Մատչելիության հղումներ

Պլենումը հաստատեց այլախոհ կոմունիստների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը


Օգոստոսի սկզբին Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) բյուրոյի որոշմամբ իշխանամետության եւ հակակոմունիստական դիրքորոշման մեղադրանքով կուսակցությունից վտարվել էր Երեւանի կազմակերպության քարտուղար, ԱԺ պատգամավոր Յուրի Մանուկյանը եւ բյուրոյի անդամի պարտականություններից ու ԱԺ-ում ՀԿԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից ազատվել էր Հրանտ Ոսկանյանը:

Համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում ՀԿԿ բարձրագույն մարմինը՝ պլենումը այսօր հաստատեց Յուրի Մանուկյանին կուսակցությունից հեռացնելու, իսկ Հրանտ Ոսկանյանին կոմկուսի բյուրոյի անդամի պարտականություններից եւ Ազգային Ժողովում ՀԿԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին կուսակցության բյուրոյի որոշումները:

Փակ դռների հետեւում անցած պլեմումի մասնակիցներից մեկի խոսքերով, Հրանտ Ոսկանյանին թույլ չեն տվել անգամ ավարտել իր ելույթը:

«Յուրաքանչյուր քաղաքական կազմակերպության ներսում իրադարձությունների այս կամ այն փուլում կարող են գտնվել մարդիկ, որոնք կշեղվեն կուսակցության գծից: Կուսակցության կանոնադրությունից, ծրագրից շեղվողները պատժվում են եւ դուրս են մնում կուսակցությունից», - պլենումի որոշումը «Ազատություն» ռադիոկայանին այսպես մեկնաբանեց ՀԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը:

Ազգային ժողովի ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Սարգսյանը, որը պլենումում կոչ է արել սեպտեմբերից ակտիվ գործողությունների անցնելընդդեմ իշխանությունների, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. «Այն, ինչ որ այսօրվա իշխանությունները նպատակ էին դրել՝ պառակտել Հայաստանի կոմկուսը, ի դժբախտություն իրենց, չկատարվեց»:

Ինչ վերաբերում է Հրանտ Ոսկանյանին ԱԺ կոմկուսի խմբակցության ղեկավարի պաշտոնից ազատելուն, ինչը իրավունքը, ըստ որոշ մեկնաբանությունների, պատկանում է միայն խմբակցությանը, ապա խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանն ասաց, թե խմբակցությունը նախագահ է ընտրում կուսակցության երաշխավորությամբ, եւ եթե կուսակցությունը չերաշխավորի տվյալ թեկնածուին, նա չի կարող լինել խմբակցության նախագահ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG