Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը աղմուկ են բարձրացնում Ղարաբաղի պատվիրակության այցի կապակցությամբ


Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 4-ից Բաքվում գտնվող Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների եւ հասարակայնության ներկայացուցիչների պատվիրակության հետ հինգշաբթի օրը նախատեսված հանդիպումից հրաժարվել են Ադրբեջանի երեք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները:

Պատճառաբնությունն այն է, որ պարվիրակության ղեկավար, «Հելսինկյան նախաձեռնություն-92» իրավապաշտպան կազմակերպության Ղարաբաղի համակարգող Կարեն Օհանջանյանը Բաքու ժամանելու օրը «չճանաչված հանրապետությունը» բնութագրել է որպես «անկախ պետություն»: Պատվիրակության անդամները Բաքվում բողոքել են այն բանի դեմ, որ իրենց վերաբերվում են որպես Ադրբեջանի քաղաքացիներ եւ ցույց են տվել հայկական անձնագրեր:

Ըստ «Թուրան» գործակալության հաղորդագրության, ղարաբաղյան հակամարտության հարցում կոշտ դիրքորոշում ցուցաբերող «Մուսավաթ», «Ազգային անկախություն» եւ «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների առաջնորդները պատվիրակության անդամների վարքագիծը համարել են «վիրավորական»:

Լարվածությունն առաջացել է չորեքշաբթի օրը, երբ Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու ռազմական ճանապարհի ջատագով «Շարժում հանուն Ղարաբաղի ազատագրության» կազմակերպության անդամները ցույց էին կազմակերպել այցի կազմակերպիչներից մեկի՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության ադրբեջանական գրասենյակի մոտ: Բաքվից ստացված հաղորդագրություններում ասվում է, որ բողոքարարները ներխուժել են ներս՝ փորձելով խանգարալ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության 11 անդամների հետ ընթացող հանդիպումը:

Նույն օրը Ղարաբաղի պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նախագահ Հեյդար Ալիեւի աշխատակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին շորեքշաբթօի օրը հայտնել էր Սորոսի հիմնադրամի Ադրբեջանի բաց հասարակության ինստիտուտի պատասխանատու Ֆարդա Ասադովը, այցելությունը ֆինանսավորվում է հիմնադրամի կողմից: Ծրագիրը, որի համար դրամաշնորհ է հատկացվել «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպությանը, նախատեսում է նաեւ արդբեջանական պատվիրակության այցը Ղարաբաղ:

Պատվիրակությունն, ըստ ծրագրի, Ադրբեջանում պիտի մնար մինչեւ սեպտեմբերի 11-ը: Ըստ «Թուրան» գործակալության, սակայն, այցի տեւողությունը կարող է կրճատվել՝ բողոքների պատճառով:


Էմիլ Դանիելյան, Երեւան եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG