Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցան տեղական ընտրությունները


Լեռնային Ղարաբաղում այսօր տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքապետերի եւ ավագանու անդամների ընտրությունները: Սրանք անկախության տարիներին անցկացվող տեղական մարմինների երկրորդ ընտրություններն են:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ժամը 16-ի տվյալներով, ԼՂՀ 223 համայնքներում քվեարկությանն արդեն մասնակցել էր ընտրողների ավելի քան 44 տոկոսը:

Անցած ընտրարշավն ու քվեարկության ընթացքը օրինական ու ժողովրդավարական որակեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ասելով, որ ինքը կպաշտպանի ու կաջակցի ժողովրդի կողմից ընտված ղեկավարներին:

0գոստոսի 24-ին Եվրախորհրդի ղեկավարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ կոչ արել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին չանցկացնել տեղական ընտրություններ՝ հասկացնելով, որ Եվրախորհուրդը դրանք կհամարի ոչ լեգիտիմ: Եվրախորհրդի ղեկավարները նշել էին նաեւ, թե ընտրությունների անցկացումը կարող է վնասել ղարաբաղյան հակամարտության արագ եւ համակողմանի կարգավորմանն ուղղված ջանքերին:

Այդ հայտարարությանն իրենց անհամաձայնությունն էին հայտնել ինչպես Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարությունը: «Մենք համարում ենք, որ որեւէ ընտրություն երբեւիցե չի կարող խոչընդոտել հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորությանը, որովհետեւ ընտրությունների միջոցով է ձեւավորվում այն իշխանությունը, որը կարող է արտահայտել ժողովրդի կամքը եւ պատասխանատվություն կրել որեւէ որոշում իրագործելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG