Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը Բաքվում


Երեկ Բաքու է ժամանել Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների եւ հասարակայնության ներկայացուցիչների պատվիրակությունը «Հելսինկյան նախաձեռնություն-92» իրավապաշտպան կազմակերպության Ղարաբաղի համակարգող Կարեն Օհանջանյանի գլխավորությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Սորոսի հիմնադրամի Ադրբեջանի բաց հասարակության ինստիտուտի պատասխանատու Ֆարդա Ասադովը, այցելությունը ֆինանսավորվում է հիմնադրամի կողմից: Ծրագիրը, որի համար դրամաշնորհ է հատկացվել «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպությանը, նախատեսում է նաեւ արդբեջանական պատվիրակության այցը Ղարաբաղ:

Կարեն Օհանջանյանը Բաքվից հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ղարաբաղյան պատվիրակության 11 անդամներն այսօր հանդիպել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, իսկ առաջիկա օրերին հանդիպումներ են նախատեսված կուսակցությունների առաջնորդների, պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ղարաբաղյան պատվիրակությունները, ըստ Օհանջանյանի, արդեն երրորդ անգամ են ժամանում Բաքու, սակայն առաջին անգամն է, որ այցելությունը կազմակերպվել է առանց միջնորդների:

Ղարաբաղցի իրավապաշտպանը հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, որ պատվիրակության կազմում ընդգրկվածները հիմնականում ադրբեջանամետ են:

Թեեւ Ադրբեջանում գործող «Շարժում հանուն Ղարաբաղի ազատագրության» կազմակերպության անդամները սպառնացել էին խոչընդոտել ղարաբաղյան պատվիրակության մասնակցությամբ միջոցառումներին եւ պիկետներ կազմակերպել նրանց հանդիպումների վայրերում, Կարեն Օհանջանյանը փաստեց, որ իրենց այցելության առաջին երկու օրվա ընթացքում որեւէ միջադեպ չի եղել: Միեւնույն ժամանակ, Ֆարդա Ասադովը չբացառեց, որ պիկետներ կարող են կազմակերպվել, քանի որ դա մարդկանց իրավունքն է եւ նրանց դիրքորոշման ազատ արտահայտությունը: Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ հավաստեց, որ ղարաբաղյան պատվիրակության անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով:

Պատվիրակությունը Բաքվում կմնա մինչեւ սեպտեմբերի 11-ը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG