Մատչելիության հղումներ

Քոչարյանը հայտարարում է, որ մասնակցելու է հաջորդ նախագահական ընտրություններին





«Երբ որ ինձ հարցնում էին, մասնակցելու եմ ես մյուս նախագահական ընտրություններին, թե ոչ, ես շատ անորոշ էի պատասխան տալիս կամ փորձում էի խուսափել նման կարգի հարցերից: Քանի որ իսկապես կողմնորոշված չէի ինքս ինձ համար: Այդ հայտարարությունից հետո ես կողմնորոշվել եմ եւ ասում եմ՝ այո, մասնակցելու եմ», - այսօր ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի այս հայտարարության համար առիթ էր ծառայել «Ազգային միաբանություն», ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) եւ «Հանրապետություն» կուսակացությունների «Հանրապետություն» կուսակցության ուրբաթ օրը տեղի ունեցած համագումարում հրապարակված համատեղ հայտարարությունը, որով ընդդիմադիր այդ կուսակցությունները պահանջում են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը:

«Այդ հայտարարության մեջ այնքան չարություն կա, որ նման կարգի, այդ քանակի չարություն ունեցող մարդիկ ուղղակի իշխանության հավակնելով... նաեւ վտանգավոր են երկրի համար», - ասաց Ռոբերտ Քոչարյանը, ավելացնելով, որ թունավորված ղեկավարն անպայման թունավորելու է երկիրը:

2003 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին նախագահ Քոչարյանը հայտարարեց «Գրանդ Սան» ընկերության էլեկտրալամպերի գործարան այցելության ժամանակ:

Նախագահն արդրադարձավ նաեւ «ԱրմենՏել»-ին, անուղղակիորեն ընդգրկելով նաեւ երեկ Անկախության հրապարակում տեղի ունեցածը: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ տրանսպորտի ու կապի նախարարին հանձնարարություն է տվել արգելել րոպեավճարի կիրառումը, քանի որ առկա են բոլոր լծակներն ու հնարավորությունները խնդիրը իրավական դաշտում լուծելու համար: «Կարծում նման կարգի հարցեր պետք է լուծվեն իսկապես իրավական դաշտում, ոչ թե օպերայի հրապարակում», - ասաց նախագահը:

Երեկ Անկախության հրապարակում «ԱրմենՏել»-ի կողմից րոպեավճարի կիրառման դեմ հանրահավաքը, որը հրավիրել էին ընդդիմադիր մի շարք ուժեր, տապալվեց, բախումներ տեղի ունեցան իրավապահների եւ հանրահավաքականների միջեւ: Արտոնված հանրահավաքը վերածվեց չարտոնված երթի դեպի նախագահի նստավայր, սակայն իրավապահներն այստեղ էլ փակել էին ճանապարհը: Արդյունքում կան ձերբակալվածներ, որոնց թվում է նաեւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

«Մենք վաղուց պետք է դուրս եկած լինեինք այդ հեղափոխական ռոմանտիզմի ժամանակաշրջանից», - ասաց նախագահը, նշելով, որ տվյալ պարագայում կառավարությունը պատասխանատվություն է կրում եւ իր գորոծառույթը պիտի փորձի իրականացնել ունեցած լծակներով:

«Այս հարցի հետ կապված, քաղաքական դիվիդենտների ձեռքբերումը էժան ճանապարհով ուղղակի անիմաստ է եւ չեմ կարծում նաեւ, թե օգտակար է», - եզրափակելով քաղաքական թեման, ասաց նախագահը:

Հանդես գալով գործարանի բանվորների առջեւ, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ինքը դեռեւս վարչապետ եղած ժամանակ այցելել էր գործարան եւ այն նմանեցրել ռմբակոծված տարածքի: Բայց գտնվեց ռազմավարական ներդնողը, եւ գործարանն այսօր աշխատում է:

«Սա իսկապես հույս է ներշնչում, որ Հայաստանը վերադարձնելու իրեն այն համբավը, որն ուներ: Դա արդյունաբերական երկրի համբավն է», - ասաց Հայաստանի նախագահը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG