Մատչելիության հղումներ

logo-print

Փորձագետները քննադատում են «ԱրմենՏել»-ի որոշումը


Հայաստանի հեռախոսակապի մենատեր «ԱրմենՏել» ընկերությունը այսօրվանից գործի է դրել րոպեավճարի հաշվիչները։ Այն բաժանորդները, որոնց հեռախոսակապը թվայնացված է, ամսական երկու ժամից ավելի յուրաքանչյուր րոպեի դիմաց պետք է վճարեն 4 դրամ։ Բոլոր բաժանորդների համար շարունակում է պահպանվել ամենամսյա 900 դրամ վարձավճարը։

Րոպեավճար կիրառելու որոշումը «ԱրմենՏելի» տնօրինությունը միակողմանիորեն տարածել է երկու օր առաջ` բաց նամակի տեսքով, առանց հաշվի առնելու մյուս սեփականատիրոջ` Հայաստանի կառավարության կարծիքը, որը, ըստ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, դեմ է այդ որոշմանը։ Նախարարը նույնիսկ նամակ է հղել «ԱրմենՏել»-ի տնօրինությանը: Կառավարությունը, մինչդեռ, խնդրին վերաբերող որեւէ որոշում առայժմ չի ընդունել եւ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել:

Մամուլում տարածած իր բաց նամակում «ԱրմենՏել»-ի տնօրինությունը վստահեցնում է, որ րոպեավճարի կիրառումը շահեկան է, բոլորիս համար, քանի որ դրա ներդրմամբ կկարգավորվի ցանցերի աշխատանքը, կբարելավվի կապի որակը, հնարավորություն կստեղծվի արդեն այսօրվանից 40 տոկոսով իջեցնել միջազգային եւ միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների սակագինը։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց փորձագետների հաշվարկներով չորս անձից բաղկացած ընտանիքը ստիպված կլինի ամսական առնվազն 7200 դրամ վճարել հեռախոսակապի մենատիրոջը։

Ըստ նույն փորձագետների գնահատման, նույնիսկ հեռախոսային խոսակցություններրը նվազագույնին հասցնելու դեպքում պետական հիմնարկների ու գերատեսչությունների վճարումները «ԱրմենՏել»-ին գրեթե կեռապատկվեն։ Իսկ դա բյուջեի ներկա հնարավորությունների պարագայում անհնար է. արդեն այժմ բյուջեն շուրջ 4 միլիարդ դրամի պարտք ունի «ԱրմենՏել»-ին, որը ոչ մի կերպ չի կարողանում վճարել:

Ըստ Մովսես Արիստակեսյանի, րոպեավճարի կիրառումից միանշանակորեն օգտվելու է միայն «ԱրմենՏել»-ը։ «Տնտեսական իրավունքի կենտրոնի» գնահատումներով, հեռախոսակապի մենատիրոջ զուտ եկամուտները րոպեավճարի կիրառման դեպքում առնվազն կկրկնապատկվեն` տարեկան հասնելով շուրջ 14 միլիոն դոլարի։

Ուշագրավ է, որ րոպեավճարը ներդնելու վերաբերյալ «ԱրմենՏել»-ի հայտարարության մեջ խոսք անգամ չի ասում շարժական հեռախոսակապի մենաշնորհից հրաժարվելու, կամ դրանց գործող սակագները իջեցնելու մասին։ Իսկ դա մարդկանց զրկում է հնարավոր այլընտրանքից։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG