Մատչելիության հղումներ

logo-print

Արմավիրի մարզի ջրամատակարարումը կվերականգնվի գերմանական վարկի միջոցներով


Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության անդրկովկասյան տարածաշրջանի համակարգող Թոմաս Հելֆմանը այսօր Երեւանում 20 միլիոն մարկ արժողության արտոնյալ վարկի հատկացման պայմանագիր ստորագրեցին։

Վարկի գումարը ծախսվելու է Արմավիրի մարզի 11 համայնքների ջրամատակարման ու ջրահեռացման համակարգի վերականգման նպատակով։

«Վերջին երկու տարիներին ամռանը Արմավիրի մարզում վտանգ կար վարակիչ հիվանդությունների բռնկումների: Այսօր մենք սկիզբ դրեցինք այդ խնդիրների լուծմանը: Այս ծրագրով մենք 5 տարվա ընթացքում անհրաժեշտ որակի, էկոլոգիապես մաքուր ջրով կապահովենք շուրջօրյա ջրամատակարում», - փաստաթղթի ստորագրումից հետո ասաց Վարդան Խաչատրյանը:

1998 թվականին հենց Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի ջրամբարներից մեկում էր հայտնաբերվել եւ բարեբախտաբար լոկալացվել ախտածին խոլերայի բռնկման օջախը:

Վարդան խաչատրյանն այսօր փոխանցեց նաեւ գերմանական կողմի պատրաստակամությունը` համակովկասյան նշանակության ներդրումային ծրագրեր ֆինանսավորելու հարցում։ Մասնավորապես, Գերմանիայի կառավարությունը պատրաստ է արդեն այժմ 22 միլիոն գերմանական մարկ հատկացնել տարածաշրջանային ընդգրկում ունեցող առողջապահական, էկոլոգիական եւ էներգետիկ ծրագրերին։

Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության տարածաշրջանային համակարգող Թոմաս Հելֆմանը համատեղ բրիֆինգի ընթացքում այս կապակցությամբ շեշտեց, թե գերմանական կողմը պատրաստ է նման ծրագրերին ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել, եթե տարածաշրջանի երկրները իրենք համագործակցության գնան ու ընտրեն իրենց համար ընդհանուր նշանակության թեմաներն ու ոլորտները:

Մինչ այժմ Գերմանիայի կողմից Հայաստանին ցուցաբերած ամենախոշոր վարկային օժանդակությունը Քանաքեռի ՀԷԿ-ի վերականգման նպատակով հատկացված 25 միլիոն մարկի արտոնյալ վարկն է։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG