Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանյան թերթերն այսօր բացվում են շնորհավորանքներով: Նախագահի եւ վարչապետի ուղերձներում նկատելի են որոշ ընդհանուր շեշտադրումներ: Երկուսն էլ հատուկ գովաբանել են ուսուցիչներին, երկուսն էլ Արցախի անկախության հռչակման 10-րդ տարեդարձի առթիվ առաջին հերթին մաղթում են խաղաղ երկինք: Մնացյալը՝ թե' պաշտոնյաների, թե' հրապարակախոսների այսօրվա գրառումներում անցնում է լուսավոր ու հաղթական ապագայի լավատեսության առանցքով:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում շեշտում է արմատը՝ «Միայն ուժեղ երկիրը կկարողանա դիմակայել ագրեսիային: Եթե մենք տնտեսապես ուժեղ լինենք, յուրայինների մեջ անընդհատ թշնամիներ չփնտրենք, խմբակային, քաղաքական, կուսակցական շահերը չգերադասենք, կկարողանանք լուծել եւ ղարաբաղյան խնդիրը», - ասում է նա:

«Հայկական ժամանակ» թերթը այսօր էլ ուշադրություն է սեւեռում, որ «Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի եւ վարչապետ Անուշավան Դանիելյանի հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ լավ չեն... Օրերս Ստեփանակերտից վերադարձած մի լրագրող պատմել է, որ արդեն մեկուկես ամիս Անուշավան Դանիելյանին Ղարաբաղի հեռուստատեսությամբ ցույց չեն տվել: Որոշ տեղեկությունների համաձայն, Ղուկասյանը ցանկանում է պաշտոնանկ անել Դանիելյանին, բայց Հայաստանի ղեկավարությունը դեմ է դրան»:

Ղարաբաղից վերադարձած «Երկիր»-ի թղթակիցը փոխանցում է. «Մարդիկ կռիվ են տալիս հողի հետ, անասուն պահում, ավանդական միջոցներով ջուր կրում, ցախ կրում անտառից... եւ միշտ ամուր ու լավատես՝ լօխ լավ ա»: Իր նոթերը թղթակիցը ամփոփել է դիտողությամբ. «Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի ճակատին Ազատության առաջին օրերից սեւով սպիտակի վրա գրվել է «Ազատություն» բառը, եւ ոչ ոք երբեւէ չի մտածել ու չի մտածի, որ դա խաթարում է սպիտակավուն շինության գեղեցկությունը»:

«ԼՂՀ-ն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տեսակետից մի քանի քայլ առաջ է Ադրբեջանից», - արտգործնախարար Օսկանյանի այս ընդգծմամբ է վերնագրված նրա հետ «Ազգ» թերթի հարցազրույցը: Նախարարը համաձայն չէ, թե Եվրախորհրդի հայտարարությունն աննախադեպ է: «1996 եւ 1997 թթ. ԼՂՀ նախագահական ընտրություններից հետո եւ ընթացքում շատ խիստ հայտարարություններ են արվել միջազգային կազմակերպությունների եւ առանձին պետությունների կողմից», - նշում է նա: - «Այդ հայտարարությունը տարբերվում է նախկին այլ հայտարարություններից նրանով, որ այն, ինչ որ այնտեղ ասվել է, այնքան վնասակար կամ բացասական չէ, որքան օգտակար է այն, ինչ չի ասվել»: Ինչ վերաբերում է խնդրի կարգավորմանը, «բոլորս, նաեւ միջազգային հանրությունը, պետք է լավ գիտակցենք, որ կան ինչ-որ մի կողմի համար արդար հիմքեր խնդիրը լուծելու եւ մյուսի համար՝ չկան: Դրա համար մենք պետք է սկսենք մի քիչ ավելի խորը գնալ եւ սկսենք նայել հարցի իրավական ու պատմական արմատներին, որպեսզի, եթե լուծումը լինի մեկի օգտին, մյուս կողմը կարողանա այն ավելի բնական ընդունել»:

«Մենք բավականաչափ վստահ ենք, եւ ինչպես պատմությունն է ցույց տալիս, անհերքելի է, որ ԼՂՀ-ի Ադրբեջանից դուրս լինելու եւ Ադրբեջանի ենթակայության տակ չլինելու իրավական ու պատմական հիմքերը բավականաչափ ամուր են», -շեշտել է Վարդան Օսկանյանը: - «10 տարի առաջ, երբ Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը, ասաց, որ այս հանրապետությունը ժառանգորդն է 1918-20 թթ. մուսավաթական Ադրբեջանի: Իսկ քանի որ այդ երկու տարիներին ԼՂ-ն չի եղել Ադրբեջանի կազմում, ուրեմն այդ հանրապետությունը չի կարող իրավական հավակնություններ ունենալ ԼՂ-ի նկատմամբ: Իսկ եթե մի պահ վերցնենք ԽՍՀՄ շրջանը եւ եթե Ադրբեջանն ընդունում է ԽՍՀՄ ժառանգությունը, պետք է նաեւ ընդունի ԽՍՀՄ օրենքներն ու սահմանադրությունը, որի ոգու համաձայն ԼՂ-ն 1991 թ. դուրս եկավ դրա կազմից, որովհետեւ Ադրբեջանն իր անկախության հռչակման գործընթացում խախտել էր այդ սահմանադրության բոլոր նորմերը, ինչը շատ լուրջ իրավական հիմք է տալիս ԼՂ-ին իր անկախությունը հռչակելու»:

Իրավական հարթությունում հարցի վերջնական լուծում գտնելու փուլին է կարծես մղվում եւ կառավարություն - «ԱրմենՏել» հակամարտությունը: Ամենայն հավանականությամբ, կառավարությունը, «եթե իր պահանջները չկատարվեն, խնդիրը կարգավորելու նպատակով դիմելու է Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան», - նշում է «Ազգ»-ի մկենաբանը: - Կապի եւ տրանսպորտի նախարարի երեկվա հայտարարությունը «ոչ այլ ինչ է, քան «ԱրմենՏել»-ի հետ բացահայտ առճակատում, որը հիմք է տալիս ենթադրելու, թե կառավարությունը լուրջ կռվաններ ունի» կանխելու րոպեավճարը: Ամեն դեպքում, «Ազգ»-ում ակնարկվում է, որ այսօրվանից ավելի լավ է հեռախոսից քիչ օգտվել:

«Նախարարը չէր կարող չիմանալ, որ, մամուլում տպագրված «ԱրմենՏելի» հաղորդագրության համաձայն, մեկ րոպեի համար 4 դրամը որոշված հարց է եւ վերանայման ենթակա չէ՝ րոպեավճարը գործելու է սեպտեմբերի 1-ից», - անդրադառնում է «Առավոտ»-ը: - «Թե՛ օրենսդիր, եւ թե՛ գործադիր իշխանության ներկայացուցիչները շատ լավ գիտեն, որ րոպեավճարի ներդրումը (այն էլ՝ 1999-ի հունվարի 1-ից եւ 8 դրամ) նախատեսված է հույների հետ գործարքի պայմաններով»: Մի խոսքով, «Առավոտ»-ի որակմամբ, իշխանությունների ներկայիս «ցասումը» պարզապես պոպուլիստական բլեֆ է:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG