Մատչելիության հղումներ

Թուրքերը մեղադրվում են ցեղասպանությունը հերքելու համար


Հայ-շվեյցարական ընկերակցության հայցի հիման վրա հինգշաբթի օրը շվեյցարական դատարանի առջեւ կկանգնեն 17 թուրք՝ ռասայական խտրականության մեղադրանքով:

Հայ-շվեյցարական ընկերակցության դիվանի անդամ Սարգիս Շահինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք 50 տոկոս են գնահատում դատավարությունը շահելու հնարավորությունները:

1995 թվականին Շվեյցարիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հարցապնդումից եւ հայ համայնքի 5000 անդամների ստորագրությամբ դիմումից հետո, Թուրք-շվեյցարական ընկերակցությունը հանդես էր եկել Շվեյցարիայի կառավարությանն ուղղված միջնորդագրով, որում հերքվում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը:

Հայցի հեղինակները թուրքերին մեղադրում են ցեղասպանությունը հերքելու համար՝ հիմնվելով Շվեյցարիայի քրեական օրենսգրքի ռասայական խտրականության մասին հոդվածի վրա, որով մարդկային որեւէ ոճիր չի կարող այս երկրում ժխտվել, մեղմացվել կամ արդարացվել: Նման արարքների համար նախատեսված է բանտարկություն կամ տուգանք:

Ըստ Սարգիս Շահինյանի, դատախազը անհանգստացած է, թե հայկական կողմի պահանջը բավարարելու դեպքում խնդիրը կարող է քաղաքականացվել: «Սակայն, եթե կայացվի արդարացնող վճիռ, հայկական կողմը պատրաստ է դիմել ավելի բարձր ատյանի դատարանների՝ ընդհուպ մինչեւ գլխավոր դատախազություն», - ասաց Սարգիս Շահինյանը:


Արամ Վանեցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG