Մատչելիության հղումներ

Հայաստանում նվազել են օտարերկրյա ներդրումները


Ընթացիկ տարվա ներդրումների վիճակագրությունը փաստում է, որ տարեսկզբին արված կանխատեսումները ներդրումների հնարավոր աճի վերաբերյալ գերագնահատված էին: Ակնկալվում էր, որ այս տարվա ընթացքում արտաքին ուղղակի ներդրումների ծավալը, ընդհանուր առմամբ, կգերազանցի 200 միլիոն դոլարը։

Մինչդեռ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում ներդրումները կազմել են լավագույն դեպքում 52 միլիոն դոլար։ Ընդ որում, արված ներդրումների առյուծի բաժինը կազմում է ռուսաստանյան ընկերությունների՝ «Հայռուսգազարդ»-ի եւ «Արմենալ»-ի հիմնական կապիտալի մեջ արված ներդրումները։ 19 միլիոն դոլար ուղղակի ներդրում, եթե հավատանք վիճակագրությանը, կատարել է «ԱրմենՏել»-ը։

«Հայռուսգազարդի» կանոնադիր կապիտալի մեջ ռուսական «Գազպրոմ» ընկերության շուրջ 28 միլիոն դոլարի ներդրումները, սակայն, ընդամենը բնական գազի տեսքով են, որոնց շուրջ, կարծես թե սկանդալային պատմություն է հասունանում: «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 45 տոկոսի սեփականատեր «Գազպրոմ» ընկերությունը 1998 թվականից ի վեր շուրջ 148 միլիոն դոլարի բնական գազ է առաքել Հայաստան, որը, սակայն, վաճառվել է ու գումարը բյուջե չի փոխանցվել։ Գումարները էներգետիկայի նախարարությունը ծախսել է իր բազմաթիվ ֆինանսական ճեղքերը փակելու նպատակով։ Ու այժմ լրացել է ժամկետը ու 148 միլիոնը ենթակա է բյուջե վերադարձման։ Իսկ թե որտեղի՞ց ու ինչպե՞ս, հայտնի չէ։

Արտաքին ներդումների հետագա ավելացումը եւս որոշակիորեն կապվում է Հայաստանում ռուսաստանյան ընկերությունաների ակտիվացման հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը, թերեւս, որոշակիություն մտցնի այդ խնդրի մեջ։ Արդեն պայմանավորվածություն կա Հրազդանի ՊՇԷԿ-ի, «Մարս» գործարանի, Մաթեմաթիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմքի վրա հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ։ Թեեւ, դժվար է ասել, թե այդ ծրագրերը կուղեկցվե՞ն, արդյոք, ռեալ ներդրումներով: Համենայնդեպս, Ռուսաստանն առաջարկել է իբրեւ ներդրում ձեւակերպել իրեն ունեցած Հայաստանի ավելի քան 114 միլիոն դոլարի պարտքը։

Մինչդեռ, նշված ձեռնարկությունները ռեալ ներդումների կարիք ունեն։ Ասենք, միայն Հրազդանի ՊՇԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի կիսակառույցն ավարտելու համար, որոշ գնահատումներով, առնվազն 100 միլիոն դոլարի ներդրում է պետք։

Ներդումային մյուս ակնկալիքը կապվում է Հայաստանի էլեկտրաբաշխիչ ցանցերի մասնավորեցման հետ։ Հիշեցնեմ, որ այն ծրագրվում է մինչեւ նոյեմբեր ավարտել ու հայտարարել մրցույթի հաղթողին։ Չի բացառվում, որ մրցույթին մասնակցեն նաեւ ռուսական էներգետիկ ընկերությունները, համենայնդեպս, մեր պաշտոնյաները չեն բացառում դա։

Ըստ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի, մրցույթի եզրափակիչ փուլին կրկին մասնակցելու ցանկություն են հայտնել նախաորակավորման փուլն անցած չորս արեւմտյան ընկերությունները՝ իսպանական «Յունիոն Ֆենոզան», ամերիկյան «Սիլք Րոուդը», Ֆրանսիական «Էլեկտրիսիտե դե Ֆրանսը» եւ շվեդա-շվեցարական «ԷՅ-ԲԻ-Բի»-ն։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG