Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք-հայկական հաշտեցման հանձնախումբը կհանդիպի սեպտեմբերի վերջին


Ինչպես հայտնի դարձավ այսօր, թուրք-հայկական հաշտեցման հանձնախումբն իր հաջորդ հանդիպումն անցկացվելու է Ստամբուլում սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում: Այդ մասնավոր հանձնախմբի չորս հայ անդամներից մեկը՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ սեպտեմբերի 23-ին մեկնելու է Ստամբուլ՝ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Արզումանյանը հրաժարվեց մանրամասներ հաղորդել հանդիպման մասին՝ ներառյալ դրա տեւողությունն ու օրակարգը: Նա ասաց, որ ինքը եւ հանձնախմբի մյուս երեք հայ անդամները, որոնց ընդդիմախոսները մեղադրում են 1915 թվականի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը խոչընդոտելու համար, պայմանավորվել են հանձնախմբի աշխատանքների վերաբերյալ հրապարակային մեկնաբանություններով հանդես չգալ:

Հայաստանի եւ Թուրքիայի նախկին բարձրաստիճան դիվանագետներից կազմված հանձնախմբի գոյության մասին պաշտոնապես հայտարարվել էր հուլիսի 9-ին Ժնեւում՝ մի քանի ամիս գաղտնի բանակցություններից հետո: Հայտարարվել էր, որ հանձնախմբի նպատակը «հայերի եւ թուրքերի միջեւ փոխհասկացողության հասնելը եւ Հայաստանի ու Թուրքիայի փոխհարաբերությունների բարելավումը խթանելն է»:

Նախաձեռնության ընդդիմախոսները, որոնք հիմնականում հայեր են, պնդում են, որ այն մաս է կազմում Արեւմուտքի երկրների օրեսդիրների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելուն ուղղված Անկարայի ջանքերին: Հանձնախմբի հայ անդամները, սակայն, ինչպես նաեւ նրանց աջակիցները կարծում են, որ նախաձեռնությունը կարող է հիմք դառնալ Թուրքիայի կողմից ցեղասպանությունը հերքելու քաղաքականության փոփոխության:

Երեքշաբթի հանձնախումբը անուղղակի աջակցություն ստացավ Միացյալ Նահանգների կողմից: Պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը Երեւանում լրագրողների ասաց, որ Վաշինգտոնը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որի նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի կապերի նորմալացումն է: Ջոնսը, այդուհանդերձ, հերքեց ԱՄՆ-ի կառավարության մասնակցությունն այդ «մասնավոր» երկխոսությանը:

Արեւմտյան որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ակտիվորեն խրախուսել է հանձնախմբի ստեղծմանը նախորդած գաղտնի բանակցությունները:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG