Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօր լրատու եւ դիտող-ընթերցող հասարակությունը, ինչպես ժամանակին պատկերավոր կասեին՝ լիզում է երեկվա բուռն կյանքի հետքերը: Արգելափակոցից դուրս եկավ ոչ միայն անհնազանդ ցուլը, այլեւ հանրահավաքը, որը, զարգացումների բերումով, «Ընդդեմ րոպեավճարի» ուղղորդումից տեղափոխվեց միանգամայն այլ դաշտ:

«Մահ կամ ազատություն» վերնագրի տակ «Առավոտ» թերթը խտացրել է. «Ցլամարտի կազմակերպիչները գերագնահատել էին մեր ազգային կովերի հմայքն ու հնարավորությունները, թե վերջիններս, իբր, ցուլի կատաղելու դեպքում, կհանգստացնեն նրան։ Չհանգստացրին։ Ազատատենչ ցուլը գերադասեց պատվով մեռնել, քան ամբողջ կյանքում քարշ գալ ամոթխած հայ կովերի հետեւից։ Այդժամ արգելապատնեշը ջարդած ցուլի նկատմամբ որոշվեց կիրառել տեռորիստական ակտ՝ գնդակահարել նրան։ Ցուլը, սակայն, ընդդիմացավ հայկական ազգային ավանդույթով զոհվելու տարբերակին եւս։ Հպարտ կենդանին սպանվեց ինչպես վայել է իսկական ցուլին»:

Բայց եթե ցուլն արդեն անցյալ է, ապա հետհանրահավաքային բորբոքումը՝ ներկա եւ ապագա: Պետրոս Մակեյանի բաժինբերման հետ կապված «Առավոտ»-ի մեկնաբանը ընդգծում է. «Հասկանալի է. հասարակության դժգոհությունը որքան աճում է, իշխանությունների դիրքերն ավելի են թուլանում, եւ պետք է ակնկալել, թերեւս, որ հասարակության դժգոհությունը սաստելու իշխանությունների միակ մեթոդը բռնությունն է լինելու՝ նույնիսկ քաղաքացու բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի ոտնահարման գնով»:

Ի դեպ, այս ընթացքում տուժել է նաեւ մի լրագրող՝ ոստիկանների կողմից արժանանալով ձեռքերի ոլորման ու ֆոտոխցիկի խլման: «Հայկական ժամանակ» թերթը նույնպես առանձնացրել է՝ «Իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, նրանք ժողովրդի դեմ արդեն ոստիկանություն են հանում»: Խորհրդանշական երանգ է ստացել համընկնումը, որ նախագահական նստավայրի մերձակայքում ցուցարարներին են միահյուսվել եւ «Հանրապետություն» կուսակցության համագումարի պատվիրակները, բազմությանը փոխանցելով իրենց հռչակած՝ օրվա կարեւորագույն խնդիրը՝ «սկսել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն էլ արձանագրել է. «Վերջին ժամանակներս հաճախ ակամա տպավորություն է ստեղծվում, թե ՆԳՆ ստորաբաժանումները կարծես դիտավորյալ է'լ ավելի են բորբոքում առանց այդ էլ շիկացած կրքերը: Եվ դրա փայլուն օրինակ էին երեկվա իրադարձությունները»:

Ինչ վերաբերում է «Հանրապետության» համագումարին, մեկնաբանի հայացքով, այն «որեւէ բանով չէր տարբերվում ամիսներ շարունակ հանրապետության տարբեր մարզերում կազմակերպված միջոցառումներից. նույն մերկապարանոց ու չապացուցված մեղադրանքները, նույն ինքնասիրահարված կեցվածքը եւ, անշուշտ, իշխանությունն իրենց հանձնելու հին փաստարկները»: Այս ամենը որակելով «անճարակ քայլեր», մեկնաբանը սահմանում է՝ «Տվյալ պահին ժողովրդին կոչով դիմող այս ուժերի գերնպատակն է ամեն գնով խաթարել երկրի բնականոն կյանքը, իրենց գործողություններով թուլացնել իշխանությունը, նրան կտրել կառուցողական ծրագրերը զարգացնելու եւ խորացնելու գործից»:

«Ժամանակ» թերթն էլ ձեւակերպում է՝. «Մենք ձեր երգը վաղուց ենք լսել» եւ ելույթներից քամում, թե ընդդիմադիրների նպատակը «ընդամենը մի քանի պաշտոնյաների «ինֆարկտի հասցնելն է»:

«Երկիր»-ի մեկնաբանը ընդդիմության համար հեռանկար չի տեսնում կարծես առաջին հերթին հետեւյալ պատճառով. «Նախագահի թափուր մնացած աթոռն ինչպե՞ս են կիսելու արդեն իսկ մեկտեղված այս գործիչները. չէ՞ որ դաշն կազմած երեք կուսակցություններում առնվազն չորս նախագահացու է կազմ-պատրաստ սպասում»: Ի տարբերություն «Հայոց Աշխարհ»-ի, «Երկիր»-ի առաջնորդող հրապարակումը իշխանությանը զուտ կառուցողական ծրագրերի խորացման գործի բովում չի տեսնում. «ԱրմենՏել»-ի գործունեության հետ կապված ողջ խճճված ու խայտառակ պատմությունը գալիս է աներկբայորեն հաստատելու առնվազն երկու բան: Նախ, մեր իշխանությունները (հին, թե նոր) շատ վատ են պատկերացնում միջազգային տնտեսական կապերի բոլոր նրբությունները, սկսում են ոտուձեռ ընկնել, երբ ամեն ինչ արդեն ավարտված է... Իշխանության ներկայացուցիչներին պակասում է բարձր պրոֆեսիոնալիզմը, անհրաժեշտ պետականամետությունը եւ կենսունակ պատվախնդրությունը՝ մինչեւ վերջ պայքարելու մեր երկրի ու ժողովրդի շահերի համար»:

«Հայկական ժամանակ»-ի շեշտադրմամբ, նախագահ Քոչարյանի երեկվա ինտերնետային ասուլիսում առավել ուշագրավը նրա զուսպ արտահայտություններն են ընդդիմության նկատմամբ: «Նախկինում մոտավորապես նույնատիպ հարցերին պատասխանելիս Քոչարյանը սիրում էր օգտագործել այնպիսի բառեր, ինչպես «մոսկաներ», հաճախ էր սիրում խոսել վատ պարողների մասին», - նշում է թերթը, ենթադրելով ներկա զսպվածության երկու պատճառ. - «Կամ նրան տպավորել է ընդդիմության միավորումը, կամ էլ դա կապվում է այն բանի հետ, որ տվյալ դեպքում նրա պատասխանները հասու են ո'չ միայն հայաստանցիներին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG