Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղը տոնում է անկախության տասնամյակը


Այսօր Ստեփանակերտում սկսվեցին Լեռնային Ղարաբաղի անկախության տասնամյակին նվիրված տոնակատարությունները:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին այն ժամանակ դեռեւս Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղը հռչակեց ինքնիշխան հանրապետություն: Նույն տարեվերջին հայ-ադրբեջանական բախումները այստեղ վերաճեցին պատերազմի, որը շարունակվեց մինչեւ 1994 թվականի մայիսը:

Անկախության տասնամյակի տոնակատարությունները, որոնց այսօր մասնակցում էին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանից ժամանած այլ բարձրաստիճան հյուրեր, սկսվեցին նորաստեղծ ռազմական ուսումնարանի շենքի առջեւ արցախյան ազամարտի հերոս, գեներալ Քրիստափոր Իվանյանի արձանի բացմամբ: Արցախի պաշտպանության բանակի գեներալի պատվին Իվանյան է վերանվանվել նախկինում ադրբեջանաբնակ Խոջալուն:

Երեկոյան տեղի ունեցավ հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, տոնակատարություններին մասնակցելու ժամանած պատվավոր հյուրերը:

Տոնակատարությունները կավարտվեն կիրակի օրը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի կազմակերպած ընդունելությամբ: Հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են ստացվել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ վարչապետ Անդրանիկ Մանուկյանից:

«Տասը տարի առաջ Արցախի ժողովուրդը հնարավորություն ստացավ իրականություն դարձնել ազատության, անկախության ու ժողովրդավարության իր պատմական ընտրությունը», - ասվում է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում:

«Տասը տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմամբ Արցախի ազատաբաղձ հայությունը հաստատեց պատմական հայրենիքում ինքնորոշման իր իրավունքը, ազատ եւ ինքնուրույն ապրելու, սեփական ուժերով իր անկախ պետականությունը կերտելու կամքն ու վճռականությունը», - իր ուղերձում նշել է Հայաստանի վարչապետը: - «Անցած 10 տարիները հավաստում են, որ չնայած ներքին ու արտաքին դժվարություններին, արցախցին լի է վճռականությամբ՝ պահպանելու իր զավակների արյամբ սրբագործված նվաճումները»:

Անկախության տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը ամենասերտ կապեր է հաստատել Հայաստանի հետ: Ո'չ Հայաստանը, սակայն, ո'չ էլ աշխարհի որեւէ այլ երկիր առայժմ պաշտոնապես չեն ճանաչել ԼՂ անկախությունը: Այդուհանդերձ, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միջնորդող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի բանագնացներն այն ճանաչում են որպես հակամարտության առանձին կողմ եւ պարբերաբար այցելում են Ստեփանակերտ:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG