Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը հաստատում է րոպեավճար ներդնելու որոշումը


Շաբաթ օրվանից հունական «ԱրմենՏել» ընկերությունը, անտեսելով Հայաստանի կառավարության դիմադրությունը, սկսում է րոպեավճար կիրառել թվայնացված հեռախոսակայանների բաժանորդների նկատմամբ, ինչը զգալիորեն կբարձրացնի վարձավճարը: Հայաստանում թվայնացված է հեռախոսակայանների մոտ կեսը: «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ ընկերության տնօրենների խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել րոպեավճարի կիրառման մասին իր նախկին որոշումը:

Շաբաթվա սկզբին Հայաստանի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Անդրանիկ Մանուկյանը ասել էր, թե հունական ՕԹԵ ընկերությունը, որի մասնաճյուղն է «ԱրմենՏել»-ը, հավանաբար ընդառաջ կգնա կառավարության պահանջներին եւ կհետաձգի րոպեավճարի կիրառումը: Կապի ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը նույնպես հորդորել էր ընկերությանը չբարձրացնել վարձավճարը:

Հայաստանի ինտերնետային ծառայություններ առաջարկող ընկերությունները նախազգուշացրել էին, որ րոպեավճարի կիրառումը կործանարար կլինի իրենց համար, քանի որ բաժանորդների մեծամասնությունը չի կարողանա օգտվել իրենց ծառայություններից՝ չափազանց բարձր վարձավճարի պատճառով:

Շաբաթ օրվանից «ԱրմենՏել»-ը, բացի ամսական 900 դրամ բաժանորդական վճարից, որն իրավունք կտա 120 րոպեի հեռախոսային խոսակցության, յուրաքանչյուր հաջորդ րոպեի համար կգանձի 4 դրամ: Րոպեավճարը աստիճանաբար հասցվելու է 8 դրամի:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG