Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչո՞ւ վարկերը քամուն տվող պետական այրերը գողանան իրենց կանանց ադամանդները, երբ պարտքերը կարելի է փակել պետական ունեցվածքով, որը, ինչպեսեւ իրենց կանանց ադամանդները, իրենց չի պատկանում», - մտքի այս ընթացքի մեջ է «Առավոտ»-ը տեսնում Ռուսաստանին Հայաստանի 100 միլիոն դոլարից ավելի պարտքը փակելու գործելաոճը։ - «Զուր չէ հայտարարվել, թե Պուտինի այցը «տնտեսական ուղղվածություն» է կրելու։ Ինչի վրա մատը դնի, դա էլ կտանք, - ուրվագծում է «Առավոտ»-ը, - «պարզ չէ միայն. այդ սեփականությունը կբավարարի՞ փակելու մեր բոլոր պարտատերերի պարտքերը։ Իսկ ի՞նչ ենք տալու Բուշին, եթե նա էլ որոշի «տնտեսական այցով» գալ Հայաստան»։

«Ամենատաղտկալի եւ անշնորհակալ զբաղմունքը մեր ժամանակներում կոռուպցիայի մասին գրելն է: Դրանից ավելի վատ կարող է լինել միայն նրա դեմ պայքարի մասին գրելը: Բայց ամենից սարսափելին կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելն է այդ պայքարով ի պաշտոնե իբր զբաղվող պաշտոնյաների հետ», - սահմանել է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Նրանք միաբերան ընդունում են կոռուպցիայի առկայությունը: Ավելին՝ շշմեցնում գիտակցությունդ մթագնող թվերով եւ փաստերով ու ապացուցում, որ կոռուպցիայի թափը մեզանում գերազանցում է բոլոր հնարավոր սահմանները: Իսկ հետո համերաշխ սկսում են խոսել այն մասին, թե մեզանում թույլ է օրենսդրական հենքը... թե ինչու այսքան տարվա ընթացքում չեն կարողանում ամրապնդել, ոչ ոք չգիտի: Լավագույն դեպքում ակնարկում են, թե կան դրան խոչընդոտող ինչ-ինչ ուժեր»:
«Դատելով ամենից, այդպիսի ուժեր իրոք կան: Քանզի», - արձանագրում է մեկնաբանը, - «քանի-քանի գործեր բացվել են մեծ աղմուկով ու հանդիսավորությամբ, իսկ ավարտվել՝ կոռուպցիայի դեմ պայքարող հայրենի մարտիկների կողմից առանց նույնիսկ որեւէ բացատրության»:

«Պետական ասպարեզում աշխատել ցանկացողների բացարձակ մեծամասնությունը այսօր ուղղակի նպատակ է հետապնդում պաշտոնն օգտագործել իր անձնական բարեկեցության համար: Ուստի առաջնահերթ խնդիրը Հայաստանի պետական համակարգի բարեփոխումն է», - ընդգծում է Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում: Նրա դեղատոմսով, մասնավորապես, «պաշտոնյան պետք է վարձատրվի այնքան, որ կարողանա այդ գումարով ապահովել իր եւ իր ընտանիքի արժանապատիվ ապրուստը: Դրան զուգահեռ պետք է գործեն սոցիալական որոշ երաշխիքներ: Օրինակ, պետական պաշտոնյան, որն իր աշխատանքից բացի այլ կողմնակի գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, պետք է գոնե հնարավորություն ունենա ժամանակի ընթացքում ստանալ անվճար բնակարան... Ավելացրած բժշկական ապահովագրության եւ իր ընտանիքի հանգիստը կազմակերպելու հնարավորությունների տրամադրումը»:

«Այս ուղղությամբ «Հայաստանի համար ֆինանսական միջոցների լուրջ խնդիր գոյություն չունի, այլ առկա է կազմակերպչական պրոբլեմ», - ասում է Տիգրան Թորոսյանը: - «Բավական է նայել տարբեր տրամաչափի պաշտոնյաների շքեղ մեքենաներին եւ կառուցվող առանձնատներին եւ կտեսնեք, որ փող, ի վերջո, կա: Ուղղակի դրանք սեւ փողեր են: Ուրեմն ֆինանսական հոսքերը հնարավորինս պետք է տեղափոխել օրինական հարթություն»: Այսպես, ի դեպ, ստացվում է՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար նախ պետք է այն վերացնել:

«Հայոց Աշխարհ» թերթի «Կյանքը շարունակվում է» խորագրի տակ շարունակվում է եւ հայոց հավերժական թեմաներից «Միասնություն» դաշինքի հոգեվարքի ժամանակագրությունը: «Դաշինքի ներսում տիրող իրավիճակը եզակի չէ, նույնն է մեր պետության գործունեության գրեթե բոլոր ոլորտներում, մեծ ու փոքր գրեթե բոլոր խնդիրների պարագայում»,- ընդհանրացնում է մեկնաբանը: - «Վաղուց հասունացած, սպասվող, անհրաժեշտ ու անխուսափելի շատ քայլեր ու որոշումներ պարբերաբար հետաձգվում են»:

ՀԺԿ քաղաքական խորհրդի երեկվա հայտարարությանը կից, ըստ որի «բոլոր արհեստական փորձերը՝ որպես «Միասնություն» ներկայացնել ՀՀԿ-ն ու ՀԺԿ-ից դուրս եկած պատգամավորներին, անտրամաբանական եւ անօրինական են... ՀՀԿ-ն, հռչակելով իրեն որպես Ռ. Քոչարյանի քաղաքական հենարան, ըստ էության, իրեն դուրս է դրել «Միասնություն» դաշինքից», «Առավոտ»-ը հարցազրույց է ներկայացնում Ստեփան Դեմիրճյանի հետ, որն ավարտվում է այսպես. «Ռ. Քոչարյանը շատ է խախտել Սահմանադրությունը, բայց մենք կառաջնորդվենք Սահմանադրության շրջանակներում։ Ակնհայտ է, որ երկրին պետք են փոփոխություններ»։

«Միասնություն» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը այսօր էլ «Հայաստանի Հանրապետություն» թերթում իր հերթին ասում է. «Ընդդիմությունը, որ իրեն կոշտ ընդդիմություն է համարում, կարծում եմ՝ անբնական գործընթացների մեջ է, որովհետեւ կոշտ ընդդիմություններ առաջանում են հեղափոխական ժամանակաշրջանում... Անբնականությունը շատ է, քանի որ կարծես թե ապաշխարելու մի վիճակ է ստեղծվել. այն ուժերը, որոնք մասնակցեցին ներկա նախագահի քարոզարշավին եւ ուղղակիորեն նպաստեցին, որպեսզի Ռ.Քոչարյանն ընտրվի նախագահ, այսօր հակառակն են անում»:

«Հանրապետություն» եւ ՀԺԿ կուսակցությունների հետ դաշնակցելու ցանկություն ունեցող ուժերի թիվը գնալով մեծանում է: Սրանով, սակայն, մեծանում է նաեւ այդ ՀԺԿ-ի եւ ՀՀԿ-ի՝ քաղաքական կրախի ենթարկվելու վտանգը», - ուշադրություն է սեւեռում «Հայկական ժամանակ» թերթը: - «Քաղաքական դիտորդների եւ հենց այս կուսակցությունների ներսում գնալով մեծանում են կասկածները, որ որոշ քաղաքական ուժեր տրոյական ձիու ֆունկցիա են կատարելու»: «Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, «Արտաշես Գեղամյանին այսօր ամենաշատը մտահոգում է այն փաստը, որ որոշ լրատվամիջոցներ եւ քաղաքական գործիչներ իրեն համարում են ընդդիմության 5-րդ շարասյունը, եւ որ ինքը ընդդիմության ճամբար ուղարկված լինելով նախագահի կողմից՝ ամենավճռական պահին պառակտում է մտցնելու ընդդիմության ճամբարում... Այս կարգի ենթադրություններն ու վերլուծությունները Արտաշես Գեղամյանը համարում է քաղաքական կարճատեսության արդյունք... եւ որպեսզի փարատվեն բոլոր կասկածները, սեպտեմբերի 13-ին ԱԺ անդրանիկ բրիֆինգի ժամանակ կընթերցի մի հայտարարություն, որտեղ նշված կլինի ոչ միայն թե ինչու պետք է հեռացնել Քոչարյանին, այլ նաեւ՝ ինչպես պետք է դա անել»:

«Այսպես այլեւս ապրել չի լինի: Հաղթահարված չեն նախորդ ռեժիմի ծանրագույն ժառանգությունը՝ կաշառակերությունը, պաշտոնյաների ընտրության մերժելի պրակտիկան»,- պատկերում է «Երկիր» թերթը, տարակուսանք շեշտելով, որ այս իրավիճակում պետությունը մի կողմ է քաշվել, առաջնային չէ նրա վերահսկիչ, կարգավորիչ դերը: Որպեսզի արժանավայել ապրենք, «նախ հարկ է, որ ասպարեզը թողնեն կոմունիստական եւ հհշական անցյալ ունեցողները, որոնց ուղն ու ծուծը հագեցած է անհատական շահամոլությամբ: Պետական եւ քաղաքական անհրաժեշտություն է նոր մարդկանց ներհոսը իշխանության ոլորտ», - դրոշին գրում է «Երկիր»-ը: - Պետք է կազմակերպել ժողովրդի պայքարը, այսպես ասած, «անցյալի մնացուկների» դեմ:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG