Մատչելիության հղումներ

logo-print

Ստեփան Դեմիրճյանը արհեստական է համարում «Միասնություն» խմբակցությունը, կոչ է անում լուծարել խորհրդարանը





«Այսօր մենք ունենք ժողովրդի կամքը չարտահայտող Ազգային ժողով: Եվ այն մարդիկ, ովքեր ամպագորգոռ խոսում են ինչ-որ մեծամասնության մասին, լավ կլինի ժողովրդին էլ հարցնեն՝ արդյո՞ք ժողովուրդն էլ է ընդունում այդ մեծամասնությունը»,- «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ավելացնելով, որ Ազգային Ժողովում ստեղծված իրավիճակը շտկելու լավագույն տարբերակը խորհրդարանի լուծարումն է:

Հայաստանի ժողովրդական կուսակցությունն այսօր տարածած իր հայտարարությամբ փորձում է վերջակետ դնել ավելի քան մեկ տարի «Միասնություն» դաշինքում եւ համապատասխանաբար խորհրդարանում մեծամասնություն կազմող «Միասնություն» խմբակցությունում ձգվող տարաձայնություններին:

Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ստեղծած, նրանց շնորհիվ ժողովրդի քվեն ստացած պատգամավորական խմբակցությունում այսօր ոչ թե երկու, այլ երեք ուժ կա՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) , Հայաստանի ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ) եւ ՀԺԿ-ից դուրս եկած պատգամավորները:

Իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի հողի վրա ՀԺԿ-ից հուլիսին հեռացել էին 10 անդամ, այդ թվում՝ ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը եւ փոխխոսնակ ագիկ Ասլանյանը:

ՀՀԿ-ականները եւ ՀԺԿ-ից դուրս եկած պատգամավորները պնդում են, թե իրենք են Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ծրագրերի հետեւորդները եւ ՀԺԿ-ականներին առաջարկում են դուրս գալ դաշինքից: ՀԺԿ-ն հակառակ կարծիքի է, այսինքն՝ իրենք երբեւիցե չեն շեղվել «Միասնություն» դաշինքի սկզբունքներից:

«Դաշինքի փլուզման ջատագովները ազատ են դուրս գալու դաշինքից եւ այդ դաշինքի անունը կրող պատգամավորական խմբակցությունից», - ասված է հայտարարության մեջ:

Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, «անհեթեթ է «Միասնություն» խմբակցությունը առանց «Միասնություն» դաշինքի: «Միասնություն»-ը առաջին հերթին երկու կուսակցությունների դաշինք է: Եթե կա այդ դաշինքը, ապա կա նաեւ խմբակցությունը՝ անկախ նրանից, թե քանի պատգամավոր ունի ՀՀԿ-ն, քանի պատգամավոր ունի ՀԺԿ-ն: Այդ մեծամասնությունը՝ ՀՀԿ գումարած ՀԺԿ-ից դուրս եկածներ, արհեստական է եւ որեւէ կապ չունի ժողովրդի քվեի հետ»:

«Մեզ մեղադրում են այն բանի համար, որ մենք պետականամետ չենք: Եթե պետականամետությունն այն է, որ ԱԺ դարձնել խամաճիկ, որ ճնշումներով, կեղծիքներով Ազգային ժողովում անցկացնել հակաժողովրդական օրենքներ, ինչին մենք դեմ ենք, ապա՝ իրենք ճիշտ են», - ասաց Ստեփան Դեմրճյանը, շարունակելով. - «Մեզ ասում են, որ մենք կառուցողական չենք: Եթե կառուցողական լինելը նույնն է, ինչ Ռոբերտ Քոչարյանի կամակատարը լինելը, ապա մենք, բնականաբար, կառուցողական չենք»:

Մոտ մեկ ամիս առաջ Ստեփան Դեմիրճյանն էլ իր ասուլիսում հայտարարել էր, որ բարոյական կլիներ, որպեսզի դաշինքի ցուցակներով անցած պատգամավորները պարզապես վայր դնեն իրենց մանդատները: Այսօր էլ հայտարարությամբ կուսակցության քաղխուրհուրդը նույն է հաստատում եւ առաջարկում է նրանց նոր ընտրությունների գնալ, որը իրական հիմք կծառայի խմբակցության լուծարման համար:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG