Մատչելիության հղումներ

Հայաստանը վերաձեւակերպում է Վրաստանի պարտքը


Ամիսներ տեւած բանակցություններից հետո այսօր Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները համաձայնություն ձեռք բերեցին Վրաստանի 20 մլն դոլարի պարտքը վերաձեւակերպելու մասին: Համապատասխան համաձայնագիրր այսօր Երեւանում ստորագրեցին Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Այվազյանը եւ նրա վրաց գործընկեր Զուրաբ Նողայդելին:

Ըստ համաձայնագրի, Վրաստանը Հայաստանին ունեցած իր պարտքը կմարի մինչեւ 2021 թվականը: Բաց է մնացել, սակայն, որպես վարկ վերաձեւակերպված պարտքի տոկոսադրույքի հարցը: Այն նախատեսված էր տարեկան 4 տոկոս, վրացական կողմը սակայն, պնդում է 3 տոկոսի վրա: Վարդան Խաչատրյանի խոսքերով, այդ հարցը նույնպես մոտ ժամանակներում կկարգավորվի:

Նախապես պայմանավորվածություն կար, որ պարտքի կեսը՝ 10 մլն դոլարը Վրաստանը վճարելու էր այս տարվա ընթացքում: Թբիլիսին, սակայն, դադարեցրել էր հայկական պարտքի սպասարկումը հունիսին հայ պաշտոնյաների հետ բանակցություների տապալումից հետո:

Վրաստանը դիմել էր Փարիզյան ակումբին, որպեսզի վերջինիս միջամտությամբ վերաձեւակերպի 13 երկրներին ունեցած իր պարտքը: Պարտքի վերաձեւակերպման հանաձայնագրեր արդեն կնքվել են մի քանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG