Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր Մայր Աթոռը փորձում է մեզ հեռու պահել ցլամարտից, որպեսզի մենք չկորցնենք մեր քրիստոնեական առաքինության վերջին փշրանքները՝ դիտելով Իսպանիայից բերած խոշոր եղջերավորների տանջանքները: Բայց դա չափազանց անմեղ զբաղմունք է, եթե համեմատելու լինենք մեր քաղաքական ցլամարտերի հետ, որոնք մարդկային բարոյականության բոլոր նորմերը խաթարելու իմաստով շատ ավելի վտանգավոր են, - արժեվորում է «Առավոտ» թերթը: - «Դրանք նույնիսկ ցլամարտեր չեն, այլ գլադիատորական մարտեր: Այստեղ քաղաքական գործիչները ձգտում են իրար ջախջախել, ոչնչացնել, ընդ որում՝ հակառակորդին առավելագույն ցավ պատճառելով... Այդ ցլամարտերը ոչ ոք, նույնիսկ եկեղեցին, չի կարող արգելել, - եզրափակել է «Առավոտ»-ը: - «Ժողովուրդն էլ, կարծես, հակված չէ դրանք դիտել, որովհետեւ հասկացել է, որ այդ բազմամյա տեսարաններից հացը չի ավելանում: Բայց նրանք, ովքեր դեռ մնացել են, ստիպված կլինեն այդ ամենին հետեւել. ուրիշ զբաղմունք չկա»:

«Ազգային ժողովրդավարական դաշինքը սեպտեմբերի 7-ին, ընդդեմ րոպեավճարի ներդրման, «Ազատության» հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին: Քաղաքապետարանից, սակայն, ԱԺԴ-ին պատասխանել են, որ սեպտեմբերի 1 -ից հոկտեմբերի 15 -ի 18.00-ից 21.00 -ն «Ազատության» հրապարակում Անկախության 10-ամյակի հետ կապված միջոցառումներ են նախատեսված, եւ այդ ժամերին հանրահավաք կազմակերպելու թույլտվություն չեն կարող տալ: Սա նշանակում է, որ մեր իշխանությունները լուրջ են պատրաստվել քաղաքական թեժ աշնանը», - այլ խորքեր է մատնանշում «Հայկական ժամանակ» թերթը, փոխանցելով նաեւ, որ օրերս Արարատի մարզպետարանի ընդլայնված նիստի ժամանակ էլ, օրինակ, «մարզպետը խիստ հրահանգ է տվել բոլոր համայնքապետերին, որ եթե հանկարծ որեւէ կուսակցություն գա ու ասի, թե այս կամ այն համայնքում միջոցառում պիտի անցկացնեն, ոչ մի դեպքում նրանց դահլիճ չտրամադրել»: «Ակնհայտ է, որ Արարատի մարզպետը տնային առաջադրանք է ստացել՝ ցանկացած գնով խոչընդոտել «Հանրապետություն» կուսակցության նախահամագումարյան հանդիպումները», - բացում է «Հայկական ժամանակ»-ը, միաժամանակ բերելով համայնքապետերից մեկի խոսքը, թե՝ «մենակ թող «Հանրապետությունն» ու ՀԺԿ-ն գան՝ դհոլ-զուռնայով ենք դիմավորելու»:

«Հայոց Աշխարհ» թերթում պարզաբանելով Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հետ հանդիպման որոշ մանրամասներ, Ազգային ժողովի պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը նախ նշում է. «Հրավիրված չէին ո'չ ՀՀԿ-ն, ո'չ ՀԺԿ-ն, եւ ո'չ էլ ուրիշներ: Փոխարենը հրավիրված էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը: Թեպետ ես դա ողջունելի եմ համարում, բայց հրավիրյալների ընտրության սկզբունքը մնաց անհասկանալի: Հանդիպման ձեւն էլ իրեն չարդարացրեց, որովհետեւ մարդիկ ելույթ էին ունենում ավելի շատ միմյանց ինչ-որ բան ասելու, քան ամերիկյան հյուրին պարզաբանումներ տալու համար: Հենց սկզբից որոշ քաղաքական գործիչների կողմից հնչեցին Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու, նախագահի ոչ լեգիտիմության մասին կոչեր, նշվեց, թե հույսը, հավատը եւ այս երկրում ապրելու ցանկությունը իսպառ վերացել է, եւ Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներից ամենավատ վիճակում է գտնվում: Իմ կողմից հայտնվել է այն տեսակետը, որ, անշուշտ, երկրի գործադիր իշխանությունը պատասխանատվություն է կրում կոռուպցիայի տիրող մթնոլորտի համար», - ասում է Վահան Հովհաննիսյանը: - «Բայց նշել եմ նաեւ, որ նախագահը մեկ տարուց ավելի ժամանակ ունի կատարելու իր նախընտրական խոստումները»:

«Չեք կարծում, որ ԱՄՆ-ի դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ կոշտացման միտում ունեն, եւ գուցե հավաքը միտումնավոր էր այդպես կազմակերպված, որպեսզի վատ տպավորություն ստեղծվի». այս հարցին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը պատասխանում է. «Չեմ բացառում, որ կարող է եւ այդպես լինել: Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչ Քերի Քավանոյի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել հենց կոշտացման միտումներով: Բայց վերջնական տեսակետ այս կապակցությամբ հայտնելը վաղ է»:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով էլ, «ներկայացուցչի փոփոխությունը կարող է նաեւ նշանակել ԱՄՆ քաղաքականության որոշ փոփոխություն: Բայց դա ավելի որոշակի կդառնա Մինսկի խմբի համանախագահների սեպտեմբերյան հանդիպումից հետո», - ավելացնում է նա «Հայոց Աշպարհ»-ի հարցազրույցում: - «Ինձ համար այս պահին մի բան է որոշակի՝ համանախագահները հակամարտությունը սառեցնելու միտում կարծես թե չունեն»: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք տեղական ինքնակառավարման ընտրությունների կապակցությամբ Եվրախորհրդի ղեկավարության հայտարարությանը, Հովհաննես Հովհաննիսյանը, որը նաեւ Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է, «Ադրբեջանի քարոզչական հաղթանակն իրենց թույլ դիվանագիտության հետեւանք չի համարում» («Ազգ»): Միաժամանակ համադրում է, որ Ադրբեջանը Թուրքիայի բազմափորձ պատվիրակության հետ միասին Ստրասբուրգում անհամեմատ մեծ ներկայություն է:

«Չենք ուզում ԵԽ ամբիոնը վերածել կռվշտոցի վայրի, որտեղ ողջ Եվրոպայի առջեւ մենք եւ ադրբեջանցիները սուտ կամ ճիշտ մեղադրանքներով հանդես գանք... Եթե ընտրում ենք պայքարելու աշխատաոճ, ապա, հավատացեք, մենք շատ ճիշտ կամ մի քիչ ոչ ճիշտ հայտարարություններով, բանաձեւերով կարող ենք հանդես գալ», - ասել է Հովհաննես Հովհաննիսյանը «Ազգ»-ի թղթակցին: Իսկ «Հայոց Աշխարհ»-ում լավատեսորեն նախանշում է. «Պատկերացնենք, որ Եվրախորհուրդը որոշ դերակատարություն է ստանձնում ղարաբաղյան գործընթացում: Ժամանակի ընթացքում նրանք կծանոթանան Ադրբեջանի անհանդուրժող եւ կարծր, Եվրախորհրդի չափանիշներին որեւէ կերպ չհամապատասխանող դիրքորոշումներին: Դրանից հետո Եվրախորհուրդը նրանցից կպահանջի մեղմել իրենց կեցվածքը: Հենց սա է պատճառը, որ ես առանձնապես մտահոգ չեմ այս հայտարարությամբ, որովհետեւ դեռ պարզ չէ, թե ի վերջո, ով կշահի»:

Հայ միջազգային տնտեսական գործակցության դաշտում, ինչպես նկատում է «Երկիր»-ի մեկնաբանը, Երեւանի կոնյակի գործարանի եւ գյուղնախարարության բարդ հարաբերությունները չի սքողում նաեւ ֆրանսիական նրբանկատությունը: Առաջինի տնօրեն Պիեռ Լառեչը նրան ասել է. - «Զավեն Գեւորգյանը շատ համակրելի մարդ է, շատ ծանր աշխատանքի է, բայց որոշ հարցերում մենք տարբեր մոտեցումներ ունենք: Ինձ թվում է՝ Զավեն Գեւորգյանը թվերը ձեւախեղելու հակում ունի. երբ մենք ասում ենք, թե կմթերենք «13000 տոննա», ինքը լսում է «26000 տոննա»: Գտնում եմ նաեւ, որ պրն նախարարը իր որոշ հայտարարություններում շատ լավատես է: Եթե ասվում է, որ հանրապետությունում արտադրվում է 100 հազար տոննա խաղող, դա ավելի շատ անցյալին է վերաբերում, քան ներկային: Մանրակրկիտ վերլուծություններից հետո մենք հայտարարում ենք, թե այդ տարի սպասվում է 50-55 տոննա խաղողի բերք... Մի քանի փոքր թերություններից զատ, մենք միշտ հաճույքով ենք հանդիպում»: «Հենց այդպիսի մի քանի փոքր թերությունները շատ ծանր են ազդում մեր տնտեսության վրա», - շեշտում է մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG