Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը րոպեավճարի հարցում արտահայտվում է կառավարության կողնից այժմ իրականացվող գործողություններով», - «Հայոց Աշխարհ»-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը: Իսկ մամուլում այսօրվանից ավելի շեշտադրված է սկսել պտտեցվել միտքը, թե շատ մոտ ապագայում կառավարությունը կգլխավորի Սերժ Սարգսյանը: Որոշ դիտորդների կարծիքով, րոպեավճարի հարցը կլուծվի հետեւյալ կերպ. ամենավերջում կմտնի «տղեն՝ սիպտակ կաստում-շլվարով» եւ «ԱրմենՏել»-ի հետ ունեցած բանակցությունների արդյունքում կհայտարարի, որ րոպեավճարի հարցը լուծված է, այսինքն, դրա կիրառումը հետաձգվում է: Իսկ «տղեն» տվյալ դեպքում Սերժ Սարգսյանն է», - մատուցում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Ընդհանրապես կարծիք կա, որ Պուտինի այցելության արդյունքում սկզբունքային փոփոխություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն տնտեսական, այլեւ Հայաստանի ներքաղաքական հարցերում: Առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ամենաազդեցիկ ու որոշիչ գործիչը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է... Այս համատեքստում բացառված չէ, որ Պուտինի երեւանյան այցից հետո ներկայումս փաստացի վարչապետի ֆունկցիաներ կատարող Ս. Սարգսյանի «գործունեությունը» ֆորմալացվի», - բխեցնում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, նաեւ նմանեցնելով. «Ըստ էության, Սերժ Սարգսյանը հայտվել է 1999 թվականի գարնան՝ Վազգեն Սարգսյանի վիճակում. երբ կատարում է շատ ավելի մեծ ֆունկցիաներ, քան նրան վերապահված են պաշտպանության նախարարի պաշտոնով, եւ այս թնջուկը կամ քաղաքական համակարգի իմաստով անտրամաբանական իրավիճակը պետք է իր լուծումը ստանա»:

«Հայոց Աշխարհ» թերթում շարունակվում է Սերժ Սարգսյանի հետ հայ-ռուսական համագործակցության եւ տնտեսական զարգացման խնդիրների շուրջ հարցազրույցների շարքը: Պարտքերի դիմաց հայաստանյան ձեռնարկությունների բաժնեմասեր տալու ծրագրի նպատակը դրանց վերագործարկումը եւ Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրացումն է, այլ ոչ թե սոսկ պարտքի մարումը, - ասում է Սերժ Սարգսյանը: - «Տնտեսական զարգացման ուղիների ընտրությունը եւս քաղաքականություն է: Կոնկրետ այս ծրագիրը զուտ տնտեսական խնդիր չեմ համարում: Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ բավական սերտ, հիմնարար հարաբերություններ ունի ռազմական, քաղաքական եւ այլ բնագավառներում: Բայց զուտ տնտեսական բնագավառում այդպիսի հարաբերություններ եւ գործակցություն չունենք: Եվ, անշուշտ, այս ոլորտն էլ պետք է բաձրացնենք մյուս հարաբերությունների աստիճանին, ինչը մեր ժողովրդին թե' քաղաքական, թե տնտեսական առումներով պիտի բավարարի»:

Հայաստանի արտաքին պարտքը ներկա դրությամբ կազմում է 857 մլն դոլար, եւ վարկերի մարման առումով 2001-2006 թթ. համարվում են ամենալարված շրջանը: Միայն այս տարվա ընթացքում Հայաստանը պարտավոր է վերադարձնել ավելի քան 80 մլն դոլար: Հակառակ այն մտայնությանը, թե «լավագույն ելքը ստեղծված կացությունից՝ Հայաստանը անվճարունակ ճանաչելը եւ այսպիսով բոլոր պարտքերը դուրս գրելն է», - «Հայոց Աշխարհ»-ի խմբագրականն ընդգծում է. «Քանի դեռ մեզ եւ, նախ եւ առաջ, իշխանությանը չեն սովորեցրել ամբողջությամբ վերադարձնել պարտքերը, մենք երբեք չենք սովորի տնտեսել ու ճիշտ տնտեսավարել: Այն երկիրը, որտեղ թոշակառուները ստանում են ամսական 10 դոլար, իսկ հազարավոր չինովնիկներ ու ժողովրդի ընտրյալներ շրջում վերջին մակնիշի «Մերսեդեսներով», իրավունք չունի պահանջել պարտքերի թողություն... Ինչո՞ւ պիտի օգնեն մի երկրի, որտեղ բերմուդյան եռանկյունու պես անհետանում են միլիոնանոց օտարերկրյա վարկերը»:

«Մի՞թե դուք կարծում եք, որ ինձ վրա կարելի է ճնշում գործադրել»,- հեռախոսով «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանին է հարցրել մի պաշտոնյա, եւ այսօր նրանից ստանում է հետեւյալ հանգամանալից գրությունը. «Այո, այսօր հնարավոր է ճնշել ցանկացած պաշտոնյայի: Շատ պարզ պատճառով. նրանք ունեն պաշտոն եւ ուսադիրներ (բառի ուղիղ կամ անուղղակի իմաստով): Նրանք ունեն «Ջիպ» կամ «BMW», ինչպես նաեւ առանձնատուն եւ «փայ» որեւէ բիզնեսում: ...նրանք մշտական «սթրեսի» մեջ են՝ վախենալով այդ ամենը կորցնել: Եվ նրանց այդ դողը հիմնավոր պատճառներ ունի՝ նրանք իսկապես կարող են ցանկացած վայրկյան զրկվել ամեն ինչից, եթե այդպես ցանկանա իշխանությունը, որն այսօր ներկայանում է երկու դեմքով... Ներկա Հայաստանում նյութապես լավ ապրում են «իշխանամետ քաղաքական գործիչները, պաշտոնյաները եւ որոշ «ընտրյալ» բիզնեսմեններ: Բայց այդ բոլոր մարդկանց բարեկեցությունը շատ փխրուն է եւ ժամանակավոր: Իսկ վախի վրա կայունություն չես հաստատի», - շեշտում է խմբագիրը: - «Կայուն վիճակն այն ժամանակ է, երբ նրանք, ովքեր կորցնելու բան ունեն, պաշտպանված են, վստահ վաղվա օրվա վրա եւ չեն վախենում ամեն ինչից զրկվել: Իսկ երբ կա այդ ամենօրյա վախը, ապա վաղ թե ուշ ասպարեզ է գալիս լյումպենը՝ նա, ով կորցնելու բան չունի, բացի սեփական շղթաներից: Թե ինչով է դա վերջանում, հայտնի է»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծ, նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանը ասում է. «Հիմա եկել է մի իշխանություն, որը փոխում է սկզբունքը դեպի արարում: Բայց մենք գիտենք, որ մեկ տարվա քանդածը տասը, նույնիսկ 20 տարում հնարավոր չի վերականգնել: Եթե այս բոլորը գիտենք, գիտենք նաեւ, որ փոփոխությունները դրական են, եւ շարունակում ենք ընդդիմադիր լինել՝ դա առնվազն անխղճություն է»:

Նման անխիղճներին «Երկիր»-ի մեկնաբանն այսօր որակում է արմատական խառնամբոխ, որի բաղադրիչները իրար բնավ չեն էլ վստահում: Այս ընթացքում հատկապես Արտաշես Գեղամյանն ու նրա մերձավորները շարունակում են համոզել, որ նա ամենաիսկական ընդդիմադիր է, այլ ոչ թե, ասենք, Սերժ Սարգսյանի մարդը: «Երկիր»-ում ամփոփված է, որ «Հանրապետություն» կուսակցության այսօրվա համագումարը լավագույն ամբիոն է՝ հավաստելու ընդդիմության հանդեպ սերն ու ատելությունն առ իշխանություն, եւ սրա հետ նաեւ ՀԺԿ, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» կուսակցությունների համատեղ հայտարարությամբ գուցե մի քայլ էլ հստակություն կմտցվի՝ ով ինչ է:

Ըստ «Իրավունք«» թերթի, ««Հանրապետություն»-ը, ՀԺԿ-ն եւ «Ազգային միաբանությունը» արդեն իսկ եկել են համաձայնության, թե իշխանափոխությունից հետո ինչպես են բաշխվելու առանցքային պաշտոնները... Բայց», - ավելացնում է մեկնաբանը, - «իշխանական ճամբարը դեռեւս դիմադրության բավականին մեծ ռեսուրսներ ունի»: Մասնավորապես՝ «ռուսամետության մրցավազքի» ռեսուրսը: Սերժ Սարգսյանն արդեն իսկ հավակնում է ռուսից էլ ռուսամետի դափնիներին, իսկ Ռոբերտ Քոչարյանը հասցրել է Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին բազմաթիվ ականջ շոյող որակումներ տալ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG