Մատչելիության հղումներ

ԼՂՀ բնակչությունն ակտիվորեն մասնակցել է ընտրություններին


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովում, սեպտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը:

Մայրաքաղաք Ստեփանակերտում 6 թեկնածուներից քաղաքապետ է ընտրվել իշխանությունների եւ «Ժողովրդավարական Արցախ» միության (ԺԱՄ) պաշտպանած թեկնածուն՝ Համիկ Ավանեսյանը: Նրա օգտին են քվեարկել ընտրողների 53 տոկոսը: ՀՅԴ անդամ Մաքսիմ Միրզոյանը ստացել է ընտրողների 30 տոկոսի քվեն:

Ընտրությունները չեն կայացել միայն սակավաթիվ առանձին համայնքներում՝ բոլոր թեկնածուների ինքնաբացարկի կամ այլ պատճառներով:

Ըստ գործող ընտրական օրենքի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվում են ինքնառաջադրման սկզբունքով: Այդուհանդերձ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԺԱՄ-ի համանախագահ Աշոտ Ղուլյանը, իրենց պաշտպանած թեկնածուները գերազանց արդյունքների են հասել գրեթե բոլոր շրջաններում: Նախնական տվյալներով, հանրապետության 223 համայնքներից ԺԱՄ-ականները ղեկավար են ընտրվել շուրջ 140-ում: Դաշնակցական ղեկավարներ են ընտրվել մոտ 20 համայնքներում:

Աշոտ Ղուլյանի գնահատմամբ, ընտրություններն անցել են կազմակերպված, նկատված խախտումները շտկվել են տեղում:ՀՅԴ-ի Արցախի կազմակերպության կենտրոնական կոմիտեի պատասխանատու Գրիգոր Հայրապետյանը, սակայն, տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրում են ընտրությունների ժամանակ տեղ գտած բացասական փաստերը, եւ դրանց վերաբերյալ գնահատականները կհրապարակեն առաջիկայում:

Ընտրությունների վերջնական արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն մինչեւ սեպտեմբերի 10-ը:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG