Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կայուն տեմպերով աճում է


Լեռնային Ղարաբաղում, ըստ պաշտոնական տվյալների, աճում է բնակչության քանակը: Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերաբնակվել ցանկացողների թիվը տասն անգամ ավելի է, քան հնարավորություն են տալիս վերաբնակեցնել պետական հատուկ ծրագրին հատկացվող միջոցները:

Հետպատերազմյան տարիներին Լեռնային Ղարաբաղում բնակչության թվակաքանակը կայուն կերպով աճում է: Պաշտոնական տվյալներով 2001 թվականի առաջին վեց ամսում բնակչության մեխանիկական աճը (Ղարաբաղում բնակություն հաստատողների եւ Ղարաբաղից հեռացողների թվի տարբերությունը) կազմել է ավելի քան 800 մարդ: Անցած տարվա համեմատ փոքր-ինչ ավելացել է հեռացածների թիվը, փոխարենը եկողների թիվը գրեթե կրկնապատկվել է: Շոշափելիորեն ավելացել է նաեւ բնական աճը. անցած 8 ամսվա ընթացքում Արցախում ծնվել է շուրջ 1400 երեխա:

Ըստ պաշտոնական տվյալների, ներկայումս Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում է 143 հազար մարդ: 56 հազարը ապրում են Ստեփանակերտում, քաղաքաբնակները կազմում են ամբողջ բնակչության 53 տոկոսը:

Ղարաբաղի իշխանությունները վերաբնակեցման հատուկ ծրագրեր են իրականացնում: Նրանց խնդրանքով անցած տարվա հոկտեմբերից Հայաստանը եւս ներգրավել է այդ պետական ծրագրի մեջ:

1994 թվականից մինչեւ օրս Հայաստանից վերաբնակեցվել է 1012 ընտանիք, սակայն ցանկացողների թիվը տասնապատիկ մեծ է: Պարզապես անբավարար են այդ ծրագրերի իրականացման համար նախատեսված միջոցները:

Միգրացիայի եւ փախստականների վարչության ներքին միգրացիայի ու վերաբնակեցման բաժնի պետ Սամվել Հարությունյանի խոսքերով, սա համազգային նշանակության խնդիր է, որը նաեւ թեթեւացում է սոցիալական լարվածությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սամվել Հարությունյանը, այս տարվա համար արդեն ընտրված եւ հաշվառված է 700 ընտանիք, մինչդեռ հնարավորություն կա ապահովելու միայն 200-250 ընտանիքի վերաբնակեցումը:

Հայաստանյան գյուղեր կան, որտեղից միանգամից 200 մարդ ցանկություն է հայտնել տեղափոխվելու Արցախ: Ըստ կատարված ուսումնասիրությունների, դրանք հիմնականում սոցիալապես անապահով բազմամարդ ընտանքիներն են, որոնց մեջ գերակշռում են փախստականները:

Սամվել Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց նաեւ, որ վերաբնակեցման մեկնող յուրաքանչյուր ընտանիքի 20 տարի ժամկետով տրվում է 200 հազար դրամ նպատակային վարկ: Ապահովվում է բնակարանը, որտեղ 5 տարի բնակվողը դառնում է սեփականատեր: Տրվում է նաեւ հողակտոր: Վերաբնակները 5 տարի ժամկետով ազատում են հարկերից:

«Պետական ծրագրով վերաբնակեցված ընտանիքներից ոչ մեկը հետ չի վերադարձել: Պետությունը նրանց ճակատագրով հետաքրքրվում է եւ աշխատում լուծել պրոբլեմները», - վստահեցրեց Միգրացիայի եւ փախստականների վարչության ներքին միգրացիայի ու վերաբնակեցման բաժնի պետը:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ եւ Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG