Մատչելիության հղումներ

Էջմիածինը դեմ է ցլամարտի անցկացմանը





Հայ Առաքելական եկեղեցին հերքել է իր մասնակցությունը առաջիկայում Երեւանում անցկացվելիք ցլամարտի կազմակերպմանը, հայտարարելով, որ մասնավոր նախաձեռնությամբ կազմակերպվող այդ միջոցառումը որեւէ կապ չունի Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների հետ: Արձագանքելով միջազգային կենդանապաշտպան եւ հասարակական կազմակերպությունների բողոքներին, եկեղեցին հայտարարել է, որ չի քաջալերում իսպանական ցլամարտի անցկացումը Երեւանի հանրապետական մարզադաշտում:

Իսպանացի չորս ցլամարտիկների եւ 14 ցուլերի մասնակցությամբ Երեւանում սեպտեմբերի 7-9-ը անցկացվելիք ցլամարտերը կազմակերպել է հայ-իսպանական «Վալենսիա» համատեղ ձեռնարկությունը:

Գերմանական «Անտի-կորրիդա նախաձեռնություն» խումբը աշխարհով մեկ քարոզարշավ է սկսել ընդդեմ ծրագրված միջոցառումների, կապելով դրանք 1700-ամյակի տոնակատարություններին: Խումբը հորդորում է իր համակիրներին բողոքի նամակներ հղել Հայաստանի իշխանություններին եւ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին, որը սեպտեմբերի վերջին ժամանելու է Հայաստան:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի երեքշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ Հայ Առաքելական եկեղեցին հերքում է այդ պնդումները եւ կտրականապես դեմ է արտահայտվում ծրագրված ցլամարտերի անցկացմանը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ բազմաթիվ բողոքի նամակներ են ստացվել միջազգային կենդանապաշտպան եւ հասարակական կազմակերպություններից, հոգեւոր հայրերից եւ անհատ անձանցից:

«Հայ Առաքելական եկեղեցին չի ընդունում եւ չի սատարում զվարճանքային այնպիսի միջոցառումները, որպիսիք արյունալի տեսարաններ են մատուցում զանգվածներին՝ հիմնովին խաթարելով հատկապես մանուկների, պատանիների եւ երիտասարդների հոգեւոր կերտվածքը, ձեւախեղելով քրիստոնեական բարոյականության եւ քրիստոնեական կենսակերպի չափանիշները», - ասված է հաղորդագրության մեջ:

Ցլամարտերի անցկացման եւ 1700-ամյակի տոնակատարությունների միջեւ կապը հերքեցին նաեւ միջոցառման կազմակերպիչները: Երեւանում «Ջրաշխարհ»-ն եւ հրաձգարանը տնօրինող«Վալենսիա» ընկերության ներկայացուցիչն իր անհաձայնությունը հայտնեց եկեղեցու կողմից ներկայացված մեղադրանքներին, ասելով, որ ընկերությունը հուսով է, որ իշխանությունները չեն արգելի ցլամարտերը:

Ընկերության ներկայացուցիչ Առնո Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ցլամարտերի կազմակերպման հիմնական նպատակը «իսպանական մշակույթը Հայաստանին ներկայացնելն է»: «Ցլամարտը արվեստի մի տեսակ է», - ասաց նա, ավելացնելով, որ ցլամարտիկները Երեւանում ցուլերին չեն սպանելու:

Գերմանական խումբը, սակայն, պնդում է, որ «թեեւ ցուլերը մարտի ժամանակ չեն սպանվելու, նրանք կտտանքների են ենթարկվելու»:
«Հայաստանը հարուստ արվեստ ու բանահյուսություն ունի եւ կարիք չունի արյունոտ ներկայացումների», - ասված է Ինտերնետի միջոցով տարածված խմբի ահազանգում:

Սարգսյանը, ի հակադրութոյւն, պնդում է, որ հատուկ բուծված կենդանիներին հասցվելու են սոսկ «թեթեւ վնասվածքներ»: Ցուլերի առաջին խումբը ինքնաթիռով Հայաստան է բերվելու չորեքշաբթի երեկոյան: Միաժամանակ, հանրապետական մարզադաշտում նախապատրաստվում է մարտահրապարակը: Խոտածածկ դաշտի մի մասը ծածկվելու է 20 սանտիմետրանոց ավազաշերտով: Մետաղական ցանկապատը պաշտպանելու է հանդիսատեսներին ցուլերի հնարավոր հարձակումներից:

Ցլամարտ անցկացնելու ծրագրերը հակասություններ են առաջացրել նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքում: Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը արգելել է սեպտեմբերի 8-9-ին ծրագրված պորտուգալական ցլամարտերը, փաստարկելով, որ «դրանք հակադրվում են ռուսական ավանդույթներին»: Կազմակերպիչները, սակայն, ասում են, որ իրենք կհաղթահարեն արգելքը, իսկ անհաջողության դեպքում դատի կտան իշխանություններին:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG