Մատչելիության հղումներ

logo-print

Պատգամավորները լքում են դահլիճը Եվրախորհրդի խոսնակի ելույթի ժամանակ


Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լորդ Ռասել-Ջոնսթոնն այսօր Երեւանում ելույթ ունեցավ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին նիստում: Նրա ելույթի որոշ դրույթներ հարուցեցին պատգամավորներից ոմանց վրդովմունքը. մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նրա ելույթի ընթացքում լքեցին դահլիճը:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2-րդ գումարման 6-րդ նստաշրջանն սկսելու պատիվը, խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանը փոխանցեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լորդ Ռասել-Ջոնսթոնին: ԵԽ խոսնակը նշեց, որ Հայաստանն այլեւս Եվրախորհրդի լիարժեք անդամ է, իսկ ընկերների հետ պակաս քաղաքավարի են խոսում, սակայն՝ ավելի անկեղծ, ավելացնելով, որ ԵԽ-ն պատրաստ չէ ու պատրաստ չի լինելու որեւէ փոխզիջման մարդու իավունքների ու ժողովրդավարության հարցերում:

Նշելով Եվրախորհրդին անդամակցելու ճանապարհին Հայաստանի կատարած դրական քայլերը, Ռասել-Ջոնսթոնը հայտատարեց, թե կամենում է տպավորությունները կիսել նաեւ բացասական գործընթացների մասին: Նրա խոսքերով, դանդաղ է ընթանում կալանավայրերը ՆԳ նախարարության տնօրինությունից արդարադատության նախարարության տնօրինությանը հանձնելու գործընթացը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, ԵԽ խոսնակը ասաց, որ Հայաստանին ու Ադրբեջանին միասին ընդունելով Եվրախորհուրդ, այդ կառույցում կարծում էին, թե դա կարագացնի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը: Հետագա զարգացումները, սակայն, հիասթափեցրել են իրենց:

Լորդ Ռասել-Ջոնսթոնը ասաց, որ ղարաբաղյան կարգավորման հարցը ինքը քննարկել էր Կարեն Դեմիրճյանի հետ երկու տարի առաջ՝ նախորդ այցելության ընթացքում: Նրա խոսքերով, Կարեն Դեմիրճյանը դեմ չէր, որ Ղարաբաղը շրջապատող հողերը, ուր նախկինում ադրբեջանցիներն են ապրել, ազատվեն, իսկ Լեռնային Ղարաբաղը բնակեցված լինի հայերով՝ միջանցք ունենալով դեպի Հայաստան:

Մահապատժի հարցին անդրադառնալով, նա նշեց, որ Հայաստանը Թուրքիան եւ Ռուսաստանը կազմում են այն եռյակը ԵԽ-ում, ուր մահապատիժը վերացված չէ եւ ասաց, որ, չնայած մահապատիժը վերացնելու գաղափարը Հայաստանում ժողովրդականություն չի վայելում, այնուամենայնիվ՝ դա պետք է արվի:

Եվրախորհուրդը սխալ է համարում մահապատիժը, ասաց Ռասել-Ջոսնթոնը, ավելացնելով, թե խորհրդարանակի պատասխանատվությունը միայն այն չէ, որ հետեւի ընտրողների ասածներին: Նրա խոսքերով, մահապատժի վերացումը ԱԺ անդամներից նաեւ որոշակի խիզախություն է պահանջում:

ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի այդ խոսքերից հետո մեկ տասնյակից ավելի պատգամավորներ ցուցադրաբար լքեցին դահլիճը:

«Ասում է՝ դուք ժողովրդի կարծիքը հաշվի մի առեք, վճռական եղեք՝ մահապատիժը հանեք: Եվ խոսում են ժողովրդավարության մասին. այդտեղ ժողովրդավարությունը ո՞ւր մնաց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց դահլիճը լքած պատգմավորներից Մանուկ Գասպարյանը:

ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը Ռասել-Ջոնսթոնի ելույթի մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես բնական եմ համարում, միգուցե, նման վերաբերմունքը խորհրդարանին, որովհետեւ շատ հաճախ մեր քաղաքական գործիչները, մեր պատվիրակությունները իրենք են թույլ տալիս ոտնահարել մեր արժանապատվությունը»:

Նախորդ նստաշրջանում բաշխիչ ցանցերի մասնավորեցման մասին օրենքի քվեարկության ժամանակ որոշ պատգամավորների պնդմամբ տեղի էին ունեցել կեղծիքներ: Այդ կապակցությամբ խորհրդարանում ստորագրահավաք է անցկացվում՝ Սահմանադրական դատարան դիմելու համար: Անհրաժեշտ 44 ստորագրություններից հավաքվել է առայժմ 30:

«Հանրապետություն», ՀԺԿ եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների անցած շաբաթ հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվում էր նախագահ Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելու մասին: Ստորագրահավաքը, սակայն, դեռ չի սկսվել: Ըստ ՀԺԿ-ական պատգամավոր Ստեփան Զաքարյանի, փաստաթղթի նախագիծը դեռ պատրաստ չէ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG