Մատչելիության հղումներ

Կենդանապաշտպան կազմակերպությունները հորդորում են Քոչարյանին արգելել ցլամարտը


Հաջորդ շաբաթ Երեւանում ծրագրված ցլամարտերի դեմ միջազգային բողոքներին ուրբաթ օրը ավելացավ ընդդեմ ցլամարտերի հանդես եկող եվրոպական հիմնական կազմակերպությունների դիմումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «բարբարոսական» միջոցառումները արգելելու հորդորով:

«Դա կտտանքներով ու դաժանությամբ լի տեսարան է, որը համեմատելի է հռոմեական գլադիատորների մարտերի հետ», - ասվում է ցլամարտի դեմ հանդես եկող 27 կազմակերպություններ միավորող «Ընդդեմ ցլամարտի» եվրոպական միավորման կողմից Հայաստանի նախագահին ուղղված գրավոր դիմումում: Միավորմանն անդամակցում են նաեւ 14 իսպանական ոչ կառավարական կազմակերպություններ:

Սեպտեմբերի 7-9-ը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադա/տում ցլամարտերի անցկացմանը դեմ է հանդես եկել նաեւ Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես քրիստոնեական բարոյականությանն անհարիր «արյունոտ տեսարանների»:

Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, սակայն, հինգշաբթի օրը հայտարարեց, որ ցլամարտերը կայանալու են, քանի որ դա «աշխարհիկ միջոցառում է»: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասել էին ցլամարտի կազմակերպիչները՝ հայ-իսպանական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները, ցուլերը Երեւանում չեն սպանվելու:

Այդուհանդերձ, Երեւան ժամանող ցլամարտիկներից մեկը՝ Սանտյագո Վիդալը, ըստ իսպանական լրագրերից մեկի մեջբերման, ասել է, թե ցուլերի ճակատագիրը կախված կլինի հայ հանդիսատեսից՝ եթե հանդիսատեսը կամենա, կենդանիները մարտահրապարակում կսպանվեն:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG