Մատչելիության հղումներ


«ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեն Նիկոս Գեորգիուլասը (ձախից) եւ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վաղինակ Քոչարյանը


«Հայաստանում րոպեավճարը կիրառվում է 2001 թվականի սեպտեմբերի 1-ից», - այսօր հայտարարեց հունական ՕԹԵ ընկերության մասնաճյուղը եւ Հայաստանի հեռախոսակապի մենատերը հանդիսացող «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Նիկոս Գեորգիուլասը: «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վաղինակ Քոչարյանը, սակայն, ճիշտ հակառակն է հայտարարում՝ «2001 թվականի սեպտեմբերի մեկից րոպեավճարը չի կիրառվելու»:

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վաղինակ Քոչարյանը փաստորեն կոչ արեց բաժանորդներին չվճարել րոպեավճարով հաշվարկված հաշիվները: «Երբ որ ձեզ կներկայացնեն հաշիվները, երբ ձեր հեռախոսները կանջատեն, մենք համարժեք որոշումը կկայացնենք», - ասաց նա:

Մամուլի ազգային ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիս-բանավեճին մասնակցում էին նաեւ ԱԺ կապի ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը, ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը, շահագրգիռ այլ պաշտոնյաներ եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիկոս Գեորգիուլասը մեկ անգամ էլ տեղեկացրեց, որ «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի կայացրած որոշումը կարող է փոխվել միայն նույն խորհրդի կամ ՕԹԵ-ի ղեկավարության որոշմամբ: Ի պաշտպանություն րոպեավճարի ներդրման, նա փաստարկեց, թե այն գործում է աշխարհի 126 երկրներում, եւ ասաց, թե րոպեավճարի նկատմամբ իր վերաբերմունքով Հայաստանը ցույց կտա՝ ուզում է արդյոք 21-րդ դար մտնել եվրոպական ստանդարտներ որդեգրած: ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը հակադարձեց՝ «Հայաստանի Հանրապետությունը մտել է 21-րդ դար: Մտել է որպես օրինապաշտ երկիր: Օրենքը մեզ մոտ առաջին տեղում է գտնվում»:

Սադոյանը նաեւ իր զարմանքն արտահայտեց, որ Հունաստանի քաղաքացին պահանջում է Հայաստանում չկիրառել օրենքը, քանի որ այդպես ձեռնտու է «ԱրմենՏել»-ին:

Պատասխանելով տրանսպորտի եւ կապի նախարարությունից ստացված րոպեավճարի կիրառումն արգելող գրությանը վերաբերող հարցին, Գեորգիուլասը ասաց, որ գրությունը ուսումնասիրվում է «ԱրմենՏել»-ի իրավաբանական վարչությունում, որտեղից մոտ ժամանակներս կպահանջեն նշված օրինախախտումների հիմնավորումները:

«Հայհամակարգիչ» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Մխիթարյանն ասաց, որ «ԱրմենՏել»-ի քաղաքականությունը լրջորեն խոչընդոտում է Հայաստանում ինտերնետի տարածմանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Մխիթարյանը խիստ դժգոհություն հայտնեց նաեւ «ԱրմենՏել»-ի տրամադրած ինտերնետային կապի որակից:

Կապի ոլորտ ուսումնասիրող պատգամավորական հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը կոչ արեց տարաձայնությունները լուծել օրենքով սահմանված ուղիներով: «Երբ մարտահրավեր է՝ մարտահրավերը պետք է ընդունել: Սակայն, հարկավոր է բոլորին խոհեմության կոչ անել, որպեսզի հարցերը լուծեն առանց առճակատումների գնալու», - ասաց Վազգեն Մանուկյանը:

Րոպեավճարի կիրառման դեմ շարունակում են հանդես գալ Հայաստանի քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները: Իրավիճակը շտկելու նրանց առաջարկած միջոցները, սակայն, տարբեր են:

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը եւ խմբակցության անդամ Մարտուն Մաթեւոսյանը կոչով դիմեցին «ԱրմենՏել»-ին եւ կառավարությանը` հորդորելով միմյանց ընդառաջ գնալ, այլապես սոցիալական մեծ լիցք ունեցող հարցը կարող է վերածվել քաղաքականի։

Դաշնակցության տարածած հայտարարության մեջ ասված է, որ անհրաժեշտ է էապես մեծացնել անվճար խոսակցությունների տեւողությունը, ընդ որում՝ րոպեավճարի կիրառման դեպքում հանել բաժանորդային վարձը։ Ավելին, սկզնական շրջանում րոպեավճարը կիրառել միայն իրավաբանական անձանց նկատմամբ, իսկ բնակչության եւ բյուջետային հիմնարկությունների նկատմամբ առայժմ րոպեավճար չկիրառել։

Շատ ավելի կոշտ է ՍԻՄ-ի («Սահմանադրական իրավունք» միություն) դիրքորոշումը: ԱԺ պատգամավոր, ՍԻՄ-ի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանն այսօր հայտարարեց, թե «ԱրմենՏել»-ի մասնավորեցման համար հավասարապես պատասխանատու են եւ' Լեւոն ՏերՊետրոսյանի վարչախումբը, որը նախապատրաստել էր գործարքը, եւ' Ռոբերտ Քոչարյանը, որը ստորագրել է «ԱրմենՏել»-ի վաճառքի պայմանագիրը։

«ԱրմենՏել»-ի գործարքը ի սկզբանե եղել է հակազգային, միտված Հայաստանի զարգացումը կասեցնելուն: Ի սկզբանե եղել է կրիմինալ գործարք, որտեղ հսկայական փողեր են մտել որոշ պաշտոնյաների գրպանները: Ոչ ոք չի փորձում դա բացահայտել», - ասաց Հայկ Բաբուխանյանը, ավելացնելով, որ ստեղծված իրավիճակում «ԱրմենՏել»-ի որոշման դեմ բողոքի ինչ-որ փորձեր է անում միայն տրանսպորտի եւ կապի նախարարը, մինչդեռ բարձրագույն ղեկավարները լռում են:

ՍԻՄ-ն առաջարկում է՝ չվճարել րոպեավճարը, դուրս գալ հրապարակներ, մասնակցել բողոքի ցույցերին ու երթերին, եւ, իհարկե, պահանջել իշխանությունների հրաժարականը:


Արմեն Զաքարյան եւ Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG