Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպարտամենտը չի կիսում Եվրախորհրդի տեսակետը Ղարաբաղում տեղական ընտրությունների անցկացման մասին





Երեկ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ռիչարդ Բաուչերը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ կարծիքի է Լեռնային Ղարաբաղի տեղական ընտրությունների վերաբերյալ Եվրախորհրդի հայտարարության մասին, ասաց, թե ԱՄՆ-ը չի կարծում, որ այդ ընտրությունները կարող են խոչընդոտել խաղաղության գործընթացին:
Փաստորեն ԱՄՆ-ի արտգործնախարարությունն իր այս հայտարարությամբ մերժեց Եվրախորհրդի դիրքորոշումը եւ պաշտպանեց Ղարաբաղի արտգործնախարարության տեսակետը Ղարաբաղում ընտրություններ անցկացնելու հարցում:

0գոստոսի 24-ին Եվրախորհրդի լխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը, Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լորդ Ռասել-Ջոնսթոնը եւ Եվրախորհրդի նախարարների խորհրդի նախագահ, Լիխտենշտեյնի արտգործնախարար էռնստ Ուոլչը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ կոչ արել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին չանցկացնել տեղական ընտրություններ՝ հասկացնելով, որ Եվրախորհուրդը դրանք կհամարի ոչ լեգիտիմ: Եվրախորհրդի երեք ղեկավարների փաստարկներից մեկն էլ այն էր, որ տեղական ընտրությունների անցկացումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ ղարաբաղյան խաղաղության բանակցային գործընթացին: Ըստ էության, Եվրախորհրդի ղեկավարությունը իր հայտարարությամբ աջակցություն հայտնեց Ադրբեջանին, որը տեղական ընտրությունների անցկացումը Ղարաբաղում համարեց ոտնձգություն իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ:

Նույն օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Նաիրա Մելքումյանը քննադատել էր Եվրախորհրդի հայտարարությունը եւ պաշտպանել իր ղեկավարության որոշումը՝ հայտարարելով, որ սեպտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման ընտրությունները Լեռնային Ղարաբաղում կկայանան: «Մենք համարում ենք, որ որեւէ ընտրություն երբեւիցե չի կարող խոչընդոտել հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորությանը», - ասել էր Նաիրա Մելքումյանը:

Պետդեպարտամենտի խոսնակը միայն այս հարցում պաշտպանեց Լեռնային Ղարաբաղին եւ, ասես հավասարակշռելով իր հայտարարությունը, եւս մեկ անգամ կրկնեց, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը իբրեւ անկախ պետություն: «Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը այնպիսի խնդիր է, որի շուրջ հարկավոր է բանակցել Մինսկի գործընթացի միջոցով: ԱՄՆ-ը հաստատակամորեն աջակցում է Մինսկի գորընթացին», - ասաց Բաուչերը՝ հասկացնելով նաեւ, որ ղարաբաղյան խաղաղության գործընթացը Եվրախորհրդի գործը չէ:

Պետդեպարտամենտի խոսնակի ասուլիսից պարզ դարձավ, որ Ռուդոլֆ Փերինան, որին Բուշն արդեն նշանակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց, իր պարտականությունները կստանձնի միայն նոյեմբերի մեկից: Այդ ժամանակ միայն Ռուդոլֆ Փերինան կավարտի իր դիվանագիտական ծառայությունը Մոլդովայում: Իսկ մինչ այդ նրա փոխարեն Ամերիկան Մինսկի խմբում կներկայացնի Լեռնային Ղարաբաղի եւ Եվրասիական հակամարտությունների հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնացի տեղակալ Կենեթ Հիլասը:

Ըստ Պետդեպարտամենտի խոսնակի, նոր համանախագահի նշանակումը չի նշանակում, թե ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի քաղաքականության փոխվել է: ԱՄՆ-ը շարունակելու է իր ակտիվ միջնորդական ջանքերը ԵԱՀԿ Մինսկի գործընթացում: Սակայն արտգործնախարարության խոսնակի տեղեկություններից կարելի է ենթադրել, որ գոնե մինչեւ նոյեմբեր, այսինքն՝ առնվազն երկու ամիս, մինչեւ Մոլդովայում Փերինայի դիվանագիտական ծառայության ավարտը, ղարաբաղյան բանակցային գործընթացում նոր զարգացումներ չեն լինի: Իսկ առանց Փերինայի հազիվ թե ԱՄՆ-ը համանախագահի տեղակալի մակարդակով ներկայանա բանակցություններին:

Ի դեպ, Մինսկի խմբի աշխատանքից իր խիստ դժգոհությունը կրկին հայտնել է Հեյդար Ալիեւը: «Մինսկի խումբը կանգ է առել, չի աշխատում», - ասել է նա անցած շաբաթ Բաքվում էլիզաբեթ Ջոնսի հետ հանդիպման ժամանակ: «Փախստականները մյուս տարի արդեն մարդասիրական օգնություն չեն ստանա, իսկ Ղարաբաղի հարցը մինչեւ հիմա չի լուծվել», - բողոքել է Հեյդար Ալիեւը:

Սեպտեմբերին Վիեննայում ԵԱՀԿ համանախագահները կրկին կհանդիպեն: Հանդիպումը աշխատանքային կլինի: Այսօր հնարավոր չեղավ պարզել, թե կմասնակցի արդյոք նորանշանակ համանախագահը այդ հանդիպմանը, քանի որ մոլդովացիներն այսօր տոնում են իրենց նոր, լատինական այբուբենի 10-րդ տարեդարձը: Դեսպանատունը փակ էր, եւ դեսպանն էլ անհասանելի:

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ Քերի Քավանոն առայժմ մշտական նշանակում չի ստացել: Նա ժամանակավորապես դասախոսելու է ԱՄՆ-ի արտգործնախարարության դիվանագիտական դպրոցում:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG