Մատչելիության հղումներ

logo-print

Ցլամարտը Երեւանում կկայանա


Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն այսօր հայտարարեց, որ ցլամարտերը Երեւանի հանրապետական մարզադաշտում սեպտեմբերի 7-9-ը, անկասկած, կկայանան: «Դա աշխարհիկ միջոցառում է», - ասաց նա, նկատի ունենալով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի երեքշաբթի երեկոյան տարածած հայտարարությունը, որում Հայ Առաքելական եկեղեցին դեմ էր արտահայտվել այդ միջոցառման անցկացմանը:

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր պատասխանելով լրագրողների հարցին ասաց. - «Եկեղեցին իր տեսակետը արտահայտել է, եւ վստահ ենք, որ մեր հորդորը, մեր պատգամը կլսվի մեր հավատացյալ ժողովրդի կողմից եւ համապատասխան կեցվածք եւ վերաբերմունք կդրսեւորվի»՝ փաստորեն կոչ անելով ժողովրդին ձեռնպահ մնալ ցլամարտերը դիտելուց:

Միեւնույն ժամանակ, Երեւանում ցլամարտերը կազմակերպող «Վալենսիա» եւ «Իքս Գրուփ» ընկերություններն արդեն ավարտին են հասցնում նախապատրաստական աշխատանքները: Երեկ երեկոյան ինքնաթիռով Երեւան են բերվել 14 ցուլերը: Մոտ օրերս կժամանեն նաեւ իսպանացի ցլամարտիկները:

«Իքս Գրուփ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչիկյանը հրաժարվեց նշել ցլամարտերի կազմակերպման նպատակով ծախսված գումարը, ասելով, որ դա առեւտրային գաղտնիք է: Տոմսերի արժեքը 2000-15000 դրամ է: Ըստ Խաչիկյանի, կազմակերպիչները հայտեր են ստացել ոչ միայն Հայաստանից, այլեւ հարեւան Վրաստանից:

Հայաստանի կենդանապաշտպան կազմակերպություններն առայժմ չեն արձագանքել երեւանյան ցլամարտերի դեմ գերմանական «Անտի-կորրիդա նախաձեռնություն» խմբի համաշխարհային քարոզարշավին: Ինտերնետի միջոցով տարածված հայտարարությամբ խումբը հորդորել է իր համակիրներին բողոքի նամակներ հղել Հայաստանի իշխանություններին եւ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին, որը սեպտեմբերի վերջին ժամանելու է Հայաստան:


Հրաչ Մելքումյան եւ Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG