների դեռեւս աննկատ մնալու փաստը»: Ըստ մեկնաբանի, առաջիկա մեկուկես տարում այս բացասական գործոնների զգալի մասն էլ առանց մեծ դժվարության հնարավոր է հաղթահարել:

«Հայոց Աշխարհ»-ի մատուցմամբ, արմատական ընդդիմությունն էլ քաջ գիտակցում է, որ հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու գործընթացը տապալվելու է, բայց «նրանք պարզապես այլ ճանապարհ չունեն, քանզի քաղաքական պայքարի իրենց բոլոր ռեսուրսները օր օրի սպառվում են»: Իսկ իմփիչմենթը «անկախ իրականանալու հավանականությունից, չի բարձրացնի երկրի ղեկավարի հեղինակությունը արտաքին ու ներքին հանրության աչքում»:

«Ժամանակ» թերթի արձանագրմամբ, «երկրում սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ, որին բնորոշ են լինելու կոշտ առճակատումը եւ խիստ անհանդուրժողականությունը... Իրադարձությունների նման զարգացումը կանխատեսելի էր, անսպասելի, անակնկալ, օրինաչափությունից դուրս տարրեր իր մեջ չէր պարունակում»: Ընդհանուր առմամբ, մեկնաբանի գնահատմամբ, «քաղաքական կյանքի առողջացման հեռանկարը մնալու է խիստ մշուշոտ, քանի դեռ կառուցողական բառը համարվելու է ձեւական»:

«Միայն ներքին մղումը, միայն բուռն ցանկությունը շատ քիչ են իշխանափոխության իրականացման համար», - գրում է «Երկիր»-ի մեկնաբանը: - «Պետք է լինեն արտաքին եւ ներքին նպաստավոր պայմաններ»: Արտաքին առումով՝ «մեր երկիրը կայուն, հեռանկարային ռազմաքաղաքական կապեր ունի կովկասյան տարածաշրջանում վճռական դեր ունեցող Ռուսաստանի հետ... Մոսկվան առանձնապես փոփոխությունների պարտադրանք չի զգում»: Ինչ վերաբերում է ներքին պայմաններին, «Ազգային ժողովում միշտ էլ հնարավոր կլինի ապահովել մեծամասնություն, որը հենց սկզբից կկանխի պաշտոնանկության գործընթացը: Պակաս կարեւոր գործոն չեն փորձառու բյուրոկրատիան եւ ամենակարող օլիգարխիան: Նրանք, անշուշտ, կողմ են իշխանության պահպանմանը, որովհետեւ կորցնելով նախագահին՝ ինքնաբերաբար կկորցնեն իշխանության բարձունքները եւ ֆինանսական հզորությունը»: Այնպես որ, մեկնաբանի կանխագծմամբ, «կլինեն հանրահավաքներ, արտոնված ու չարտոնված երթեր, ցույցեր, անհատական թե կոլեկտիվ կոչ-հայտարարություններ, բայց այդ ամենը կտարրալուծվի ընդհանուր ժողովրդավարական համապատկերում՝ ավելացրած իշխանությունների կոշտ հակազդեցությունը եթե ոչ զանգվածի, ապա առանձին անհատների նկատմամբ»:

«Իրավունք» թերթի մասնավորմամբ, «Ռոբերտ Քոչարյանին պահանջվեց ցանկացած գնով փորձել ցույց տալ, որ իրավիճակը վերահսկվում է իր կողմից, քանի որ նրան վախեցնողը ոչ թե րոպեավճարի դեմ հանդես եկող մի բուռ ցուցարարներն էին, այլ քիթը դեպի նոր քամիներ շուռ տվող իր իսկ «հենարանի»՝ չինովնիկության ներկայացուցիչները: Հենց տատանումները թույլ չտալու համար էր, որ Ռ.Քոչարյանը շտապեց հայտարարել, որ առաջադրվելու է երկրորդ նախագահական ժամկետի համար»:

«Նախագահին անհրաժեշտ է ամեն գնով թույլ չտալ հականախագահական զանգվածային ելույթներ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, երբ ժամանելու է Վլադիմիր Պուտինը, ու նրա հետ բանակցություններից պարզ է դառնալու, թե որ սցենարով է ապագայում թաղվելու, այսպես կոչված, կոմպլիմենտարիզմը. ռուսակա՞ն, թե՞ արեւմտյան», - նախանշված է «Իրավունք»-ում:

«Որոշ շրջանակներում այն կարծիքն է արտահայտվում, թե մեր երկրում Ռուսաստանի տնտեսական ազդեցության աճը կարող է բացասական ազդեցություն թողնել Հայաստան- Արեւմուտք հարաբերությունների վրա», - Ազգ»-ի թղթակցի այս հարցադրմանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Սուրեն Սահակյանը պարզապես պատասխանել է. «Ես չեմ կարծում, թե Ռուսաստանի տնտեսական «ներխուժումը» Հայաստան մեր հանրապետությանը վնաս է»:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Լեմոնն էլ «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում նշում է. «Պետք է ձերբազատվենք անցյալում ընդունված այն խաղից, որից ոչ ոք չի շահում եւ որի հիմքում՝ «երբ մեկն օգուտ է ստանում, ապա մյուսը կորցնում է» մոտեցումն է դրված: Այն, ինչ փորձում ենք իրագործել տարածաշրջանում, բոլոր կողմերի շահելու ծրագիրն է»: «Բազում հնարավարություններ եմ տեսնում հայերի համար», - ընդգծում է Հայաստանից հեռացող դեսպանը: - «Երբեմն ցանկանում եմ, որ հայերը նույնքան հավատ ունենան Հայաստանի նկատմամբ, որքան այստեղ աշխատող արտասահմանցիները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG